Աստանայում ադրբեջանցու սպանության կասկածյալի հայրը հանդիպել է ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ 

Աստանայում ադրբեջանցու սպանության կասկածյալի հայրը հանդիպել է ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ 

Oրերս ժլատ տեղեկատվություն տարածվեց, որ Ղազախստանի մայրաքաղաքում հայերի ու ադրբեջանցիների միջև «Նուրսուլթան» կոչվող սրճարանում ծագած կռվի ժամանակ 19-ամյա Թուրալ Օղլու Թեյմուրովին հայը մահացու վիրավորել է սրտի շրջանում։ Մեզ հաջողվեց պարզել և կապ հաստատել ադրբեջանցուն սպանած հայ երիտասարդի հոր և մոր հետ, և վերջինիս խնդրանքով, մինչև հանգամանքների ամբողջական պարզաբանումը նրա անուն-ազգանվան տվյալները փոփոխված են։

Պողոս Մ․-ի հայրը՝ Գարիկ Մ․-ն, «Հրապարակին» հայտնեց, որ որդին դիմել է ինքնապաշտպանության։ «Ինքն այլ ելք չուներ, երբ իրեն առավոտյան ժամը վեցին դուրս էին հրավիրել այն օբյեկտից, որտեղ աշխատում էր, երեք հոգով հարձակվել էին իր վրա, գցել գետնին ու ձների ու սառույցների վրայով քարշ տվել, վերջում էրեխեն, արդեն չորեքթաթ վիճակում, չի դիմանում, ձեռքի տակ փայտ է գտնում, ավելի ճիշտ՝ դանակը գրպանից հանում է ու  խփում: Ոչ թե խփում է, այլ հրում ա իրեն խփողներին, ու կպնում ա էդ տղայի սրտին»։

Սա նրա պատասխանն էր հարցին, թե որդին ընդունո՞ւմ է իր մեղքը։ Կրկնեց․ «Իր մեղքը նրանում է, որ ինքն իրեն պաշտպանել է»։

Երիտասարդի հայրը կտրականապես հերքում էր, թե միջադեպը տեղի է ունեցել ազգամիջյան հողի վրա։ «Ազգամիջյան հողի վրա ոչ մի հարց չկա։ Նրանք էդ վիճաբանությունից կես ժամ առաջ նստել են մի սեղանի շուրջ, ընդհանուր այլ ընկերներ են եղել․․․ իմ տղան է եղել, երեք հատ ադրբեջանցի, 2 ռուս աղջիկ։ Նման հարց բարձրացված չէ»։

Ավելին՝ տղայի հայրն ասում է, որ հանդիպել է Աստանայում ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, քննարկել են հարցը, ու նրանք էլ, թեև չեն բարձրաձայնում, բայց ներքին զրույցներում ասել են, որ սպանված ադրբեջանցին պրոբլեմատիկ տղա է։

Պողոսի ծնողներն ասացին, որ տղան եղել է կնոջ հետ, իսկ սրճարանը որդին աշխատեցնելիս է եղել հսկայական վարկեր վերցնելու ու առավոտից իրիկուն այնտեղ լինելու գնով։

Հիշեցնենք, որ 2018-ի տարեվերջին Ղազախստանում՝ այս անգամ էլ Կարագանդայում, հայերի ու ադրբեջանցիների միջև ազգամիջյան բախումների հողի վրա մի ոչ պակաս աղմկահարույց դեպք տեղի ունեցավ Կարագանդայի «Հին Հռոմ» անունով սրճարանում, և այն ժամանակ ադրբեջանական օգտատերն ու լրատվամիջոցները կաշվից դուրս էին գալիս կատարվածին սադրիչ ու ազգամիջյան երանգ հաղորդելու ու դրանում նաև ղազախներին ներքաշելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն էլ անթաքույց  ռեպորտաժ էր պատրաստել և բարձրացնում էր հարցը, թե երկրում տիրում է սոցիալական անարդարություն, հարուստների ու աղքատների միջև առկա ջրբաժան, իսկ հայկական համայնքն էլ ներկայացվում էր որպես մի համայնք, որը Ղազախստանում լուռ առաջ է տանում բիզնես շահերը, և, հետևաբար, նրանց պետք է վտարել։ «Հրապարակը» ևս Կարագանդայի սկանդալի լուսաբանման ժամանակ գրել էր, որ, իհարկե, տրամադրությունների հրահրմանը նպաստում է նաև տարրական նախանձը․ Ղազախստանի հայերը, մեղմ ասած, աղքատ մարդիկ չեն և հիմնականում ընդգրկված են շինարարական, ասֆալտապատման բիզնեսներում։ Ղազախստանում, ոչ պաշտոնական տվյալներով, բնակվում է շուրջ 100 հազար հայ: Ինչևէ, նաև պաշտոնական Երևանի կողմից դիվանագիտական խողովակներով որոշ մեսիջների փոխանցումից հետո կարագանդյան հիստերիան գնաց մարման, և պաշտոնական Ղազախստանը ևս տևական լռությունից հետո սկսեց հերքել վարկածը, թե ծեծկռտուքը եղել է ազգային դրդապատճառներով։ Տեղեկատվությանն իր բաժին «աղն էր ցանում» ադրբեջանական մամուլը` փորձելով առիթն օգտագործել հակահայկական քարոզչության և հայ-ղազախական հարաբերությունները փչացնելու համար։

Ադրբեջանական Trend.az կայքը, չխուսափելով Կարագանդայում տեղի ունեցածը բնորոշել որպես ազգամիջյան խնդիր, «հիշեցրեց» ընթերցողներին, թե ինչպես է Խորհրդային Ղազախստանի հայազգի ղեկավարը ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացրել Ղազախստանի կազմում։
Նույն կայքի մեկ այլ հոդվածում Ադրբեջանի խորհրդարանի անդամ, ադրբեջանա-ղազախական հարաբերությունների միջկառավարական խմբի անդամ Այդին Միրզազադեն նշում էր, որ չնայած հայերն ակտիվ հասարակական կյանքով են ապրում Ղազախստանում, չեն թաքցնում իրենց ագրեսիան տեղի բնակչության նկատմամբ, ինչի հետևանքն էլ այս սպանությունն էր։ Ըստ քաղաքական գործչի՝ ղազախների բողոքի ակցիան նշանակում է, որ իրենք արդեն հոգնել են հայերի գործողություններից։

Պողոսի ծնողները որդու համար փաստաբան են վարձել։ Տղայի մայրը չգիտեր, թե որդին ինչ հոգեվիճակում է։ Ասաց՝ երևի վատ։

Մարտի 9-ին  Աստանայի ընդհանուր իրավասության դատարանը  բավարարել է նախաքննական մարմնի՝ Պողոսին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նշենք, որ երիտասարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, այլ`  ՌԴ-ի։