Սա սաբոտաժ է, հետաձգում են, որպեսզի հուշարձանը ենթարկվի ինքնուրույն քանդման

Սա սաբոտաժ է, հետաձգում են, որպեսզի հուշարձանը ենթարկվի ինքնուրույն քանդման
Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի ճակատագիրը դեռ մնում է անորոշ։ Մշակույթի նախարարությունը պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը պահպանելու եւ փլուզումից փրկելու վերաբերյալ որոշ ժամանակ առաջ բանավոր քննարկումներ էր ունեցել կառուցապատողի ներկայացուցչի եւ «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանի հետ։



Այդ քննարկումներին մասնակցել է նաեւ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ **Արմեն Աբրոյանը**, ով մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկման ընթացքում հնչել են տարբեր կարծիքներ, եւ իրենք շատ հստակ ասել են, թե որն է ընդունելի, որը՝ ոչ․ «Ընդունելի չէ որեւէ քանդման, տեղափոխման գործընթաց կամ որեւէ առարկություն, որ եկեք ուշացնենք, բերենք այս մի տարբերակը փորձենք եւ այլն։ Ես կարծում եմ՝ այստեղ նույնիսկ հետաձգման փորձ է կատարվում, որպեսզի հուշարձանը ենթարկվի ինքնուրույն քանդման, այսինքն՝ ուշացման ցանկացած գործընթաց նշանակում է սաբոտաժ, ու որեւէ մեկը պատասխանատվություն չի կրի։ Շատ հստակ է, որ այդ ուշացումն արդեն իսկ պատասխանատվության ենթարկելու հիմք է, եւ դրա համար մեր դիրքորոշումն է՝ ովքեր խախտում են արել, պատասխանատվություն պիտի կրեն եւ գիտակցեն, որ իրենց խախտման պատճառով է հուշարձանը վնասվում, ու իրենք պարտավոր են հուշարձանի վնասը կամ իրավիճակը շտկել եւ այդ վնասը վերականգնել։ Սա օրենսդրական մասնագիտական դիրքորոշում է, եւ որեւէ այլ կարծիք, դիրքորոշում, տարբերակ ընդունելի չէ, նույնիսկ ժամանակավոր որեւէ ամրացում մեզ վստահելի չի թվում, եւ պետք է փորձաքննված որեւէ հիմնավոր մասնագիտական կարծիք լինի, որ մենք կարողանանք այլ տարբերակ քննարկել, բայց մինչ օրս որեւէ հիմնավոր առաջարկ չենք ստացել»։



Աբրոյանը նկատում է՝ իրենք տեղում աշխատանքներ կատարելու թույլտվություն դեռ 2014-ից սկսած՝ չեն տվել, առկա են բազմաթիվ իրավախտումներ, որոնց համար դիմել են դատախազություն։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել քննարկման ժամանակ՝ հարցրինք մենք։ Առաջարկվել են մի քանի տարբերակներ՝ ժամանակավոր ամրացումից մինչեւ հարցի լուծում, մասնավորապես՝ թե ով է վճարելու, ով է պատասխանատվությունն իր վրա վերցնելու․ «Որոշվել է մեկ րոպե շուտ ամրակայման միջոցառումներ անել, դա քաղաքապետարանի դիրքորոշումն է եղել։ Մենք պահանջել ենք նախագիծ ներկայացնել, որպեսզի նույն խնդիրը չլինի, այսինքն՝ այնպիսի առաջարկ չանեն, որ կարող է վնասել հուշարձանը, միեւնույն է՝ արդեն ինչքան ժամանակ է անցել, սակայն որեւէ աշխատանք չի կատարվել։ Քաղաքապետարանը քննարկման արդյունքում հայտնում է մի դիրքորոշում, որը եւս տեղի չի ունեցել։ Այսինքն՝ ես այսօր նորից չեմ կարող վստահել քաղաքապետարանին»։



Հնարավո՞ր է այս հարցում շահագրգիռ կողմերը շրջանցեն մշակույթի նախարարությանը եւ հարցին այլ լուծում տան, հատկապես որ վարչապետի աշխատակազմից Տիգրան Հեքեքյանին համոզել են շենքը քանդել եւ մի 2 մետր այն կողմ տեղափոխել։ «Դա կնշանակի, որ մենք չենք գործում Հայաստանում, եւ այն հույսը, որ ունենք իշխանափոխությունից, որը պետք է բարելավեր իրավիճակը, այդ հույսը կկորցնենք։ Բացի այդ, օրենքով չի կարելի նման բան անել եւ առանց մշակույթի նախարարության որեւէ բան չի կարելի անել։ Հետո՝ ովքեր միջամտություն են արել, եւ որոնց պատճառով վնաս է հասցվել, իրենք պարտավորություններ ունեն՝ այս դեպքում թե՛ քաղաքապետարանը, թե՛ կառուցապատողը։ Ինչպես նաեւ Քաղաքաշինության պետական կոմիտեն՝ որպես քաղաքաշինության նախարարության իրավահաջորդ»։



Նախարարությունը լծակներ ունի՞, որպեսզի պարտադրի կատարել այդ պարտավորությունները։ «Բոլոր օրենսդրական մասերով դրանք սպառվել են, բացառությամբ մեկ կետի՝ բողոքարկել դատարան, իսկ դատական պրոցեսները կտեւեն ավելի երկար։ Անհույս է դատարանով, հատկապես որ քրեական գործ է հարուցված դատախազությունում։ Այսինքն՝ անիմաստ է դիմել, եթե առկա է քրեական գործ։ Այլ լծակ այս պահին կարծես չունենք։ Իսկ քննարկման ժամանակ մենք առաջարկներ արել ենք ոչ միայն Արամի 23-ի, այլեւ մյուս հուշարձանների մասով։ Մեր առաջարկներին կարծես չեն ուզում ընթացք տան, մի քիչ շահերի բախում կա, որովհետեւ մի քիչ ավել ծախս պետք է անեն, սակայն այդ ծրագրով դրա կոմպենսացիան նույնիսկ կա, ենթադրենք՝ 2 հարկ է նախատեսված եղել, նրանք արդեն 3-ն ունեն։ Այսինքն՝ ավել մակերես ունեն, եւ կարելի է այդ մակերեսներից ուղղակի հրաժարվել՝ շուկայական տրամաբանությունից ելնելով, կամ այդ մակերեսների ծախսը դնել դրա վրա։ Այսինքն՝ նրանք չեն տուժում, չի կարելի պետությունից տանել առավելագույնը»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**