Քաղաքական հարցերն այլևս մեզ չեն հետաքրքրում

Քաղաքական հարցերն այլևս մեզ չեն հետաքրքրում
Երեւանի ավագանու ընտրություններին «Երեւանի հանրություն» դաշինքը մասնակցեց ի դեմս ճարտարապետ Անահիտ Թարխանյանի, ով, սակայն, չի պատրաստվում որեւէ կերպ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ո՞րն է պատճառը։ Թարխանյանն ասում է՝ թե՛ դաշինքը, թե՛ ինքը հանրային, հասարակական գործիչներ են եւ քաղաքական հարցերի հետ կապ չունեն. «Մեր հիմնական նպատակն էր Երեւանի կառավարման բարելավումը, իսկ դրանից դուրս քաղաքական հարցերն այլեւս մեզ չեն հետաքրքրում»։



Հնարավո՞ր է որպես անհատ ընդգրկվի որեւէ քաղաքական ուժի ցուցակում։ «Չեմ կարծում, ես մասնագետ եմ եւ իմ մասնագիտական նախասիրություններն ունեմ։ Քանի որ իմ մասնագիտությունը խիստ կապված է Երեւան քաղաքի զարգացման հետ, մասնակցեցի ընտրություններին, քաղաքական գործունեության հետ կապված՝ ուրիշ հետաքրքրություններ չունեմ»,- ասում է ճարտարապետն ու հավելում, որ կշարունակի ակտիվ մնալ, բայց արդեն՝ ճարտարապետական եւ սկզբունքային հարցերի շուրջ։



Թարխանյանը կարծում է, որ պետք է հասարակության մեջ փոխել այն ընկալումներն ու մոտեցումները, ըստ որի՝ մարդիկ ընտրում են ոչ թե ծրագրերը, այլ՝ անհատներին. «Ինձ թվում է՝ կարեւոր է ե՛ւ անձը, ե՛ւ ծրագիրը, որովհետեւ ծրագիրը կարող է ներկայացվի, բայց եթե հասարակությունը չունի վստահություն անձի նկատմամբ, պարզ է, որ ծրագիրը դժվարությամբ է առաջ գնալու եւ դժվարությամբ է իրականացվելու։ Բայց եթե վստահություն կա անձի նկատմամբ, ծրագիրն էլ խելամիտ է, միտված հանրության կամ քաղաքական կյանքի զարգացմանը՝ իհարկե, կարեւոր են ե՛ւ ծրագրերը, ե՛ւ անձերը»։ Անահիտ Թարխանյանն ապագա խորհրդարանում, հաստատ, չէր ցանկանա տեսնել հանրապետականներին. «Մնացած ուժերն ինձ համար՝ որպես ալտերնատիվ, ընդդիմադիր ուժեր, ընդունելի են, բայց Հանրապետականը, պարզ է՝ ոչ»։



Ի՞նչ է մտածում Երեւանի քաղաքապետի առաջին նշանակումների մասին։ «Չեմ ճանաչում փոխքաղաքապետերին՝ որպես մասնագետների, բայց Հրաչյա Սարգսյանն ինձ կարծես թե ավելի պատրաստված անձնավորություն է թվում, քան մյուսները։ Իսկ ինչ վերաբերում է գլխավոր ճարտարապետի նշանակմանը, ապա խոսք չկա, շատ մեծ համակրանք եւ հարգանք ունեմ Արթուր Մեսչյանի նկատմամբ»։ Այն, որ 96-97 թթ․ կարճ ժամանակով նա արդեն աշխատել է գլխավոր ճարտարապետի պաշտոնում եւ ձախողել այն, Թարխանյանն ասաց. «Ես գիտեմ, որ այդ ժամանակ ոչ թե ձախողել էր, այլ շատ ծանր պայմաններում էր ինքն աշխատում, հիմնական պատճառը սա էր։ Այսինքն՝ դա սկզբունքային մոտեցում էր, եւ ինքը չկամեցավ շարունակել աշխատել իշխանությունների հետ այն պայմաններում, որտեղ իրեն ստիպում էին իր համար մասնագիտական ոչ ընդունելի որոշումներ կայացնել։ Ես գիտեմ, որ դա էր աշխատանքից ազատվելու պատճառը»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**