Մի տեղ ՔՊ-ական թեկնածուն էր կանգնած, մի տեղ ՔՊ-ական պատգամավորը, մի տեղ էլ՝ պատգամավորի հորեղբայրը

Մի տեղ ՔՊ-ական թեկնածուն էր կանգնած, մի տեղ ՔՊ-ական պատգամավորը, մի տեղ էլ՝ պատգամավորի հորեղբայրը

Ընտրական օրենսգրքի խախտումներով ու վարչական ռեսուրսների ամենատարբեր կիրառումներով երեկ Սիսիան և Անի համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ տարավ: Սիսիանում ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ ՀՀԿ-ն, ՔՊ-ն և ՔՈ-ն: ՔՊ-ն այս անգամ ստացել է ավելի քան 64%: Եթե հաշվի առնենք, թե ինչպես էր ՔՊ-ի թեկնածու Արմեն Հակոբջանյանը սպիտակ վերնաշապիկով և կոստյումով շրջում ընտրատեղամասերում, մարդկանց հետ ողջագուրվում և այլ անհասկանալի գործողությունների դիմում, ապա կհասկանանք, որ նա հավանաբար ամենասկզբից էլ գիտեր իր «անսպասելի» հաղթանակի մասին: «Հրապարակը» զրուցել է Սիսիանի ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացու որոշում» կուսակցության 7-րդ համարը զբաղեցնող Մհեր Ազոյանի հետ:

-Սիսիանում ՔՊ-ն ստացել է 64 տոկոս ձայն: Սյունեցիները իսկապես ՔՊ-ի՞ն են աջակցում են, թե՞ այս հաղթանակն այլ բանի մասին է փաստում:

-Ես չեմ կարողանում հստակ վերլուծել: Ինձ համար շատ բան մնաց անհասկանալի: Որ ՔՊ-ն շատ ձայներ էր տանելու, դա գիտեինք, բայց որ 64 տոկոս, այ դա չէինք պատկերացնում:

-ՔՊ-ի թեկնածուն ընտրատեղամասերում շրջում էր, մարդկանց հետ ողջագուրվում, անգամ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է վերջինս ձեռքը մտցնում քաղաքացու գրպանը: Առհասարակ ինչպե՞ս է ստացվում, որ թեկնածուն, այն էլ իշխանական, հայտնվում է ընտրատեղամասում:

-Խնդիրը հենց դա է: Մինչև այդ էլ պլակատներ էին կպցրել, բողոքեցինք, որ անօրինական է, հանեցին: Պլակատի իմաստը մարդու ենթագիտակցության վրա ազդելն է: Եթե նկարը մարդու վրա ազդեցություն է թողնում, մարդու ֆիզիկական ներկայությունը ո՞նց կարող է ազդեցություն չթողնել: Մի տեղ ՔՊ-ական թեկնածուն էր կանգնած, մի տեղ ՔՊ-ական պատգամավորը՝ Կարենը Համբարձումյան, մի տեղ էլ՝ պատգամավորի հորեղբայրը: Ամողջ օրը մեկ րոպե անգամ չբացակայեցին:

-Իսկ պատգամավորն ինչո՞վ էր զբաղված:

-Ավտոյի մեջ նստած, «ավարյոնիները» միացրած, ուշադրություն էր գրավում: Նայում էին, գլխով էին անում, թե ինչի համար՝ չգիտեմ, բայց որ նրա ֆիզիկական ներկայությունն ազդեցություն է թողել, դա միանշանակ է: Հորեղբայրն էլ՝ մայթի վրա էր էս կողմ-էն կողմ անում:

-Մեր նախորդ զրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ այժմ 5000 դրամներին փոխարինելու են եկել աշխատանքի խոստումները: Տեղյա՞կ եք՝ ում են աշխատանք տվել և ում խոստացել….

-Նախորդ ընտրությունների ժամանակ, այն գյուղապետերին, որոնք չէին օգնել ՔՊ-ին, աշխատանքից ազատեցին: Սպանդարյանի գյուղապետին, էլի շատ գյուղապետերի, Սիսիանի շախմատի դպրոցի տնօրենին և այլն: Այս մարդկանց հանելու իմաստը եղել է ոչ թե այն, որ նրանք աշխատանքի համար կոմպետենտ չեն, այլ պարզապես չեն օգնել ՔՊ-ին: Այժմ նոր մարդիկ են նշանակվել այդ պաշտոններում, իսկ նոր մարդ նշանակում է՝ նոր «նվիրյալ»: Հենց 5000 դրամներին այսպես են փոխարինել: Իքս մարդուն նշանակեցի գյուղապետ, որ նրա բարեկամությունն ինձ ընտրի:

-Ձեր բնութագրմամբ՝ ո՞վ է ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանն ու ի՞նչ կարող է անել Սիսիանի համար:

-Ես նրան ճանաչում եմ, թեպետ ընկերներ չենք: Որպես ընկեր իրեն լավ են բնութագրում, սակայն նա մեկ ու կես տարի եղել է անգործունակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Լավ տղա է գուցե, բայց անգործունակ է, նա չի կարող աշխատել, ի վիճակի չէ: