Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի ջրերի ու լրատվական առվակների մասին

Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի ջրերի ու լրատվական առվակների մասին
Պաշտպանության նախարարությունում մամուլի հետ կապերով, տեղեկատվական հոսքերով զբաղվող նոր ստորաբաժանում է ստեղծվում, չնայած ՊՆ լրատվության բաժինը՝ զինուժի հետ միասին, ամենամեծն է եւ տարիների ընթացքում էլ հնարավորինս ուռճացվել է։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը որոշել է իր լրատվական ստորաբաժանումն ունենալ՝ չբավարարվելով նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության աշխատանքով։ Հավանաբար, գլխավոր շտաբի պետը որոշել է, որ այս վարչությունը, որի գործառույթների մեջ են միասնական եւ արդյունավետ տեղեկատվական քաղաքականության ապահովումը, բանակ-հասարակություն կապի ամրապնդումն ու զարգացումը եւ այլն, իր գործունեությունը լավ չի լուսաբանում, կենտրոնացել է բացառապես պաշտպանության նախարարի ու նախարարության ընդհանուր իմիջի վրա։



ԶՈՒ ԳՇ պետը որոշել է իր մամուլի բաժինը ստեղծել։ Մեր տեղեկություններով, նոր բաժինն ունենալու է 3-4 հաստիք։ Այն ստեղծվել է գլխավոր շտաբի պետ Դավթյանի հրամանով եւ, սակայն, չի հրապարակվում․ հավանաբար, ծառայողական գաղտնիք է համարվում։ Այն դուրս է լինելու ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի եւ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանի համակարգման տիրույթից, նրանց չի ենթարկվելու։ Հայտնի է նոր բաժնի ղեկավարի անունը։ Նա զինվորական է՝ Սամվել Ասատրյան։ Մյուս աշխատակիցները եւս զինվորականներ են լինելու։ Ասատրյանը լրագրության կամ PR ոլորտում չի աշխատել։ Այսպիսով, Գլխավոր շտաբի պետն իր թիմն է հավաքում, որը պետք է զբաղվի գլխավոր շտաբի գործունեությանն առնչվող տեղեկատվությամբ, իսկ սա նշանակում է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն իրար չեն վստահում։ Մեր տեղեկություններով` Արտակ Դավթյանի ինքնագործունեությունը դուր չի գալիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, բայց նա ոչինչ անել չի կարողանում:



Նախարարության հին աշխատողները լուրջ չեն վերաբերվում Արտակ Դավթյանի նախաձեռնությանը, չեն հասկանում, թե ինչի է պետք այս բաժինը՝ համարելով, որ գլխավոր շտաբում «անիմաստ բաներով» են զբաղված։ Հիշեցնենք, որ նախկինում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ջրերը եւս մի առվով չէին հոսում: Նրանք ամեն ինչ անում էին միմյանց դեմ, բայց Սեյրան Օհանյանի ուժը չէր պատում նրան հեռացնել։ Իհարկե, բարձրաստիճան զինվորականների ջրերը կարող են եւ մի առվով չգնալ, ի վերջո, նրանցից շատերը պատվախնդիր են եւ ամբիցիոզ։ Բայց լավ կլինի, որ մեր բանակային ղեկավարության իմիջային հավակնությունները տեղավորվեն պետբյուջեով դրա համար տրամադրված ծախսերի շրջանակներում։ Լրատվական բաժինն առանց այդ էլ մեծ է՝ մոտ 20 աշխատակից ունի, չհաշված Տոնոյանի խոսնակին։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**