Հայաստանի համբերությունը ևս անվերջանալի չէ

Հայաստանի համբերությունը ևս անվերջանալի չէ
Վերջին շրջանում Հայաստան եկող եւ գնացող պետական եւ քաղաքական գործիչներից շատերին, չգիտես ինչու, թվում է, թե իրենք կարող են գալ այստեղ՝ Հայաստան, եւ մեզ՝ հայերիս, «սովորեցնել», թե Հայաստանի համար որքան կարեւոր հարց է խաղաղության հարցը: Ամեն անգամ տեսնելով «մեզ սովորեցնելու գործը» հաջողությամբ առաջ տանելու գործընթացում վերը նշված պարոնների կողմից դրսեւորվող հետեւողականությունը՝ մեզ մոտ նրանց մի քանի հարցեր ուղղելու անասելի ցանկություն է առաջանում:



Այս առումով կուզեինք այդ պարոններին նախ հարցնել, թե այդ ո՞վ ասաց, որ այսքանից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում հենց խաղաղության հարցն է, որ կարող է եւ պետք է Հայաստանի համար ամենակարեւոր հարցը լինել: Արդյոք հնարավոր չէ՞ մտածել, որ ստեղծված ներկայիս աշխարհա-քաղաքական եւ տարածաշրջանային իրադրությունում Հայաստանը կարող է համարել, որ իր համար ամենակարեւորը ոչ թե ընդհանրապես խաղաղությունն է, այլ այն խաղաղությունը, որը հայությանը կտա պատերազմից եւ պատերազմի սպառնալիքներից ապահովագրված, կայուն եւ զարգացող Արցախի Հանրապետություն, որը Հայաստանի վերահսկողությունը կվերահաստատի Հայաստան-Իրան երկաթուղու նախիջեւանյան հատվածի վրա, ինչը մասնակիորեն կապաշրջափակի Հայաստանի Հանրապետությունը:



Կամ, ասենք, ինչո՞ւ հնարավոր չէ պատկերացնել, որ ստեղծված ներկայիս հանգամանքներում հայկական կողմը կարող է վերանայումներ կատարել արցախյան հիմնահարցի հետ կապված իր դիրքորոշումներում եւ բանակցությունների սեղանին դնել մի փաստաթուղթ, որի հիմքում ընկած լինի այն մոտեցումը, որում ամրագրված լինի արցախյան հիմնահարցի՝ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում լուծվելու հանգամանքը:



Իսկ դա առաջին հերթին կնշանակի, որ արցախյան հիմնահարցի մասին խոսելուց առաջ Ադրբեջանը նախ պետք է ապաշրջափակի Հայաստանն աշխարհին կապող կոմունիկացիոն բոլոր ուղիները եւ ապա Հայաստանին վերադարձնի Նախիջեւանը:



Կամ թե ինչո՞ւ Հայաստանին «սովորեցնել» սիրող պարոնայք քաղաքական եւ պետական գործիչներն ու այն երկրները, որոնց ներկայացնում են իրենք, փոխզիջումների անհրաժեշտությունից անընդհատ խոսող Ադրբեջանին երբեմն-երբեմն չեն «բացատրում», որ Հայաստանն այս քսանհինգից ավելի տարիներ միակողմանի զիջումների է գնում, քանի որ հանդուրժում է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ իրականացվող շրջափակումը:



Կամ թե ինչո՞ւ նրանց չեն հասկացնում, որ այն փաստից, որ Հայաստանը դեռեւս հանդուրժում է իրեն պարտադրված շրջափակումը, չպետք է եզրակացնեն, որ Հայաստանի համբերությունն անվերջանալի չէ։ Կարող է մի օր էլ սպառվել: Իսկ եթե իրոք այդպիսի բան պատահի, մենք վստահ ենք, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ «մեզ խելք սովորեցնել» սիրողները մտահոգվելու քիչ պատճառներ չեն ունենա:



**Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ**