Քաշաթաղը վերաբնակեցնող «Մեծ Մանուկը»

Քաշաթաղը վերաբնակեցնող «Մեծ Մանուկը»
_Հարցազրույց բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ __**Արուսյակ Օհանյանի**__ հետ_



**- Արուսյակ, Ձեր նոր գիրքը կոչվում է «Մեծ Մանուկը», ի՞նչ նախապատմություն ունի գիրքը, այն կարծես կենսագրական է ստացվել։**



-Ճակատագրեր, պատմություններ կան, որ հայտնվում են օրերի, ժամանակի լուսանցքում, այնինչ մարդու կյանքի պատմությունը կարող է կրթել, վերափոխել ուրիշներին։ Գիրքն այս դեպքում նման փրկություն է: Գլխավոր իմ հերոսին ինքս չեմ ճանաչել, որքան էլ որ նրա կերպարը հավաքական է։ Այն գեղարվեստավավերագրական է, որում ներկայացված է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Քաշաթաղի շրջանի բաժնի պետ Մանուկ Մանուկյանի կյանքը։ Հայրենանվեր գործունեությամբ անգնահատելի է նրա ներդրումը Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման պատասխանատու գործում։ Գրելու առաջարկը ստացա Մանուկի քրոջից, ում միշտ հետաքրքրել եմ որպես բանաստեղծուհի: Գրքի վերնագիրը՝ «Մեծ Մանուկը», տրվել է այլաբանորեն։ Կենսագրությամբ, թողած հետագծով, մարդկանց, հայրենիքին անքննելի նվիրվածությամբ Մանուկը, «մեծ» լինելով հանդերձ, «մանուկ» է մնացել էությամբ։ Մի տեսարան կա գրքում՝ նկարագրված մանկությունից․ երբ ընտանիքում սպասելիս են եղել հյուրի, պապը փորձել է Մանուկին կաշառել գումարով, որ չխոսի հյուրի ներկայությամբ: Հյուրընկալության թեժ պահին սրահ է խուժել մեծ աշխարհի փոքր Մանուկն ու գումարը վերադարձնելով պապին՝ ասել. «Պա՛պ, հետ առ սա, ես էլ չեմ կարող չխոսել…»։ Ահա, թերեւս, սա օրինակներից մեկն է, որ բնորոշում է Մանուկին ու մեկնաբանում գրքի վերնագիրը:



**- Որքանո՞վ էր Ձեզ համար դժվար պոեզիայից անցում կատարել դեպի արձակ։**



-Լինելով բանաստեղծությունների երկու ժողովածուի հեղինակ՝ վաղուց է, ինչ գրում եմ արձակ պատմվածքներ, բայց մինչ այս գրքի լույսընծայումն անլուրջ եմ համարել ներկայանալ հանրությանն արձակ ժանրով։ Գրքի ստեղծման ճանապարհին պարզապես այլընտրանք չունեցա, ոչ էլ որոշում կայացնելու ժամանակ, հատկապես, երբ սկսեցի զրույցներ վարել այն մարդկանց, հասարակական ու քաղաքական գործիչների հետ, որոնք մեծ դեր են ունեցել Մանուկ Մանուկյանի կյանքում: Պարտավորեցնողն այն էր, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ գրքի բոլոր հերոսներին զգուշացնում էի, որ գիրքը Մանուկի համար անակնկալ է, եւ մինչեւ լույսընծայումը նա պետք է չիմանա, որ իր մասին գիրք է գրվել: Հանդիպել եմ տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նաեւ պաշտոնյա, քանի որ Մանուկն աշխատում է անվտանգության համակարգում։ Յուրաքանչյուր հանդիպման ավարտին, երբ անջատում էի ձայնագրիչն ու շտապում տուն՝ տեքստը գրելու, հասկանում էի, որ ծանր բեռ եմ առել ուսերիս։ Հենց այդ պատասխանատվությունն էլ չէր թողնում կանգ առնել, հատկապես, որ գիրքը ծրագրված էր ավարտել բավականին սեղմ ժամկետում։ Ընթացքում հարցազրույց եմ ունեցել նաեւ հենց Մանուկի հետ՝ ստելով, թե գիրքը Քաշաթաղի շրջանի մասին է, ու հարկավոր են որոշ վիճակագրական, փաստագրական տվյալներ: Երկու ժամ անընդմեջ զրույցից հետո հասկացա, որ հոգու տոկունությամբ նույնպես մարդ կարող է հերոսանալ, ով նախնական շրջանում կնոջն ու երկու երեխաներին թողնելով մութ ու ցուրտ Երեւանում՝ մեկնել է ապրելու, մասնագիտական գործունեություն ծավալելու Արցախում՝ իրեն վստահված աշխատանքն սկսելով զրոյից։ Այս էր, թերեւս, շրջադարձային հանդիպումը, որ ուղղեց ինձ ազատ խոսքի տարածք, թեեւ գրքի առաջաբանը հղացավ չափածո: Ես հանդիպել եմ բոլոր իմ հերոսներին, գրքում պատմություններն ու կերպարներն իրական են, ինչն էլ ավելացրեց ստանձնած պատասխանատվության չափը:



Գիրքը լույս է տեսել «Մագաղաթ» հրատարակչությունում՝ հինգ հարյուր տպաքանակով։ Նշեմ, որ այն վաճառքի ներկայացված չէ՝ ի սկզբանե էր այդպես որոշված Մանուկի հարազատների կողմից։ Իմ հերոսի առողջական վիճակն այս պահին ծանր է, ցավով եմ նշում՝ իհարկե, թեեւ գրքում այս մասին անդրադարձ չկա։ Մասնագիտությամբ լինելով մաթեմատիկոս՝ Մանուկն իրատեսորեն է վերաբերվում իր առողջական խնդիրներին, տոկում է, ու վստահ եմ, որ դուրս է գալու իրավիճակից։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ նրանց, ում հետաքրքրում է «Մեծ Մանուկը» փաստավավերագրական գիրքը, կարող են դիմել ինձ, սիրով կնվիրեմ, թեեւ իմ ունեցած օրինակները սահմանափակ են։



**- Այսօր, հաճախ գիրք գրելիս մարդիկ հաշվի են առնում ընթերցողական լսարանը, թե որքանով թեման կհետաքրքրի լայն մասսաներին։ Ձեզ համար այս խնդիրը որքանո՞վ է կարեւոր։**



-Կարծում եմ՝ եթե գրողն ի սկզբանե պետք է թեման համապատասխանեցնի ընթերցողի պահանջներին, «քիմքին», ուրեմն ինչ-որ չափով արդեն ձախողել է: Այս դեպքում ոչ այնքան կարեւոր է թեմայի ընտրությունը, որքան ներկայացնելու ձեւն ու բովանդակությունը: Համաշխարհային դասական գրականության մեջ քիչ չեն նման հեղինակները: Միեւնույն կենսական նյութը տարբեր գրողներ կարող են տարբեր կերպ մեկնաբանել՝ ելնելով իրենց աշխարհայացքից եւ կոնկրետ ստեղծագործական նպատակներից։ Առանց այն էլ ժամանակակից հեղինակները սկսել են ոչ թե ստեղծել, այլ «արտադրել» գրականություն, ինչն էլ զերծ է պահում գրողական ինքնատիպությունից: Եվ վերջապես՝ գրականությունն առաջին անհրաժեշտության սպառողական ապրանք չէ:



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**