Կրկեսի վերածելու հայրենիք չունենք, իսկ կառավարական համակա՞րգ

Կրկեսի վերածելու հայրենիք չունենք, իսկ կառավարական համակա՞րգ
Նոր ձեւավորված կառավարությունը կադրային քաղաքականության հարցում դեռեւս հստակ ձեւավորված հայեցակարգ ու սկզբունք չունի։ Երկրի համար հրամայական դարձած խնդիրների լուծման հարցում ժողովուրդը նայում է Նիկոլ Փաշինյանին: Մարդկանց խնդիրների հասցեատերն անձամբ Փաշինյանն է, որովհետեւ կա վստահություն նրա անձի նկատմամբ եւ չկա վստահություն նոր ձեւավորված կառավարության երիտասարդ կազմի (գոնե մեծ մասի) նկատմամբ: Հեղափոխությունից հետո Գյումրիից Երեւան քայլարշավին եւ հաջորդած գործընթացներին ակտիվորեն մասնակցած անձինք, Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, սահուն քայլերով հասան կառավարություն` զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ: Մի կողմից դա ընդունելի եւ տրամաբանական քայլ է, որովհետեւ սկսված գործընթացին ակտիվորեն մասնակցած անձանց պետք է վարձահատույց լինեին՝ ընդգրկելով կառավարությունում եւ պետական գերատեսչություններում, մյուս կողմից՝ անփորձ ու դեռեւս ոչ պրոֆեսիոնալ կադրերը պատասխանատու պաշտոններում, ինչպես տեսնում ենք, լուրջ խնդիրներ են առաջացնում։ Փոքր թիմով հեղափոխություն նախաձեռնած Նիկոլ Փաշինյանը, ի սկզբանե չունենալով պրոֆեսիոնալ թիմ, գործը վստահեց անփորձ ու համարձակ երիտասարդներին՝ հույս փայփայելով, որ ժամանակի ընթացքում նրանք ձեռք կբերեն անհրաժեշտ փորձ ու պրոֆեսիոնալություն։



Մի առիթով դեռեւս Եվրոպայում գտնվող Լենինին հարցրել են, թե գիտի՞, որ հատկապես Անդրկովկասում հեղափոխության պատասխանատու գործը դրված է հանցագործների ու սրիկաների ուսերին, որ նրանք են նախաձեռնում եւ մոբիլիզացնում հեղափոխությունը: Լենինը պատասխանել է, որ գիտի, եւ հավելել, որ քանի դեռ հեղափոխությունը չի ավարտվել, նրանք իրենց պետք են: Կարծում եմ՝ կարիք չկա հարցնելու Նիկոլ Փաշինյանին, թե գիտի՞, որ իր հետ կառավարություն մտած ու պետական բարձր պաշտոններում տեղավորված նախկին ակտիվիստների ու ներկա քաղաքական գործիչների մի մասն իրենց վստահված գործից ոչինչ չեն հասկանում: Փաշինյանը դա լավ գիտի։ Դեռեւս հունիսին իր «լայվ»-երից մեկում ասել է, որ իրենք աշխատում են ճիշտ կադրային քաղաքականություն վարել, բայց միշտ չէ, որ ստացվում է, եւ հավելել․ «Իհարկե, չեմ կարող ասել, որ բոլոր նշանակումներն իդեալական են։ Ցանկացած մարդ ինչ-որ պատմություն, կենսագրություն է անցել։ Ես կառաջարկեմ նշանակումների մասին դատել արդյունքներով»։ Ցավոք, նման կադրային քաղաքականությամբ արդյունքներին դեռ երկար ենք սպասելու։



Յուրաքանչյուր հեղափոխություն, նախեւառաջ, խնդիր ունի պաշտպանելու ինքն իրեն, եւ այդ պաշտպանության ճանապարհին անհրաժեշտ են վստահելի հենարաններ պետական-կառավարման բոլոր հաստատություններում։ Այս դեպքում այդ հենարանները դարձան վստահելի, բայց ոչ պրոֆեսիոնալ կադրերը, որոնց կարելի է վստահել հեղափոխության պաշտպանությունը, սակայն ո՛չ երկրի ճակատագիրը։



Բոլշեւիկյան հեղափոխությունից հետո Լենինը կարողացավ երիտասարդ ու անփորձ նավաստուն նշանակել բանկի կառավարիչ եւ հաջողել մեծ ռեսուրսներ ունեցող երկրի զարգացումը, սակայն փոքր ռեսուրսներ ու մեծ խնդիրներ ունեցող Հայաստանը չի կարող որդեգրել նման կադրային քաղաքականություն եւ հաջողել։ Վերջին շրջանում ՀՀԿ-ական որոշ կադրեր, հրաժարվելով հարազատ կուսակցության հետ համագործակցությունից, նոր իշխանությունների կողմից նշանակվեցին պատասխանատու պաշտոնների։ Այլ հարց է, թե հասարակությունն ինչպես արձագանքեց այս նշանակումներին եւ ինչպես է արձագանքելու հնարավոր մյուս նշանակումների դեպքում, կարեւորն այս հարցում կառավարության վճռականությունն է, սկզբունքայնությունն ու հստակ հայեցակարգը։



Վերջերս Փաշինյանը, անդրադառնալով կադրային քաղաքականությանը, ասել է․ «Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել իշխանությունը, եթե այդ կառուցվածքը նայենք, կտեսնենք, որ հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով»։ Գիտակցումը, որ կառավարական համակարգում ու պատասխանատու պաշտոններում պետք են պրոֆեսիոնալ կադրեր՝ անկախ հեղափոխությանը մասնակցություն ունենալ-չունենալուց, լավ է, իսկ գործից անտեղյակ ակտիվիստներին ներկայացնելով որպես իրավիճակ փոխող սերունդ ու տալով ազատ գործելու իրավունք, ինչպես ցույց տվեցին նախորդ ամիսները՝ անհեռանկարային ու վատ։



Հույս ունենանք, որ արտահերթ ընտրություններից հետո, երբ կձեւավորվի հիմնական կառավարություն, պաշտոնները կտրվեն ոչ թե հեղափոխությանն ակտիվ մասնակցություն ունեցած լինելու համար, այլ՝ պրոֆեսիոնալիզմի։ Մի առիթով նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Նոր իրավիճակում կարելի է ասել` իսկ կրկեսի վերածելու կառավարման համակա՞րգ: Այստեղ տեղին է հիշել դերասանուհի Ֆաինա Ռանեւսկայայի խոսքերը` բաց թողեք հիմարներին ու ծաղրածուներին ձեր կյանքից. կրկեսը պետք է շրջագայի։



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**