Որոշեցի քաղաքապետի թեկնածու լինել, որպեսզի քաղաքի կառավարման լծակները ձեռքս վերցնեմ

Որոշեցի քաղաքապետի թեկնածու լինել, որպեսզի քաղաքի կառավարման լծակները ձեռքս վերցնեմ

Գյումրիում նախընտրական շրջան է, քաղաքապետի աթոռի համար մղվող թեժ պայքար, բայց, այնուամենայնիվ, արձանագրենք, որ թեկնածուների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն այնքան էլ բազմամարդ չեն: Երբեմն այդ հանդիպումներին ընդամենը 10-15 քաղաքացի է մասնակցում:

Սակայն Շիրակի գործող մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանին քարոզարշավի ընթացքը գոհացնում է․ «Ես` անձամբ, երբ որ բակային հանդիպումներ եմ ունենում քաղաքացիների հետ, տներ եմ այցելում, տեսնում եմ՝ մարդկանց մոտ կողմնորոշվածություն արդեն կա: Մարդիկ այլևս նախկին սադրանքներին, լարվածություններին ուշադրություն չեն դարձնում, եւ իրենք շատ լավ գիտեն, թե իրենց ինչ է պետք: Իմ կողմից էլ մի շատ կարևոր կոչ կա, որ յուրաքանչյուր քաղաքացի համարի, որ իր ձայնը շատ կարևոր է, եւ հոկտեմբերի 17-ին պարտադիր պետք է գնա ընտրության»:

-Ի՞նչ եք նկատել, քաղաքացիներին կոնկրետ Ձեր ա՞նձն է հետաքրքրում, թե՞ կենտրոնանում են քաղաքական ուժի վրա, որին հարում եք:

-Կամաց-կամաց շարժվում ենք այն ուղղությամբ, որ, այո, նրանց և քաղաքական ուժը, եւ կոնկրետ անձն է հետաքրքրում: Ի ուրախություն ինձ, ասեմ ձեզ, որ ծրագրային դրույթներ են կարդում:

-Դուք մարզպետ եք, ցածր պաշտոն չէ, ինչու՞ եք ուզում քաղաքապետ դառնալ:

-Այո, մարզպետը պաշտոն է, իսկ Գյումրու քաղաքապետը՝ կոչում ու շատ մեծ պատիվ: Դու վերցնում ես վրադ այնպիսի պատասխանատվություն, որ հետագայում սերունդները հիշելու են՝ լավ, թե վատ: Ես` անձամբ, որոշեցի քաղաքապետի թեկնածու լինել մի բանի համար, որ այդ ապրող օրգանիզմի համար վերցնեմ պատասխանատվություն, եւ այն լծակները, որոնք անհրաժեշտ են իմ հարազատ քաղաքի կառավարման համար, վերցնեմ ձեռքս, որովհետև մարզպետի լծակները ՏԻՄ-երում չեն հերիքում: Մեր կառավարությունն էլ որդեգրել է, որ ՏԻՄ-երի դերը պետք է բարձրացնել: Մեր գործունեությամբ կարևորելու ենք ՏԻՄ-երի գործառույթը:

-10 քաղաքական ուժ է պայքարի մեջ, նրանցից ոչ մեկի հետ չե՞ք համագործակցելու:

-Քաղաքական առումով բացառում եմ որևէ համագործակցություն, իսկ եթե կլինեն այնպիսի ուժեր, որոնք կունենան 1-2 ավագանի, եւ նրանք կկարողանան ի շահ քաղաքի առաջարկներ անել, իհարկե, ես մեծ ուրախությամբ կընդունեմ եւ կյանքի կկոչեմ:

-Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանից ի՞նչ կասեք, որպես մարզպետ` նրա հետ հասցրե՞լ եք աշխատել (ի դեպ, լուրեր են պտտվում, թե Բալասանյանը հայտնվել է իրավապահների թիրախում, իշխանությունը որոշել է բացահայտել նախկինների կոռումպացված լինելու փաստերը):

-Ես 8 ամիս եմ ունեցել հնարավորություն` նրա հետ աշխատելու: Դե, իհարկե, որպես գյումրեցիներ` անձնական հարաբերություններ ունեցել ենք, բայց գործնականն անձնականի հետ բացարձակ կապ չունի: Այդ 8 ամիսներին եւ իր, եւ իմ կողմից հետևողական մոտեցում է եղել ծրագրերի իրականացման հետ կապված, ես այդ ընթացքում չեմ տեսել, որ ինքը կառավարության համագործակցության հետ կապված խոչընդոտի, նորմալ համագործակցել է եւ իր լիազորությունները կատարել է: Թե որպես քաղաքապետ, 9 տարիների ընթացքում ինչ է արել, ժամանակը ցույց կտա, եւ սերունդները կգնահատեն: