Ավտոկայանների հասարակական զուգարաններում տիրում է հակասանիտարական  վիճակ

Ավտոկայանների հասարակական զուգարաններում տիրում է հակասանիտարական  վիճակ

Ավտոկայաններում տեղակայված հասարակական զուգարանները նոր չէ, որ շահագործվում են սանիտարական կանոնների և նորմերի պահանջների  խախտումներով: Դրանցում տիրող հակասանիտարական  վիճակը միշտ  եղել է թե հանրային, թե պետական  մարմինների քննարկման առարկա:

Թեպետ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր գործունեության ընթացքում պարբերաբար անդրադառնում է այդ ոլորտին և համապատասխան պատկան մարմիններին տեղեկացնում իրականացված  կանխարգելիչ միջոցառումների և վարչական վարույթների արդյունքում վերհանած սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտումների մասին, ցավոք, տնտեսվարողները դեռ պատշաճ ուշադրության չեն արժանացնում այդ խնդիրը: Դրա  ապացույցն է  նաև վերջին օրերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ուղիղ միացմամբ տարածած հայտարարությունը, որում ներկայացված է <<Կիլիկիա>> կենտրոնական ավտոկայանի հասարակական զուգարաններում տիրող հակասանիտարական վիճակը:

 Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հայտարարության հիմքով Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում  կիրականացվեն համապատասխան միջոցառումներ: