Քաղաքական կոնյունկտուրայի զոհը

Քաղաքական կոնյունկտուրայի զոհը

Խորհրդարանական կառավարման (գոնե՝ Սահմանադրությամբ) մեր երկիրը սահուն և հստակ թևակոխում է երկիշխանության փուլ․ ակնհայտ կերպով իրար են հակադրվում իշխանության երկու կարևորագույն ինստիտուտները՝ նախագահը և վարչապետը։

Ընդսմին՝ դա միայն քաղաքական երկիշխանություն չէ (այդ մասին` ստորև)։ Սա աննախադեպ բան է նախ այն առումով, որ փաստորեն այս ինստիտուտների միջև անջրպետն այնքան խորացած է, որ նրանք չեն կարողանում «տեղավորվել» նույնիսկ այնպիսի ողբերգական թեմայի մեջ, ինչպիսին պատերազմի զոհերի հիշատակի ոգեկոչումն է։ 

Բանն այն է, որ մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հայտարարում է դեկտեմբերի 19-21-ը երկրում եռօրյա սուգ հայտարարելու մասին, մեկ օր չանցած հիշատակի մեկ այլ համազգային արարողության մասին է հայտարարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ուշագրավ է, որ վերջինս հանդես է գալիս հոգևոր «տանդեմով»․ նրան է միացել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Այնպիսի  տպավորություւն է, թե նախագահը հոգևոր հովվապետի հետ ցանկանում է նոյեմբերի 22-ի կիրակիով «կտրել» իշխանությունների հայտարարած սգո օրերը՝ հենց այդ օրը հայտարարելով «արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր»։

Երկիշխանության այս նոր դրսևորումը որքան որ տարօրինակ է (հատկապես հոգևոր բաղադրիչի ներառմամբ), այնքան էլ, սակայն, հատկանշական մեր երկրում ստեղծված քաղաքական և կառավարական խոր ճգնաժամին։ Ակնհայտ է, որ իշխանությունը Ն․ Փաշինյանի ձեռքից սահում է, և եթե ի միտ բերենք այն ըմբռնողական վերաբերմունքը, որ նախագահ-կաթողիկոս տանդեմի կողմից առկա է ընդդիմության առաջադրած վարչապետի թեկնածուի հանդեպ, կարելի է հստակ ասել նաև, թե դեպի ո՛ւր է սահում իշխանությունը։

Անշուշտ, կլինեն մեկնաբանություններ, թե այս երկու հայտարարությունները ոչ միայն չեն հակասում միմյանց, այլև մեկը մյուսով ամբողջանում են, կլինեն նաև այդ հայտարարությունը իշխանությունների կողմից վերջերս շատ շահարկված՝ տեռորի և մեդիատեռորի համատեքստում դիտարկող վերլուծություններ, սակայն նախագահ-կաթողիկոս սեպարատ հայտարարության փաստից արդեն ակնհայտ է, որ իշխանության հականիկոլական հատվածը և հոգևոր դասը գնում են առանձին ճանապարհով, ճանապարհ, որ Փաշինյանի ճանապարհին ոչ միայն զուգահետռ չէ, այլև չի էլ հատվում։

Մնում է ափսոսանք և ցավ հայտնել, որ իրավիճակով թելադրված՝ ազգային ողբերգության հենց այս թեման պիտի դառնար քաղաքական կոնյունկտուրայի յուրօրինակ զոհը։