Սա լուրջ չէ արդեն, պարոնայք

Սա լուրջ չէ արդեն, պարոնայք
Էս էն տունն է, որ շինել է Հովիկ Աբրահամյանը: Էս էն զենքն է, որ պահված է էն տանը, որ շինել է Հովիկ Աբրահամյանը: Էս մարտի 1-ն է, որ կրակել են էն զենքից, որ պահված է էն տանը, որ շինել է Հովիկ Աբրահամյանը: Բայց պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ:



Հասկանալի է, հեղափոխություն է տեղի ունեցել, պետք է այդ հեղափոխությանն արժանի գործեր բացահայտվեն, որ ժողովրդի մտքով ուրիշ բան չանցնի: Քանի-քանի այսպիսի գործեր «բացահայտվեցին»: Բա իսկի կմոռանա՞նք` էս էն արջն է, որ կերել է էն տուշոնկան, որ պահված է էն պահեստում, որ շինել է Մանվել Գրիգորյանը… Կարճ ասեմ` մեկը մեկից աղմկահարույց, մի գործը մեկից «գժական», մի գործը մեկից հուժկու:



Օրերս էլ հարկային տեսուչների կողմից գործարարից մեկ միլիոն դրամ կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք բացահայտվեց: Այդ մասին խոսեց նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերը հիշատակված աղմկահարույց բացահայտումների շղթայում, ինչ խոսք, դա «ամենագժական» դեպքը չէր, բայց դրա շուրջ աղմուկը, չգիտես ինչու, գերազանցեց անգամ աննախադեպ գործերին:



Արդեն հայտնի է, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ին, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ին եւ նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1 մլն ՀՀ դրամ կաշառք: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Ա.-ի, Վ. Լ.-ի եւ Ս. Է.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են, եւ վերը նշված 3 պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



Թվում է` այս գործում ամեն ինչ պարզ է: Հարկային պաշտոնյաները ձեռնարկատիրոջից կաշառք են պահանջել եւ ստանալու պահին բռնվել: Թե դա ինչպես է արվում, հասկանում են բոլորը: Ամենայն հավանականությամբ` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը նախապես տեղեկացված է եղել ձեռնարկատիրոջ եւ նշված բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ի հանդիպման մասին, որի ժամանակ էլ պետք է փոխանցվեր գումարը: Ամեն ինչ ընթացել է շատ հարթ, УБОП-ը ձեռնարկատիրոջից հետո ներխուժել է հարկային պաշտոնյայի աշխատասենյակ եւ… Մնացածը մեզ հայտնի է ոստիկանության «գեղեցիկ» տեսաֆիլմից: «Օպերացիան» տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին: Անցած օրերի ընթացքում մամուլն էլ իր հերթին հասցրեց «լրացնել» բացը` չխորանալով գործի նրբությունների մեջ. Մինչդեռ այս գործում, ինչպես նախկինում «բացահայտված» այլ աղմկահարույց գործերում, զավեշտալի բաներ շատ կան: Զորօրինակ, հավատալո՞ւ է, որ ՊԵԿ համակարգում տարիներ շարունակ ծառայած, անբասիր կենսագրությամբ աչքի ընկած, ղեկավարների խրախուսանքին արժանացած եւ ընդամենը 20 օր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ նշանակված Ս. Է.-ն կարող էր մասնակից լինել երբեւէ չտեսած, չճանաչած ձեռնարկատիրոջից մեկ միլիոն դրամ շորթելու գործին: Դա աբսուրդ է` կասեն համակարգի մարդիկ: Բայց ի՞նչ անել, երբ օրվա իշխանությանն օդի եւ ջրի պես աղմկահարույց գործեր են պետք: Ինչո՞վ է առաջնորդվել դատարանը` կալանավորելով բաժնի պետին, երբ տակավին ապացուցված չի կարելի համարել նրա մասնակցությունն այս գործարքին: Հնարավո՞ր էր այլ խափանման միջոց ընտրել բաժնի պետ Ս. Է.-ի նկատմամբ, երբ շատերը գիտեն, որ նա իր նշանակման օրվանից բազմաթիվ այլ հանդիպումներ էր ունեցել գործարարների հետ, հորդորել նրանց` որոշակի ժամանակացույց ներկայացնել չվճարված հարկերը մաս-մաս վճարելու համար:



Մամուլը, անշուշտ, տեղի ունեցածից հետո պրպտել է Ս. Է․-ի կենսագրությունը եւ, այ քեզ հաջողություն, պարզել, որ նրա ընտանիքը ծագումով Տաշիրից է: Սրանից էլ եզրակացրել են, որ իբր «միջնորդության (կալանավորման) բավարարումը դատարանին հեշտ չի տրվել, որովհետեւ հիշյալ Ս. Է.-ին այս պաշտոնում նշանակել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, եւ նրա համար միջնորդել են այնպիսի հեղինակություններ, ինչպես «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը:



Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, քաջածանոթ է ՊԵԿ աշխատակիցների «խառը» ձերբակալության այս գործին: Անցյալ օրը մեկը ելույթ էր ունենում հեռուստատեսությամբ. «Ջնջել եմ «Հայ լոտո», շահել եմ արդուկ»: Կադրային ջարդը, անշուշտ, լոտո ջնջել չէ, մանավանդ երբ լուրջ մասնագետների կարիք ունես: Փաշինյանը, սակայն, առաջ է գնում «ամեն ինչ բախտի բան է» սկզբունքով եւ կարող է վաղը կանգնել լրջագույն խնդիրների առաջ: Չենք ասում, որ պետք է ներողամիտ գտնվել կաշառք վերցնող-տվողների հանդեպ: Բայց գոնե կարելի է խորամուխ լինել հարցերի մեջ եւ նոր միայն հայտարարել հերթական հանցագործության մասին: Հակառակ պարագայում ստացվում է` «ջնջել եմ Հայ լոտո, դարձել եմ վարչապետ»: Լուրջ չէ, իսկապես:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**