Ֆուէկի-ռյուկու

Ֆուէկի-ռյուկու

Չնայած այս փոթորկալից ու ողբերգական ժամանակներին, այնուամենայնիվ, կարևոր հարցեր բարձրացնելիս, հատկապես մշակութային, կարծում ենք, որ պետք է լինել չափազանց զգուշավոր, նրբանկատ: 

«Յամադայի «Յամահան»» հրապարակման մեջ («Հրապարակ օրա­թերթ», 06 Հոկտեմբեր 2021) հանդիպում են արտահայտություններ, որոնք, գուցե, ան­միջականությունից ու երախտագիտության բարձր զգացումից են բխում, բայց կա­րող են ճիշտ չընկալվել: Եթե, նույնիսկ, Ճապոնիայի մեծարգո դեսպան Ջուն Յամադան չունենար երաժշտական կրթություն, միևնույն է, ընդառաջելու էր Կամե­րային երաժշտության ազգային կենտրոնին՝ «Յամահա» ռոյալի հարցում: Ուղղակի, ինչ-որ անհարմար զգացում է առաջանում այն արտահայտություններից, որոնք օգտագործվել են այդ հոդվածի մեջ: Դրանք վերագրենք այն ոչ հաճելի մթնո­լորտին, որը տիրում է մեր հասարակությունում: 

Ճապոնացիները զարմանալի, խորհրդավոր ժողովուրդ են: Նրանց հասկա­նալու համար պետք է կարողանալ ընկալել նրանց մշակույթը: Մի քանի հաս­կա­ցություններ կան, որոնց միջոցով հնարավոր է հասնել այդ ընկալմանը: Դրանցից մեկն անվանում են «ֆուէկի-ռյուկու» (ճապոներեն՝ 不易流行)՝ «հավերժը-ընթացիկը կամ «հավերժն ընթացիկի մեջ»:

Ըստ էության, պարոն Յամադան մեզ համար ըն­թա­ցիկ խնդրի, այսինքն՝ ռոյալի բացակայության մեջ, տեսել է հավերժականը, ընդ որում, ոչ թե առանձին առանձին է դիտարկել այդ երկուսը, այլ այն խոր գի­տակ­ցությամբ, որ հավերժականը միաձուլված է ընթացիկին: Բավական պատկե­րավոր է արտահայտվել այդ մասին բանաստեղծ Տակահամա Կյոսին. ««Հավերժա­կանի» և «ընթացիկի» տարբերությունը երբեմն բացահայտվում է ոչ միանգամից: Երկու տարրն էլ ինքնաբերաբեր չպետք է բխեն մեկը մյուսից, այլապես նրանց միջև չի լինի լար­վածություն: Միաժամանակ, նրանք չպետք է լինեն միանգամայն անկախ. ար­ձագանքելով միմյանց, նրանք պետք է առաջացնեն նույն հնչերանգները, ասո­ցիա­­ցիաները»: Հոդվածագրի դատողությունները հիմք են եզրակացնելու, որ այդ­պիսի ընկալումը մեզանում բացակայում է…այլ խոսքով՝ արտահայտված խոսքը գեղեցիկ չէ:

Մի կողմ թողնելով հաշվարկները, թե ինչքան գումար է անհրաժեշտ, որպեսզի մեր երաժիշներն իրենց «երջանիկ զգան», հարկ է անդրադառնալ ևս մեկ արտահայ­տության. «Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը ժամանակին հյուրընկալվել էր Աշխաբադի կոնսերվատորիայում եւ բերանը բաց հետ եկել․․․ Ասում է՝ շենքը վխտում էր «Սթեյնվեյ»-ներով։ Բա նոր Հայաստանի հպարտ քաղա­քացիներն ու ղեկավարությունը թուրքմենների չափ չկա՞ն»: Այո, նրանք ընդհան­րապես չկան, բայց ինչու է անհրաժեշտ ոչ կոռեկտ համեմատություն անել: Որքանով է հարմար ինչ-որ «Սթեյնվեյ»-ների համար այդպիսի համեմա­տութ­յուն ա­նելը: Թույլ տվեք հակադարձել այսպես. «Ոչ միայն նոր Հայաստանի, այլև հնինը այդ չափ չկան»:

Հ.Գ. Արվեստը, գրականությունը, երաժշտությունը կոչված են մարդկանց մեջ սերմանել վեհը, գեղեցիկն ու արժանապատիվը: Մեր հասարակության այս մշակու­թային անկման համար, արդյոք, երաժիշտները զգու՞մ են իրենց մեղքի բաժինը: Այս հռետորական հարցը հավասարապես վերաբերում է ինչպես մշակույթի, այնպես էլ կրթության ոլորտի պատասխանատուներին և անմիջականորեն նրանց ովքեր կոչված են ձևավորելու իրական ազգային արժեհամակարգով (որը չի կարող ներ­դաշ­նակ չլինել համամարդկային արժեքներին) առաջնորդվող, մշակութային պատ­շաճ մակար­դակով ստեղծարար մարդուն:
 

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր