Եթե դատավորի առաջ սահմանափակումներ ես դնում, պետք է վճարես

Եթե դատավորի առաջ սահմանափակումներ ես դնում, պետք է վճարես
Դատավորների կենսաթոշակի շուրջ բողոքները չեն դադարում։ Դատավորները մասնավոր զրույցներում ու հրապարակավ դժգոհում են նոր օրենքի նախագծից։ Հիշեցնենք, որ սոցապնախարարությունն առաջարկում է փոխել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքը, վերացնել նախկինում գործող տարբերակումը քննիչների, դատախազների, դատավորների եւ մյուս պետական պաշտոնյաների միջեւ՝ սահմանելով բոլորի համար համահարթեցված վերին շեմ՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկը։ Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում նոր օրինագիծը։



Մեր տեղեկություններով, նոյեմբերի 8-ին դատավորների ընդհանուր ժողովում քննարկումներ են եղել։ Երեկ էլ արդարադատության նախարարությունն է կարծիք ներկայացրել դատավորների կենսաթոշակի նվազեցման վերաբերյալ, որը կտրուկ տարբերվում է օրինագիծը մշակող սոցապնախարարության կարծիքից։ Ահա այն․ «Պաշտոնաթող դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային եւ, առաջին հերթին՝ արդարադատության շահերի պաշտպանության միջոց, նրանց անկախության սոցիալական երաշխիք: Այս մոտեցումն ընկած է 1998 թվականին ընդունված՝ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.4-րդ կետում, որի համաձայն՝ «Կարգավիճակը, մասնավորապես, դատավորներին ապահովում է... ծերության թոշակով, որի չափը պետք է հնարավորինս մոտ լինի դատական համակարգում ստացած նրա վերջին աշխատավարձին»: Նշված պահանջին համահունչ է նաեւ ՀՀ դատական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Դատավորի (…) կենսաթոշակի չափը չի կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար»։



Նշված է նաեւ, որ նախարարությունը դեռ չի ստացել փաստաթուղթը։ Ինչո՞ւ։ «Արդարադատության նախարարությունը շահագրգիռ նախարարություններից հետո է ստանում»,- մեր հարցին պատասխանեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ **Սմբատ Սաիյանը**։ Ինչո՞ւ արդարադատության նախարարությունը շահագրգիռ չի համարվում, չէ՞ որ խոսքը վերաբերում է արդարադատություն իրականացնող մարմիններին։ «Արդարադատության նախարարությունը նախագիծը կստանա վերջում եւ կներկայացնի փորձագիտական կարծիք»։



Արդեն ներկայացրել է փորձագիտական կարծիք, ու դա բացասական է, ի՞նչ կասեք։ Մեր հարցին սոցապփոխնախարարը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե վատառողջ է։ Մինչ ավելի կարեւոր կարծիքները կհասնեն կառավարություն, օրինակ, ֆիննախինը, որը բյուջեի սղություն ունեցող երկրում հազար ու մի հարց կարող է լուծել դատավորների կենսաթոշակի կրճատման հաշվին՝ ձեռքի հետ փակելով կուտակային ռեֆորմի հետեւանքով առաջացած բացերը, արձանագրեցինք վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր **Սուրեն Անտոնյանի** կարծիքը։ «Ե՛վ Եվրոպայում, ե՛ւ Միացյալ Նահանգներում դատավորները սոցիալական երաշխիքներ ունեն, բարձր կենսաթոշակ են ստանում պետությունից։ Այնտեղ ասում են՝ բարեկեցիկ կյանքով ես ուզում ապրել, հարգանք-պատվով, ձգտիր դատավոր դառնալ, ուզում ես փող աշխատել՝ մտիր բիզնես, փաստաբանություն եւ այլն։ Եվ երկրորդը՝ Սահմանադրության մեջ գրված է, որ դատավորի աշխատավարձը պետք է համապատասխանի իր զբաղեցրած դիրքին ու հեղինակությանը։ Այսինքն դու դատավորին հասարակության մյուս անդամներից ավելի բարձր ես դասել եւ դրա հետ կապված՝ սահմանափակումներ ես դրել նրա կյանքի ու գործունեության համար՝ շփումներ, նվերներ, երկրորդ աշխատանք, էթիկայի, վարքագծի կանոններ, որոնք գործում են նաեւ նրա հարազատների համար։ Դու այդ ամենն արել ես, որովհետեւ դրա դիմաց նրան վճարում ես»,- ասաց Անտոնյանը։ Նա հիշեցրեց Սինգապուրի փորձը՝ մի երկրի, որի մասին շատ են սիրում խոսել մեր կառավարիչները, այնտեղ բարեփոխումները սկսել են դատավորներից, խաղի կանոնները փոխելուց․ «Վարչապետն ասել է դատավորներին՝ աղքատ երկիր ենք, այս երկրում մարդիկ եթե ստանում են 50-100 դոլար, համարում են, որ լավ վաստակեցին, ես ձեզ տալիս եմ 10 հազար դոլար, դուք իրականացնում եք արդարադատությունը, բայց եթե որեւէ խախտում տեսնեմ, ձեր պատիժը գնդակահարությունն է, այլ պատիժ դուք չունեք։ Բնականաբար, ոչ մի հիմար խախտում չարեց։ Սրանով նա լուծեց բոլոր խնդիրները՝ կոռուպցիայի, կաշառակերության, որովհետեւ ցանկացած ոք գիտեր, որ գնալու է դատարան, եւ նրա հարցը լուծվելու է։ Մի քիչ պարզունակ եմ խոսում, երեւի, բայց էությունը սա է»։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**