Մեզ դեռ ընկալում են որպես տուգանող, սխալ բռնող մարմին

Մեզ դեռ ընկալում են որպես տուգանող, սխալ բռնող մարմին
Հարցազրույց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ



**-Պարոն Գյուրջինյան, այս 5 ամիսների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են արվել թե՛ Լեզվի կոմիտեի աշխատաոճում, թե՛ աշխատակազմում։**



-Պետք է ասեմ, որ պետական մարմնի համար ժամանակն այնքան էլ մեծ չէ, եթե նկատի ունենանք, որ սա լեզվի ոլորտն է, եւ փոփոխությունները միանգամից չեն երեւալու։ Նախ պետք էր ծանոթանալ իրավիճակին՝ ինչ ունենք, ինչ ենք արել եւ ինչպես, այնուհետեւ առաջնորդվել նոր կանոնադրությամբ, որովհետեւ մենք հիմնականում ժառանգել ենք Լեզվի պետական տեսչության աշխատակազմը․ բացի ինձնից, տեղակալից եւ 2 օգնականներից, մնացած բոլորը դեռ այստեղ են։



**-Այսինքն՝ առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ։**



-Ժամանակը սրբագրումներ մտցնում է, երբ աշխատանքի ծավալը մեծանա ու փոխվի, այդպիսի փոփոխություններ պետք է լինեն՝ անհրաժեշտաբար։ Այս շրջանը նաեւ վերափոխվելու հնարավորություն պետք է տար մարդկանց, մեկ էլ իմ համոզումը՝ կարո՞ղ է այս մարդը շարունակել աշխատանքը, թե՞ ոչ։ Վստահ ասում եմ, որ փոփոխություններ անհրաժեշտ են, այլապես չենք կարող այդ ծավալի աշխատանքն իրականացնել, որը կլինի ընդհանուր գործի համար օգտակար։



Պետք է փորձենք աշխատել միասին, նոր ոճով եւ ոգով։ Այդ ոգին շատ կարեւոր է, որովհետեւ իրավիճակ է փոխվել երկրում, եւ այս նոր մարմինն էլ պետք է նոր աշխատելաոճ բերեր։ Հիմնական անելիքն այն է, որ հասարակության մեջ պետք է փոխենք պետական լեզվի նկատմամբ եղած վերաբերմունքը։ Այն պետք է գերակա լինի մեր պետության բոլոր ոլորտներում․ սա համար մեկ խնդիրն է։ 2-րդ խնդիրը պետական այս մարմնի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է, որովհետեւ մինչեւ հիմա ինքնաբերաբար մեզ ընկալում են որպես տուգանող, սխալ բռնող մարմին։ Մենք, բնականաբար, աշխատակիցների այդ իներցիան էլ ենք զգում, նրանք այլ բան չեն պատկերացնում, քան լեզվական խախտում գտնելը ցուցանակի տեսքով, իսկ սրա արդյունքը միանգամից չի երեւա, բայց մենք արդեն հիմքեր ենք գցում համագործակցելու, աջակցելու եւ օժանդակելու։ Պետք է մինչեւ լեզվական խախտում դառնալը կանխել, սովորեցնել, բացատրել, հորդորել, ոմանք երբեմն հեգնում են, թե ես միայն լավ հորդորում եմ, կամ հորդորելը թույլ ձեւ է։ Մարդուն պետք է ամեն կերպ օժանդակես, նպաստես, որ նա օրենքի խախտում չանի կամ չանի այնպիսի բան, որը մեզ՝ հասարակության անդամներիս, այնքան էլ հաճելի չէ։ Հիմա սա քաղաքական դիրքորոշում է, ես այստեղ եկել եմ այս կանոնադրության հիման վրա այսպես աշխատելու։



**-Ձեր առաջին քայլերից մեկը ֆեյսբուքյան տիրույթում Լեզվի կոմիտեի ներկայությունն ամրագրելն էր։**



-Հենց կայքի բացակայությունը ստիպեց, որ ֆեյսբուքյան տիրույթում հանդես գանք, հիմա ես խոսում եմ եւ մտովի կռիվ եմ տալիս այն մարդկանց դեմ, որոնք ասում են, թե սահմանափակվում ենք Ֆեյսբուքում։ Պետք է ասեմ, որ Ֆեյսբուքում բոլորը կան՝ աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչները, պետական մարմինները՝ իրենց պաշտոնական էջերով, եւ կա հասարակությունը, մենք լեզվակիր հասարակության համար ենք աշխատում։ Այնպես որ՝ այս տիրույթում տեղ ունենալը կարեւոր է։ Ի սկզբանե ո՛չ կայք է եղել, ո՛չ էլ ֆեյսբուքյան էջ, փակ հաստատություն է եղել, եւ կարճ ժամանակում հասցնել 13 հազար եւ ավելի հավանումների ու քննարկումների, որոնց մեջ կա նաեւ քննադատություն, երբեմն նաեւ մեզ ուղղված, դա արդեն շատ լավ է։ Հենց դա էլ համագործակցություն է, բայց բացահայտ եւ թաքնված նպատակը հստակ է՝ արծարծել լեզվական հարցեր։ Հիմա կարող է հարակից նյութեր էլ ենք դնում, որովհետեւ մեր ընթերցողները տարբեր տարիք ունեն, տարբեր մասնագիտություններ, ճաշակ, կրթական մակարդակ, եւ դրա համար էլ այսպիսի տատանումներ են լինում, որ չլինի միայն լեզվական հեղեղ։ Մեկն այսինչ բանի շնորհիվ կգա կկապվի մեր էջին, ու մենք ուղղակի եւ անուղղակի կիրականացնենք լեզվաքարոզչություն, ինչը մեր գործառույթներից մեկն է։



**-Ֆեյսբուքից բացի, համագործակցության եւ լեզվաքարոզչություն իրականացման ի՞նչ այլ հարթակներ եք օգտագործում։**



-Հանրային հեռուստատեսության եթերում «Առավոտ լուսո» ամենօրյա հաղորդման շրջանակներում «Ճիշտ, թե սխալ» բաժինն ունենք, որտեղ ներկայացվում են լեզվական հարցեր։ Հանրայինը մեծ լսարան ունի, եւ այդ լսարանն ունենալը մեզ համար կարեւոր է։ Նաեւ մեր աշխատակիցներից մանկագիր Երազիկ Գրիգորյանը «Ներկայացնում է լեզվի կոմիտեն» խորագրով բաժին է վարում «Եթեր» շաբաթաթերթում։ Սա էլ լսարան ունեցող թերթ է, որտեղ Երազիկ Գրիգորյանը քննարկում է ֆիլմերի, մուլտֆիլմերի լեզուն։ Նա նաեւ «Կանչ» մանկապատանեկան թերթի հետ է նման աշխատանք սկսել։



**-Ես տեսա, որ կոմիտեի էջում նաեւ լրագրողների բառամթերքին եւ սխալներին եք անդրադարձել։**



-Այո, մեր մյուս աշխատակից Գուրգեն Միքայելյանի հետ քննարկում էինք, որ հեռուստահաղորդումներին հետեւի եւ նրանց լեզվական վերլուծությունն անի։ Նա ասաց, որ թերեւս լրատվականներում այդպիսի արտառոց սխալներ չլինեն, ու սկսեց դիտել Հանրայինի «Օրակարգ»-ը, «Երկիր մեդիայի» «Երկիրը՝ այսօր»-ը, Կենտրոնի «Էպիկենտրոն»-ը եւ Հ 3-ի «Ժամը»։ Ընդամենը 3-ական հաղորդում էր դիտել եւ խիստ մանրակրկիտ ամեն հեռուստաընկերության համար 10 էջանոց հորդորակներ պատրաստեց։ Արձագանքը վատ չէր, վերջերս հանդիպեցի Գեղամ Մանուկյանին՝ «Երկիր մեդիա»-ից, եւ նա ասաց, որ շատ հետաքրքիր եւ մանրակրկիտ աշխատանք է արվել։ Մենք ամեն հորդորակից հետո մեր ընդդիմախոսներին չենք տեղեկացնում, թե ինչ ենք արել։ Սա շատ կարեւոր աշխատանք է, որովհետեւ դու համագործակցում ես այն տեղեկատվական միջոցի հետ, որը բազմահազարանոց լսարան ունի։ Բարեբախտաբար, մեզ ընդառաջ են գալիս, եւ մենք շատ նախահարձակ չենք լինում։



**-Իսկ քաղաքացիներից ինչքա՞ն հաճախ եւ ի՞նչ տեսակ հարցումներ, նամակներ եք ստանում։**



-Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին մենք ունեցել ենք ամսական 30-33 գրանցված նամակ, հարցում՝ տարբեր պարզաբանումների առիթով, ու դրա վերաբերյալ քաղաքացիներին պատասխանել ենք կարճ ժամանակում։ Տարբեր հարցեր են տալիս, նույնիսկ այնպիսի հարցեր, որ կարող ենք ասել՝ բացեք բառարանը։ Այսօր ես մի նամակի պատասխան ստորագրեցի, որտեղ քաղաքացին հարցնում էր, թե ինչ է նշանակում «ձեռք բերել»։ Մեզ երբեմն դիմում են նաեւ իներցիայով․ այսպիսի նամակներ են գալիս՝ այսինչ տեղում տեսել եմ մի ազդագիր, որը ռուսերեն էր կամ անգլերեն, պահանջում եմ նրան ենթարկել տուգանքի։ Սակայն մենք այդպիսի գործառույթ չունենք։ Երբ հստակ լինի, թե ովքեր պետք է զբաղվեն այդ հարցով, այդ ժամանակ էլ պետք է թույլ չտան նման ցուցանակի կամ ազդագրի տեղադրումը։ Տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի շուտ պետք է զբաղվեն, մենք նրանց հետ կարող ենք համագործակցել, հուշել, քաղաքացիներին ուղղորդել։



**-Նախկին Լեզվի պետական տեսչությանը շատ էին մեղադրում անգործության մեջ, տեսչությունն էլ իր հերթին ասում էր, որ շատ լծակներ չունի։ Տեսչությունը կոմիտե դառնալուց հետո պետք է նոր գործառույթներ եւ 5-ամյա ծրագիր ունենար։**



-Երեւի նկատի ունեք պետական լեզվական քաղաքականության 5-ամյա ծրագիրը․ մեր գործառույթներից մեկն այդ ծրագրի մշակումն է, ապա դրանից բխող այլ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը։ Մենք հույս ունենք, որ կառավարության 5-ամյա ծրագրում ներառված այդ տողը կհաստատվի, եւ կոմիտեի մի բաժինը կզբաղվի այդ ծրագրի մշակմամբ, այսինքն՝ լեզվի բնագավառում պետական քաղաքականության իրականացման լուրջ ծրագիր պետք է լինի։ Արդեն ասացի, որ այդ՝ տուգանելու գործառույթը մենք չունենք եւ դրանից չենք դժգոհում, որովհետեւ դա մեր ցանկությունը չէ, Հայաստանում իրականացվում են տեսչական բարեփոխումներ, ամբողջ փիլիսոփայությունն է փոխվում, երկրի մոտեցումը։ Ինչքա՞ն կարելի է ճնշել, սեղմել, տուգանել, պիտի համագործակցել։ Այդ տրամաբանության մեջ է, որ չունենք լծակներ, մենք չենք ուզում ոստիկան լինել, այլ ուզում ենք աշխատել հանուն հայերենի եւ պետության։ Մեր խնդիրը դա է, ոչ թե քաղաքացուն եւ այս կամ այն մարմնին տուգանելը։ Եթե այդքանից հետո լինեն խախտումներ կամ պատժելի արարքներ, դրա պատասխանատվությունը մարդիկ կկրեն, բայց մենք դրանով չենք զբաղվում։ Մենք կարող ենք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ իրազեկիչ նամակներ, հորդորակներ։ Ոմանք ասում են՝ դա թույլ է, եթե անհասկացողը չի հասկանում, համապատասխան մարմինը նրան հետո կպատժի, իսկ այն մարդիկ, որոնք տեղյակ չեն, օրինակ՝ մեկը տեղյակ չէ, որ ցուցանակը պետք է այսպես անի, նրան տեղեկացնում ես, իրազեկում, որ գործը չհասնի տուժելուն։



Մարդուն պետք է զգուշացնես այդ օրենքի եւ օրենքի պահանջի մասին։ Մեր ուժեղությունը լծակներ ունենալ-չունենալու մեջ չենք տեսնում, հիմա եթե զենք ունենայինք, կլինեինք ավելի՞ ուժեղ։ Մեր ուժը շատ աշխատելու եւ լեզվի ոլորտում լայնածավալ գրոհ ծավալելու մեջ է։ Այդ պետական ծրագիրը բոլոր ոլորտներին առնչվելու է, երբ այն մշակվի ու հաստատվի, կատարողները շատ ավելին կլինեն, քան այս 18 մարդը, որ աշխատում են Լեզվի կոմիտեում։ Թվային տիրույթը բացակայել է մինչեւ հիմա, դրա մասին ո՛չ խոսել են, ո՛չ քննարկել պետական ծրագրերում, եւ մենք նախատեսել ենք մի ծրագիր՝ հայերեն ընդհանուր էլեկտրոնային տերմինարան։ Սա նշանակում է, որ պիտի կատարվի տերմինների կանոնարկման աշխատանք, դրանք հավաքվեն մեկ տեղ, եւ դա անընդհատ պետք է համալրվի նոր տերմիններով, որովհետեւ հայերենը պետք է հասցնի հետ չմնալ համաշխարհային զարգացումներից։ Չէին կարող 93թ․-ին օրենքի մեջ գրել հեռախոսագրերի մասին․ սա լրիվ նոր խնդիր է եւ նոր ոլորտ։ Մեկը ես՝ որպես քաղաքացի, միշտ դժգոհել եմ, թե ինչու պետք է ես մշակույթի նախարարությունից լատինատառ գրություն ստանամ թանգարանային գիշերների մասին։ Ժամանակն իր պահանջն է դնում, եւ հասարակությունն ու պետությունը պետք է նպաստեն այդ խնդրի լուծմանը։ Առանց հասարակության աջակցության մենք չենք կարող ոչինչ անել, մեր ուժը հասարակության կամքի, մտքի վրա ազդելն է, եւ ուրախանում ենք, որ մեր ասածը տեղ է հասնում, եւ ունենք համախոհների մեծ բանակ, այդ համախոհներն էլ ունեն իրենց ջոկատները, եւ դա մեծ մի զորախումբ է դառնում, որ պետք է ապահովի օրենքի պահանջը․ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, եւ այն պետք է գերակա լինի ամենուրեք։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**