Ինչի՞ մասին են «լռում» սփյուռքյան կուսակցությունները

Ինչի՞ մասին են «լռում» սփյուռքյան կուսակցությունները

Դեռեւս անցած տարվա դեկտեմբերին, երբ «Հրապարակ TV»-ն նախաձեռնեց «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարը, մենք դիմեցինք սփյուռքում գործող կուսակցությունների երեւանյան գրասենյակներին, կառույցներին, որպեսզի համագործակցենք եւ նրանց միջոցով կապ հաստատենք աշխարհի տարբեր ծայրերում գործող նրանց կառույցների, ղեկավարների, ներկայացուցիչների հետ: Հաղորդման առաջնային նպատակն է՝ հայաստանյան հասարակությանն ավելի մոտիկից ճանաչելի դարձնել սփյուռքը՝ իր բազմաշերտ բնույթով, տարաբնույթ գործունեությամբ: Իհարկե, ելնելով Հայաստանում ստեղծված անվտանգային լուրջ իրավիճակից, չենք կարող շրջանցել մեր երկրի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական իրադարձությունները: Ամենեւին էլ նպատակ չունենք գովազդելու որեւէ քաղաքական ուժի, կուսակցության: Ոչ էլ նպատակ ունենք հակաքարոզչություն անելու որեւէ մեկի նկատմամբ: Այդ նպատակով էլ հարթակը բաց ենք պահում բոլոր ուժերի համար, արտահայտվելու ու իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն տվել ենք եւ հետայսու փորձելու ենք տալ սփյուռքյան բոլոր կառույցներին եւ կուսակցություններին: 

Սակայն, զարմանալիորեն, մինչ օրս մեզ չեն արձագանքել երեք սփյուռքյան կուսակցություններից երկուսը: Մեզ անմիջապես արձագանքեցին Հայ հեղափոխական դաշնակցությունից, եւ մենք արդեն նկարել ենք երեք հաղորդում, երեքն էլ՝ ՀՅԴ-ականների, այդ թվում՝ ՀՅԴ բյուրոյի անդամներից մեկի մասնակցությամբ: Հարկ է նշել, որ դաշնակցականները բավականին թափանցիկ են աշխատում, նախապես չեն հետաքրքրվում, թե ինչ հարցերի շրջանակում են ընթանալու հարցազրույցները, մեր առջեւ պայմաններ չեն դնում՝ այս կամ այն թեմայի շուրջ չխոսենք: Պատրաստ են պատասխանել ցանկացած հարցի: Այդ հարցազրույցների ընթացքում նրանք խոսում են սփյուռքյան իրողությունների մասին՝ առանց իրենց կուսակցության գովազդն անելու: Իհարկե, մեծ դեր է խաղում այն, որ սփյուռքի գաղթօջախներում դաշնակցականները եւ ՀՅԴ-ն ավանդաբար մեծ դերակատարում ունեն, հայկական տարբեր հասարակական կառույցներ ղեկավարում են հենց այս կուսակցության ներկայացուցիչները, Հայ դատի գրասենյակներն են ահռելի աշխատանք կատարում, առհասարակ՝ ՀՅԴ գործունեությունն ամենուր է եւ բավականին ծավալուն, ուստի ասելիք շատ ունեն: 

Բայց մյուս կուսակցություններն էլ կարող են իրենց սահմաններում, իրենց կատարած աշխատանքների ու գործունեության մասին խոսել, ներկայանալ հայ ընթերցողին, լսարանին: Որքան էլ մեզ համար անսպասելի էր, մեր առաջարկներն անպատասխան թողեցին սփյուռքյան մյուս երկու կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն ու Ռամկավար ազատական կուսակցությունը: Մեզ հետաքրքիր է նաեւ այս կուսակցությունների ներկայացուցիչների տեսանկյունից տեսնել սփյուռքն ու Հայաստանը, լսել նրանց գործունեության մասին: Սակայն, մեր խնդրանքին ի պատասխան, մինչ օրս նրանք մտածում են՝ խոսե՞լ, թե՞ ոչ:  

Հարկ է նկատել, որ թե՛ ՍԴՀԿ-ն, թե՛ ՌԱԿ-ը ջերմ հարաբերություններ ունեն ՀՀ իշխանությունների հետ, հաճախ ընդունելության են արժանանում վարչապետի կողմից, գուցե նրանից լսում գովասանքի ու մեծարանքի խոսքեր, գուցե նրանց գործունեությունը լուսաբանում են իշխանական լրատվամիջոցները: Եվ դա է պատճառը, որ նրանք մեր լսարանի առաջ հանդես գալու անհրաժեշտություն չեն տեսնում։ Փաշինյանն այս կուսակցությունների հետ է հույսեր կապում, որ նրանց միջոցով կամրապնդվեն Հայաստան-սփյուռք կապերը: Իսկ այդպիսի ընդգծված վերաբերմունքի այս կուսակցությունները չեն արժանացել նախորդ իշխանությունների կողմից: Իհարկե, այս համագործակցությունը փոխադարձ է, իրենք էլ իրենց հերթին են աջակցություն հայտնում Փաշինյանի կառավարությանը, հիացմունք արտահայտում նրա վարած քաղաքականության ու անձի նկատմամբ: Անգամ «Ապագա կա» կարգախոսն է արժանացել ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հիացմունքին, հույս ու հավատ ներշնչել նրան: 

««Ապագա կա» կարգախոսն ինձ համար շատ հետաքրքրական, սիմվոլիկ երեւույթ է դարձել, անկեղծորեն, շատ անգամ նույնիսկ իմ սովորական կյանքում էլ եմ օգտագործում: Որովհետեւ ապագան հույսն է ընդհանրապես՝ արտագաղթի դեմ»,- Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է Աճեմյանը: Ամենայն հարգանքով վերաբերվելով բոլորի քաղաքական կողմնորոշումներին ու նախասիրություններին՝ մենք պատրաստ ենք լսել բոլորին, ներկայացնել նրանց դիրքորոշումը: Բայց թե ինչու կամ ինչի «մասին» են լռում Փաշինյանին անվերապահ աջակցություն ցուցաբերած ու ցուցաբերող սփյուռքյան կուսակցությունները, մեզ հասկանալի չէ։