Կարմիր թելը

Կարմիր թելը

Ոմանք իրենց հարց են տալիս, թե ինչու է այս իշխանությունն ազգային նուրբ զգացումներին այսքան դիպչող, մարդկանց նյարդայնացնող, մեր ավանդույթներին, մեր արժեհամակարգին դիպչող քայլեր անում: Ի՞նչ իմաստ ունի Արարատ սուրբ լեռանը կամ Հայ առաքելական եկեղեցուն «պատերազմ» հայտարարելը, ի՞նչ են շահում դրանից, բացի մի քանի կամ մի քանի հազար նոր թշնամի ու հակառակորդ ձեռք բերելուց, որը պատերազմում պարտված իշխանությունների շահերից, կարծես թե, չի բխում: Կամ` ինչո՞վ են իրենց խանգարում հայկական գերբն ու զինանշանը, որ ուզում են փոխել: Ի՞նչն է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, եթե չես հրաժարվելու ո՛չ պառլամենտական կառավարման համակարգից, ո՛չ սուպերվարչապետական «կոստյումից»:

Ինչո՞ւ են փորձում «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնել, հայրենիքը փոխարինել պետությամբ: Ի՞նչ իմաստ ունի 7-րդ դասարանի պատմության դասագրքում այդքան վիճելի եւ հակագիտական թեզեր ամրագրելն ու նման աղմուկ առաջացնելը: Կամ` ի՞նչ իմաստ ունի Օղակաձեւ զբոսայգին վերականգնելու` երեւանցիներին «վերադարձնելու» ծրագիրը հենց թենիսի կորտերի հատվածից սկսելը: Այս եւ այլ հարցերի պատասխանները ՀՀ շարքային քաղաքացիները հաճախ չեն կարողանում գտնել բանականության եւ օրինականության դաշտում եւ երբ այդ բոլոր փոփոխությունները եւ դրանց ուղեկցող աղմուկը դնում են մի հարթության մեջ, այդ բոլոր քայլերն իրար կապող մի բացատրություն են միայն գտնում` սա թշնամու թելադրանքով է արվում: Մեր ազգային արժեքներին, մեր ակունքներին, մեր պատմությանն ու արժեհամակարգին, մեր հավատքին խփող այս բոլոր քայլերը կարող էր միայն թշնամին պահանջել, որպեսզի հրաժարվենք պահանջատիրությունից ու երազանքներից, երբեւէ մեր մեջքը շտկելու հնարավորություն չունենանք: