Ռուսական թատրոնի նորանշանակ գեղղեկավարը չի պատրաստվում դառնալ խամաճիկ կոլեկտիվի ձեռքում

Ռուսական թատրոնի նորանշանակ գեղղեկավարը չի պատրաստվում դառնալ խամաճիկ կոլեկտիվի ձեռքում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը վերջապես լուծում ստացավ։ Հանգուցալուծումն անսպասելի էր շատերի համար․ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանն օրերս հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ որոշում է կայացրել թատրոնի գեղղեկավար նշանակել ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանին։ Նա նշեց, որ որոշումը կայացրել է առանց մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելու եւ տեղեկացնելու։ Մի բան, որ զարմանալի է․ նախ, եթե տնօրենն իրավունք ուներ նշանակել գեղղեկավարին, ինչո՞ւ վերջին մեկ տարում դա չէր անում։ Երկրորդ․ մշակույթի նախարարությունը հայտարարված մրցույթի արդյունքում որոշեց հնարավորություն տալ 2 բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյանին եւ Կարեն Ներսիսյանին, բեմադրություն անել թատրոնում, որից հետո նոր որոշում կայացնել նշանակման հարցում, ինչը, սակայն, տեղի չունեցավ։



«Եթե Սուրեն Շահվերդյանին գիտեն համարյա թե բոլորը, քանի որ ինքը բնակվում է այստեղ, ապա Կարեն Ներսիսյանը սկսել է իր աշխատանքային եւ ստեղծագործական գործունեությունն էս թատրոնից, նույնիսկ համարյա թե մեկ տարի աշխատել է բեմի բանվոր… Եվ հետո՝ բեմադրել է մեր մոտ դիպլոմային ներկայացումներ: Հետո մեկնել է Ռուսաստան, համարյա թե ինը տարի աշխատել Մարկ Ռոզովսկու թատրոնում, հետո բեմադրել է զանազան ներկայացումներ Ֆոկինի մոտ, Ֆոմենկոյի մոտ եւ Ռուսաստանի շատ եւ շատ թատրոններում: Կոլեկտիվում կան մարդիկ, որոնք Կարեն Ներսիսյանին են ընդունում, կան մարդիկ, որոնք Սուրեն Շահվերդյանին են ընդունում… սենց կիսված վիճակով կոլեկտիվը երկար չի կարա: Առաջնահերթ պարտավոր եմ մտածել մեր թատրոնի եւ իմ կոլեկտիվի համար»,- ասուլիսի ընթացքում ասել էր Ֆրեդ Դավթյանը, ում հետ, սակայն, ոչ մի կերպ չկարողացանք կապ հաստատել։



Բեմադրիչ **Սուրեն Շահվերդյանի** համար այս որոշումը նույնպես անսպասելի էր։ Նա կարծում է, որ խնդիրն օրենքի եւ թատրոնի կանոնադրության մեջ է․ «Անհեթեթ է, երբ թատրոնի տնօրեն կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով 200 հարցից կազմված քննությունը հանձնի եւ հետո՝ որպես իր հերթական աշխատող, նշանակի գեղարվեստական ղեկավարին։ Ինձ համար դա անթույլատրելի է, հատկապես երբ տնօրենը նույն թատրոնի դերասանն է եւ կնշանակի նրան, ով կբեմադրի իր համար կամ չի խառնվի իր ֆինանսական գործունեությանը։ Ինձ համար պարզ էր Ֆրեդի որոշումը, պատճառներն էլ՝ հասկանալի, բայց մշակույթի նախարարությունը, որն այդքան աչալուրջ մոտեցել էր խնդրին եւ Հայաստանում բացառիկ որոշում կայացրել, որպեսզի մրցույթի միջոցով անցած թեկնածուներն իրենց ուժերը ցույց տան եւ բեմադրություն անեն, հանկարծ կեսից մեկն ընդհատեց՝ ասելով, որ ոչ մեկի հետ հաշվի չեմ նստում եւ նշանակում եմ անում։ Եթե ամեն ինչ փորձում են թափանցիկ անել, ուրեմն հույս ունեմ, որ մոտ ապագայում պատասխանատվության կենթարկվեն այդքան մարդու անտեսելու համար, ոնց որ մրցույթի ժամանակ վազողներին ասեն․ վազեք՝ տեսնենք ով է ավելի հմուտը, ով առաջինը տեղ կհասնի, մեկ էլ, դեռ վազքը չսկսած, ասեն՝ վերջ, մենք գիտենք, թե ով է ավելի լավը։ Անհեթեթ մի բան»։



Շահվերդյանը չի ցանկանում կռիվ տալ գեղղեկավարի պաշտոնի համար, ասում է՝ ժամանակը ցույց կտա, թե ինչպես կընթանա թատրոնի զարգացումը, եւ արդյոք զարգացում կլինի՞, թե՞ ոչ, կբարձրանա՞ ներկայացումների որակը, թե՞ ոչ․ «Ես հիմա պայքարելու եմ նրա համար, որ Հայաստանի թատրոնների կանոնակարգում գործի օրենքը, եւ պատահական տնօրենները չկարողանան նշանակել գեղարվեստական ղեկավար։ Թատրոնը կդառնա թատրոն, երբ գեղղեկավարի իրավասությունները լինեն ամենահզորը թատրոնում։ Ես իմ ծրագրի մեջ դա նշել էի եւ վստահ եմ, որ Ֆրեդ Դավթյանը կարդացել է ծրագիրը եւ հասկացել, որ գալիս է մի մարդ, որը պայքարելու է նրա համար, որպեսզի գեղղեկավարի լիազորությունները լինեն ավելի մեծ եւ ավելի շատ․ աշխարհում այդպես է ընդունված։ Հայաստանում այդ օրենքը փոխվել է այն ժամանակ, երբ նույն ռուսական թատրոնի գեղղեկավարն այն տարիքին էր, երբ չէր կարող լինել ղեկավար, եւ իր դերասանին ասել է՝ քեզ դարձնեմ տնօրեն, ու միասին կաշխատենք։ Պրոբլեմը, ահա, այդտեղից է սկսվում։ Պետք է ՊՈԱԿ-ների մասին օրենքը փոխվի, գեղարվեստական ղեկավարը չի կարող լինել տնօրենի հերթական աշխատողը»։



Այլ կերպ ասած՝ ի դեմս իրեն, թատրոնի տնօրենը գաղափարական մրցակից է տեսել եւ շտապել նշանակում անել, մինչդեռ ինքն իր հետ թատրոն բերելու էր մի քանի հիմնադրամներ, հովանավորներ, ովքեր գումար կներդնեին թատրոնի զարգացման համար, որովհետեւ թատրոնի շենքը նաեւ վերանորոգման եւ վերազինման կարիք ունի։ «Իմ ծրագիրն արմատական փոփոխությունների ծրագիր էր, որը բարելավելու էր ե՛ւ դերասանների կյանքը, ե՛ւ թատրոնի վիճակը։ Իմ եւ ոչ միայն իմ կարծիքով՝ ռուսական թատրոնն արմատական փոփոխությունների կարիք ունի, եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ռուսական թատրոն, որի համար հենց ռուսների առաջ չենք ամաչի»,- ասում է Շահվերդյանն ու հավելում, որ տնօրենին ձեռնտու չէր իր ծրագիրը, եւ նա հենց այդ փոփոխություններից է վախեցել․ «Ես իմ ծրագրում նշել էի, որ թատրոնին պրոդյուսեր է պետք, որը գումարներ է բերելու, նաեւ այն, որ թատրոնը պետք է լինի բացարձակ թափանցիկ, օրինակ՝ որքան գումար է մտնում թատրոնի վարձակալություններից, որը 7 կողպեքի տակ փակված է։ Կարծում եմ՝ եթե որոշ մարդիկ մտնեն եւ փորձեն պարզել, թե ֆինանսական ինչ գործունեություն է ունեցել թատրոնը, շատերը կպատժվեն»։



Նորանշանակ գեղղեկավար **Կարեն Ներսիսյանն** իր պարտավորությունները կստանձնի նոյեմբերի 10-ից․ այդ ժամանակ նա նոր կժամանի Երեւան։ Մինչ այդ մենք կապ հաստատեցինք Ներսիսյանի հետ եւ խնդրեցինք պատասխանել մի քանի հարցերի, մասնավորապես՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս որոշեց առաջադրել թեկնածությունը ռուսական թատրոնի գեղղեկավարի պաշտոնում։ «Ամռանն ինձ դիմեցին ռուսական թատրոնի մի խումբ դերասաններ, ովքեր նախաձեռնեցին իմ այցը Երեւան։ Ես տեսա մարդկանց, որոնց համար միեւնույն չէ թատրոնի ճակատագիրը, ովքեր ուզում են, որ թատրոնը զարգանա, ուզում են անձնական ստեղծագործական աճ եւ ուզում են ինձ հետ աշխատել։ Դրանից հետո ես տվեցի իմ համաձայնությունը»։



Ներսիսյանն ասում է, որ ռուսական թատրոնի հետ ծանոթ է մանկուց, բացի այդ՝ հայրը թատրոնի հնչյունային ռեժիսորն էր, եւ ինքը ժամանակի մեծ մասն անցկացրել է կուլիսներում, ներկայացումների փորձերը դիտել։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է թատրոնում՝ որպես բեմի բանվոր, իսկ արդեն 3-րդ կուրսից սկսել է թատրոնում աշխատել՝ որպես ռեժիսոր, բեմադրելով 2 ներկայացում։ Ներսիսյանը կապը ռուսական թատրոնի հետ երբեք չի կորցրել, անգամ Մոսկվա տեղափոխվելուց հետո պարբերաբար հանդիպել է Ալեքսանդր Գրիգորյանի հետ, եւ իր հետաքրքրությունն այս թատրոնի հանդեպ չի կարելի համարել հանկարծակի․ «Ես չեմ պատրաստվում քանդել, որպեսզի կառուցեմ, բայց փոփոխություններ կլինեն, այնպիսի փոփոխություններ, որոնք պահանջում են զարգացում, ստեղծագործական աճ։ Ժամանակները փոխվում են, պետք է փոխվի նաեւ թատրոնը։ Ես կուզեմ տեսնել այս թատրոնը որպես մայրաքաղաքի մշակութային կյանքի խոշոր կենտրոններից մեկը։ Ինչ վերաբերում է խաղացանկային քաղաքականությանը, ապա այն տեսնում եմ 2 ուղղությամբ․ համաշխարհային դրամատուրգիայի դասական դարձած շեդեւրներ եւ ժամանակակից ուղղություն՝ նոր անունների փնտրտուք, լաբորատոր հետազոտական գործունեություն»։



Չի՞ կաշկանդվում այն հանգամանքից, որ թատերական աշխարհում եւ նույնիսկ ռուսական թատրոնում շատերն իրեն չեն ճանաչում։ «Ես հանրային մարդ եմ, եւ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում դժվար չէ իմ մասին ինֆորմացիա գտնել։ Շատերն իմ մասին գիտեին, շատերն էլ՝ ոչ, եւ դա անգամ լավ է, որ ինձ չգիտեին, որովհետեւ կարելի է ծանոթությունը սկսել մաքուր էջից։ Ծիծաղելի է, բայց նույնիսկ դրական կանկախալ վերաբերմունքն առաջին էտապում դժվարացնում է շփումը»։



Դեռ ամռանը, թատրոնում մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ, թատրոնի կոլեկտիվի մի մասը՝ 18 հոգի, առաջադրեցին իր թեկնածությունը։ Հետո կարծիքներ հնչեցին, որ եթե գեղղեկավարին ընտրում են դերասանները կամ նշանակում են՝ հաշվի առնելով կոլեկտիվի կարծիքը, ապա նույն դերասանները վաղը այդ գեղղեկավարին կթելադրեն իրենց կամքը։ Կկարողանա՞ արդյոք դիմակայել կոլեկտիվի սպասելիքներին, Ներսիսյանն ասաց․ «Դա շատ կարեւոր հարց է, եւ հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք այդ հարցը։ Նրանք պատրաստ են այն բանին, որ իմ նշանակման պարագայում այդ հանգամանքը որեւէ նշանակություն չի ունենալու դերաբաշխումների կամ մասնագիտական այլ հարցերում։ Դա կարեւոր է քննարկել հենց ամենասկզբում, հակառակ դեպքում ղեկավարը կդառնա խամաճիկ կոլեկտիվի ձեռքում»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**