Ղարաբաղի ու Ղրիմի հարցերում անալոգիաներ տեսնել չի կարելի

Ղարաբաղի ու Ղրիմի հարցերում անալոգիաներ տեսնել չի կարելի
Ղարաբաղի ու Ղրիմի հարցերում անալոգիաներ տեսնել չի կարելի, քանի որ եթե անգամ Ղրիմի բնակչության մեծամասնությունը ցանկանում էր անկախանալ Ուկրաինայից ու միավորվել Ռուսաստանի հետ, միևնույնն է, այնտեղ հարցը լուծելիս պիտի ելնեին տարածքային ամբողջականության սկզբունքից, այլ ոչ թե ազգերի ինքնորոշման սկզբունքից, որովհետև Ղրիմի բնակչությանը ոչ մի բան չէր սպառնում Ուկրաինայի կազմում, նրանց իրավունքները խաթարված չէին Ուկրաինայում, ու նման վտանգ չկար ընդհանրապես:



Իսկ Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը անպայման պիտի ելնի ազգերի ինքնորոշման իրավունքից, որովհետև Ղարաբաղը եթե, աստված չանի, հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա ամբողջ բնակչությունը կտեղահանվի կամ էլ ուղղակի կցեղասպանվի:



Ի դեպ, հենց նույն պատճառով միջազգային հանրությունը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, ու այդտեղ ոչ մի ԱՄՆ-ի թաքուն ծրագիր էլ գոյություն չուներ, ինչպես որ ռուսական ղեկավարությունն է ներկայացնում իր մոլորված ժողովրդին:



Բանն այն է, որ չնայած հանգամանքին, որ Կոսովոն ու Միտոխիան պատմական Սերբիայի մասն են կազմել, ու այդ տարածքներում դարեր առաջ սերբեր են բնակվել, սակայն այնուամենայնիվ, այնպես է ստացվել, որ կոնֆլիկտից առաջ այդտեղ արդեն հիմնականում ալբանացիներ էին բնակվում, ու սերբերը չէին թաքցնում իրենց նպատակը ալբանացիներին քշել այդտեղից: Հենց դա էր պատճառը, որ աշխարհը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, ու պաշտպանեց նրա բնակչությանը սերբերից:



Եթե Հայաստանը չլիներ Ռուսաստանի վասալ պետություն, ապա Ղարաբաղի հարցում վաղուց միջազգային հանրությունը նույն մոտեցումը կցուցաբերեր, ինչպես որ Կոսովոյի հարցում ցուցաբերեց, այսինքն հենվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, կճանաչեր Ղարաբաղի անկախությունը, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելը նշանակում է նոր ցեղասպանություն:



Ի դեպ, եթե Հայաստանը Ռուսաստանի վասալը չլիներ, ապա ԱՄՆ-ի կոնգրեսը արդեն վաղուց դատապարտած կլիներ Հայոց ցեղասպանությունը նույնպես, ինչպես որ վերջերս դատապարտեց Սովետական Միության կողմից իրականացված ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը: