Ներդրումները հայրենիք չեն ճանաչում

Ներդրումները հայրենիք չեն ճանաչում

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում վերլուծել էր Հայաստանում ներդրումների բացակայության պատճառը և նշել, երակարաժամկետ բացակայությունը կարող է հանգեցնել ռեցեսիայի: Տնտեսագետը ներկայացրել էր ներդրողին հետաքրքրող մի շարք նախադրյալներ, որոնք գրեթե բոլորն էլ Հայաստանում չկան․ լայն սպառում ունեցող շուկա, էժան և որակյալ աշխատուժ, ցածր հարկեր, մեղմ հարկային վարչարարություն, էժան ֆինանսական միջոցներ, բաց սահմաններ, չպատերազմող երկիր, ներքաղաքական կայուն մթնոլորտ, կանխատեսելիություն, կշռադատված քաղաքական հայտարարություններ և այլն։

Ցանկ, որ դեռ երկար կարելի է թվարկել: «Հրապարակի» հետ զրույցում Նաիրի Սարգսյանն ասաց, որ չէր ցանկանա, որ բոլոր նախադրյալներից միայն էժան աշխատատուժն առկա լիներ Հայաստանում։  Նրա գնահատմամբ՝ այս ցանկում կան լուծվող և չլուծվող խնդիրներ, որոնցից են  փակ սահմաններն ու Արցախյան հիմնախնդիրը։ Հետևաբար, տնտեսագետի կարծիքով՝ մյուս գործիքներով այնքան բարենպաստ վիճակ պետք է ստեղծվի, որ մյուս չլուծվող խնդիրները հնարավորիս նեղ ազդեցություն թողնեն տնտեսության վրա։Օրինակ՝ մենք պետք է արտահանման խթանման քաղաքականություն վարենք, թեթև արդյունաբերության՝ տեքստիլ ոլորտ, որը Հայաստանում համարվում է զարգացող ճյուղ։ «Ալեքս» տեքստիլ, «Տավուշ տեքստիլ», «Գլորիա». շատ լուրջ ընկերություններ են, և աշխարհում տեքստիլ արդյունաբերության մեջ ներդրվող գումարները այսօրվա դրությամբ ուղղվում են դեպի Աֆրիկա, որովհետև շատ էժան է աշխատուժը։ Փոխարենը, եթե մենք հարկային որոշակի արտոնություններ տրամադրենք բացառապես արտահանման համար տեքստիլ արդյունաբերությանը, ոչ թե տեղական սպառմանը վերաբերող գործունեության, արտոնությունը լինի շահութահարկի 5 տոկոս դրույքաչափ, այնտեղ կարելի է աշխատանքի նվազագույն քանակ նշել, աշխատավարձի նվազագույն չափ նշել, որպեսզի այդ արտոնությունից օգտվեն, դա կփոխլրացնի և լրացուցիչ գումարներ կներգրավվեն։ Ես շատ մարդկանց եմ ճանաչում, որոնք կարող են դրսից ներդրումներ անել։ Բայց փաստացի այդ ներդրումները չկան և մեր տնտեսությունը չի զարգանում, արտահանման ծավալները չեն ավելանում, մենք զբաղվածության խնդիրը չենք կարողանում լուծել»,-ասում է տնտեսագետը։

Գյուղատնտեսություն։ Տնտեսագետն ասում է՝ ամբողջ աշխարհը վաղուց հրաժարվել է ավանդական այգիների գաղափարից,կառավարությունն այդ մասին որոշում է ընդունում։ «Այս պանդեմիան բոլորին սթափության կոչ արեց, որ ազգեր, երկրնե՛ր, ձեր պարենային անվտանգության հարցը լուծեք, իսկ մեր կառավարությունը հայտարարություն է տարածել, որ «մենք 40-50 օր պարենով ապահովված ենք»։ Սա շատ վատ ցուցանիշ է։ Այնինչ կարելի է ֆինանսավորել գյուղատնտեսության զարգացման այլ մոդել․ ոչ թե գյուղացուն գումարը տրամադրել կամ արտոնյալ վարկ տրամադրել։ Ինչո՞ւ, տեսեք՝ մեր գյուղացիները թամբալ են։ Իհարկե՝ ոչ բոլորը, բայց այդ գումարները, շատ դեպքերում, վարկը ստանում են, մեքենա են առնում, հաջորդ տարի ասում են՝ չեն կարող փակել, բայց եթե մենք փողը կտրենք իրենցից և դա այլ տեսքով տրամադրենք, հողատարածքներ, ոռոգման ցանցերը, ենթակառուցվածքները բերենք հասցնենք ընդունելի և օգտագործելի մակարդակի, մենք գյուղատնտեսությունը զարգացնելու ռեալ շանսեր ունենք»,-ասում է Նաիրի Սարգսյանը։ Նա նշում է, որ գյուղացիությանը ահավոր վնասում է հարկային վարչարարությունը։

Օրինակ՝ կազմակերպությունները գյուղացիներից ձեռք են բերում գյուղատնտեսական արտադրանքներ, հարկային մարմինն ասում է՝ ես ինչ իմանամ, իր հողինն է վաճառել, թե՞ վերավաճառող է։«Եկեք պայմանական թիվ վերցնենք՝ 1000 գյուղացի, և մեր համար, ինչպես պետություն, ի՞նչ տարբերություն, թե այդ 100-ը կարտոֆիլ է արտադրում, մյուս հարյուրը՝ խնձոր, մյուսն էլ՝ միրգ ու բանջարեղեն և կոնկրետ հասկանանք՝ ո՞ր գյուղացին էր, թե իրենք կարող են իրար հետ բարտեր անել ու էլի դա տրամադրել վերավաճառող կազմակերպություններին, որովհետև փաստն այն է, որ այ այս երկրում է այն արտադրվում, դա հաստատ ներմուծածը չէ»։

Մինչդեռ, Նաիրի Սարգսյանի խոսքով՝ այդ մարդկանց բացահայտելու համար հարկային մարմինը գործերն ուղարկում է քննչական մարմիններին։Սա Նաիրի Սարգսյանի խոսքով՝ գյուղատնտեսության վերջն է։ «Գյուղացուն, եթե մի անգամ քննիչը կանչի, էդ մարդն իրավագետ չի, չգիտի,թե վերավաճառողի ո՞ր վարքագծի համար են իրեն կանչել, նա էլ հող չի մշակի»,-ասում է Նաիրի Սարգսյանը։ Հիշեցնենք, որ գյուղատնտեսական մթերքների վաճառքը ազատված է եկամտային հարկից, իսկ վերավաճառողը հարկվում է։

Անշարժ գույքի հարկման կառավարության նախաձեռնության մասին Աուդիտորների պալատի նախագահն ասաց՝ առաջին քննադատողներից մեկը ես եմ։ Սա նա համարում է վատագույն որոշում։ «Ինչո՞ւ, ընդհանուր առմամբ, մարդկությունն ունի հետևյալ նպատակները․ աշխատել, դրա որոշակի մասը սպառել, որոշակի մասը խնայել՝ իր հետագա բարեկեցիկ ծերությունն ապահովելու համար։ Բոլոր մարդիկ մտածում են՝ ինչո՞վ եմ ես ապրելու․ պասիվ եկամտի աղբյուր են ստեղծում, որ գույք կամ սարքավորում ձեռք բերեն, դրա վճարներից եկամուտ ունենան այդ տանջած, չարչարված գումարով»։

Սակայն գույքահարկի ավելացմամբ՝ պետությունը խրախուսում է, որ մարդիկ չդնեն այդ գումարներն անշարժ գույքի մեջ։

«Եվ ես միշտ հայտարարում եմ, որ բիզնեսը հայրենիք չունի, մարդը ներդրում է անում այնտեղ, որտեղ իրեն ավելի լավ պայմաններ են առաջարկում։ Այսինքն՝ եթե մարդը  ցանկանում էր 50 հազար դոլարով Երևանում բնակարան գնել ու վարձով տալ ու հետո տեսնում է, որ գույքային բեռն այնքան բարձր է, որ շահութաբեր չէ, ինքը այդ բնակարանը կգնի Վրաստանում»։

Իսկ այնտեղ, ըստ տնտեսագետի, շատ ավելի մատչելի է՝ շնորհիվ հարկային քաղաքականության։