Հիմա էլ՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչն ա մեղավոր

Հիմա էլ՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչն ա մեղավոր

Հիմա էլ ՀՀ իշխանական շրջանակներից սկսեցին մեղադրել ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչին, թե նրա ելույթը լավը չէր, հասցեական չէր… էս ինչ կեղտոտ պադյեզդ ա, Հիտլերը տեղում չէր… Ասում են՝ ուրիշ երկրների ներկայացուցիչներն ավելի լավ ելույթներ ունեցան, դատապարտեցին Ադրբեջանի բնապահպաններին, պահանջեցին միջանցքը բացել, որ Արցախի ժողովրդին սնունդ ու ջերմություն հասցվի:

Ի դեպ՝ շատ հետաքրքիր իրավիճակ է: ՀՀ իշխանություններին, պարզվում է, ավելի հաճելի է լսել արեւմտյան երկրների՝ Ադրբեջանին ուղղված  «հասցեական» քննադատություններն ու «սրտակեղեք» վաշվիշը Արցախի հարցով, քան թե ռուսական կողմի բացահայտումն այն մասին, որ այս ամենն Արցախի տարածքում գտնվող այն հանքավայրերի համար է, որոնց նկատմամբ իր «սեփականատիրական» նկրտումներն ունի անգլիական Anglo Asian Mining ընկերությունը: Եթե ՀՀ իշխանությունները տակավին չգիտեն այդ մասին, իսկ ես կասկածում եմ, որ չգիտեն, ապա կարող եմ նրանց տեղեկացնել, որ Ադրբեջանի ողջ տարածքում ոսկու, արծաթի եւ պղնձի արդյունահանմամբ զբաղվող այդ ընկերությունն արդեն նամակով դիմել է միջազգային մի շարք կազմակերպությունների եւ երկրների՝ թափահարելով իր իրավունքները Արցախի տարածքում գտնվող «Գազիլբուլախ» (հայ.՝ Դրմբոն) եւ «Դեմիրլի» (հայ.՝ Կաշեն) հանքավայրերի նկատմամբ: Անգլիական ընկերության կարծիքով՝ նշված հանքավայրերն այս պահին ապօրինի են շահագործվում:

Հավելեմ նաեւ, որ Anglo Asian Mining ընկերությունն այս հարցը բարձրացրել է դեռ 2006 թվականին՝ միջազգային կազմակերպություններից պահանջելով վերահաստատել իր իրավունքները Արցախի տարածքում գտնվող հանքավայրերի նկատմամբ, որոնք այս պահին արդեն հայտնվել են ռուս խաղաղապահների վերահսկողության տարածքում: Սա է ողջ պատմությունը, որտեղ, ինչպես տեսնում ենք, առավել քան ակնհայտ է անգլիական հետքը: Եվ, ուրեմն, նաեւ պարզ է, թե ինչու է ՄԲ հատուկ ծառայության շեֆ Ռիչարդ Մուրը վազ տալիս Հայաստան, իսկ ՄԱԿ-ում ՄԲ ներկայացուցիչը սրտակեղեք ելույթ ունենում ՄԱԿ-ում՝ «պահանջելով» բացել միջանցքը: Կարճ ասած՝ բավական է ռուս խաղաղապահները Anglo Asian Mining-ին թույլ տան շահագործել այդ հանքերը՝ որպես Ադրբեջանի տարածքում գտնվող հանքեր, եւ Լաչինի միջանցքն անմիջապես կբացվի:

Եվ այսքան բանն իմացող ՀՀ իշխանությունները մի հատ էլ ամբիոն են բարձրանում ու հայտարարում, որ ռուսներն են փակել Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը, եւ վատ-վատ ելույթներ են ունենում ՄԱԿ-ում:

Չգիտես՝ ինչ ասես մեր իշխանություններին… Այ թույլիկներ, դուք նույնիսկ երկու էշի գարի չեք կարողանում ջոկել իրարից, էլ ուր մնաց սեփական ինտելեկտով կռահեք, թե բարդ իրավիճակներում ինչպես է աշխատում Կրեմլի ուղեղը: Մոսկվայում հստակ գիտակցում են, որ Ուկրաինայում անհաջողության մատնված Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին ներքաշել նոր՝ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հետ բախման մեջ: Պետք է հավ լինել՝ սա չհասկանալու համար, իսկ եթե հասկանում եք ու ձեզ ռետինե խողովակի տեղ եք դրել, թե սա ձեր խնդիրը չէ, ուրեմն ավելի վատ ձեզ համար: Ի դեպ, կարող եք համարել նաեւ, որ Իրանի գերլարված «հարաբերություններն» Ադրբեջանի (ներառյալ ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի) հետ նույնպես ձեր խնդիրը չէ, եւ, առհասարակ, դուք որեւէ խնդիր չունեք: Այդ դեպքում, ուղղակի անհասկանալի է դառնում, թե Փաշինյան Նիկոլն ինչով է զբաղված ԱԱԾ-ում, ինչ է ուզում մի կառույցից, որ 4 տարում վերածել է անտեղյակների համքարության:

Այն էլ ասեմ, որ իմ հիշողության մեջ դեռ թարմ է նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի՝ ադրբեջանական պատկանելությանն այլընտրանք չկա, այսինքն՝ Արցախն Ադրբեջան է: Ես դույզն-ինչ կասկած չունեմ, որ անգլիական Anglo Asian Mining ընկերությանը, ի թիվս այլ իրողությունների, ոգեւորել է նաեւ Փաշինյանի վերոբերյալ հայտարարությունը եւ ՀՀ կառավարության՝ Արցախի հարցում որդեգրած «խալաստոյ» դիրքորոշումը:

Իսկ հիմա հարց ՀՀ իշխանություններին՝  բալամ, ռուսներն ինչո՞ւ պետք է փակեին Լաչինի միջանցքը, եթե դա նաեւ իրենց ճանապարհն է, այն ճանապարհը, որով հասել են Արցախ, եւ որը միակ ստրատեգիական նշանակության կոմունիկացիան է այսօր՝ Ադրբեջանն իրենց վերահսկողության տակ պահելու եւ նրան խաղաղություն պարտադրելու համար: