Դատարանը կանխակալ վերաբերմունք ուներ. Արմեն Ֆերոյան. տեսանյութ

Դատարանը կանխակալ վերաբերմունք ուներ. Արմեն Ֆերոյան. տեսանյութ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարում տեղի ունեցավ «Yerevan Today» լրատվական կայքի խմբագրությունում Քննչական կոմիտեի և ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից իրականացված խուզարկության գործով դատական նիստը։ Լրատվամիջոցը դատական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ խուզարկության համար չեն եղել օրինական հիմքեր, քանի որ խուզարկությունը տեղի է ունեցել ոստիկանության օպերատիվ մեկ տեղեկության հիման վրա։ Բացի այդ՝ խմբագրությունից առգրավվել էին կրիչներ և տեխնիկական այլ սարքեր, որոնց վրա, ինչպես պաշտպանն է ասում, եղել են խմբագրության՝ 2014 թվականից սկսած աշխատանքին վերաբերող տեղեկություններ ու արխիվներ, որոնք մինչ այժմ չեն վերադարձվել լրատվական կայքին։



Նիստից հետո փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 3 վերաքննիչ բողոք է ներկայացվել դատարան՝ խմբագրությունում, տնօրենի ու տնօրենի հարևանի տներում կատարված խուզարկությունների մասով. «Մեր կողմից ներկայացվել էր 3 վերաքննիչ բողոք՝ տարբեր հասցեների հետ կապված, քանի որ խուզարկություն իրականացվել էր «Yerevan Today» կայքի զբաղեցրած տարածքում, խուզարկություն կատարվել էր տնօրենի բնակարանում և, անհասկանալիորեն, տնօրենի հարևանի բնակարանում։ Առաջին բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշման հանգեց, որ կմերժի մեր ներկայացրած բողոքը, և անցավ մյուս 2 բողոքների քննարկմանը։ Մյուս 2 բողոքների քննարկման ընթացքում ես ժամանակ եմ խնդրել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, քանի որ 3 գործերով էլ փաստական հանգամանքները, ըստ էության, նույնն են, և դատարանը արդեն իսկ ունի ձևավորված կանխակալ վերաբերմունք, հետևաբար, իմ խորին համոզմամբ, այլևս դատարանը չի կարող մյուս 2 վերաքննիչ բողոքները քննել օբյեկտիվ, հաջորդ դատական նիստը տեղի կունենա ամսի 27-ին՝ ժամը 15։30-ին։ Դատարանը մեզ դեռ որոշում չի տրամադրել, հիմնավորումների մասին չեմ կարող խոսել »,- նիստից հետո հայտատարեց «Yerevan Today»-ի փաստաբան Արմեն Ֆերոյանը։



Հարցին, թե ինչո՞վ է արտահայտվել դատարանի կանխակալությունը, Ֆերոյանը պատասխանեց. «Քանի որ գործը նույն փաստական հանգամանքներով է, այսինքն՝ բոլոր դեպքերում էլ խուզարկությունը կատարվել է բացառապես ոստիկանությանը տրված 1 տեղեկատվության հիման վրա, իսկ 3 խուզարկությունների հիմքում էլ դրված է այդ փաստական հանգամանքը, այսինքն՝ դատավորը մեր փաստարկումը, կարծում եմ, գտել է ոչ իրավաչափ, հետևաբար անտրամաբանական եմ համարում, որ նույն գործերը կարող է շարունակել քննել նույն դատավորը, քանի որ, կրկնում եմ, ինքը դրանց վերաբերյալ արդեն իսկ ունի ձևավորված կանխակալ մոտեցում։ Ինքնաբացարկի միջնորդությունը կներկայացնենք հաջորդ նիստի ընթացքում, և հուսանք, որ դատավորը կբավարարի մեր ինքնաբացարկի միջնորդությունը, և գործի քննությունը կհանձնվի մեկ այլ դատավորի»։



Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին ՔԿ և ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել լրատվամիջոցում, այն բանից հետո, երբ հրապարակվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի սկանդալային ձայնագրությունը, ըստ ամենայնի՝ իրավապահները այնտեղ գաղտնալսող սարքեր էին փնտրում, քանի որ «Yerevan Today»- ը առաջիններից էր, որ հրապարակել էր այդ աղմկահարուց հեռախոսազրույցը, բացի այդ , ըստ շրջանառվող լուրերի, լրատվամիջոցը պատկանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։