Ձախողված երկխոսության ստվերը

Ձախողված երկխոսության ստվերը
**Անվստահության աղբյուրը**



Երբ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին առաջարկում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման իր տարբերակը, Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ այն նույն գործոնները, որոնք ստիպեցին իրեն ապրիլի 23-ին հեռանալ իշխանությունից, ստիպելու են ԱԺ ՀՀԿ-ական թեւին նույնպես տալ համաձայնություն: Դա հասկանում են նաեւ հեղափոխության ճամբարում, ուր, այդուհանդերձ, ՀՀԿ-ին չվստահելու բոլոր հիմքերն ունեն: Այլ երկրներում, երբ իշխող կուսակցությունը պարտվում է, արվում են առնվազն մարտավարական փոփոխություններ: ՀՀԿ-ն նման ցանկություն կարծես չի դրսեւորում: Կուսակցությունը նախկինի պես աշխատում է հին ու պարտիզանական մեթոդներով: Չկա հրապարակայնություն: Եթե հեղափոխության ճամբարի լիդերն իր ամեն քայլը ներկայացնում է ոչ միայն կուսակիցներին, այլեւ հանրության լայն շրջանակներին, նույնիսկ ՀՀԿ խորհրդում ոչ բոլորը գիտեն, թե ինչ է մտմտում իրենց առաջնորդը: Օրակարգի հարց չի դառնում հասարակության վստահությունը շահելու գործողությունների մշակումը: Նախկինի պես ռազմավարական հարցերի լուծումը տնօրինում է մեկ մարդ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն եղել եւ մնում է ավտորիտար եղանակով կառավարվող կառույց, որը ոչ մի կերպ չի կարողանում որդեգրել ժողովրդավարական աշխատաոճ: Եթե հեղափոխական ճամբարի լոկոմոտիվն իր առաջնորդն է, ՀՀԿ ղեկավարը դարձել է իր կուսակցության բալաստը: Ակնհայտ է, որ վերջինս անվստահության մթնոլորտ է ծնում թե՛ հեղափոխության եւ թե՛ յուրայինների ճամբարում:



**Հանգուցալուծման անխուսափելիությունը**



ՀՀԿ գվարդիան հասկացել է արդեն, որ իր առաջնորդը ոչ թե սխալվել, այլ կարեւոր մի պահի, երբ նրանից կախված էր ողջ թիմի բախտը, ուղղակի վրիպել է: Սխալը երբեւէ ուղղելի արարքն է: Իսկ երբ առաջնորդը վրիպում է, նրան փոխում են: Կիպլինգի հանրահայտ պատմության մեջ այդ փոփոխությունը տեղի է ունենում ինքնակամ: Թեեւ փորձառու, բայց ճկունությունն ու արագությունն արդեն կորցրած առաջնորդն իր տեղը զիջում է ուրիշին: ՀՀԿ-ում արշալույսները թեեւ խաղաղ են, բայց խնդրի հանգուցալուծումն անխուսափելի է. կա՛մ շարունակվելու է ՀՀԿ երկարատեւ հոգեհանգիստը առանձին ակտիվիստների ինքնամեկուսացման, իսկ ոմանց «արտագաղթի» դրսեւորումներով՝ մինչեւ բուն թաղման արարողությունը, կա՛մ էլ կուսակցության վերնախավը կցուցաբերի վճռականություն եւ կազատվի հոգեբանորեն «շեֆ»-ի կարգավիճակից ոչ մի կերպ դուրս գալ չկարողացող գործընկերոջ ազդեցությունից: Թե ստեղծված ցայտնոտային իրավիճակում ինչ կարող է անել նոր ղեկավարը, դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է, որ կուսակցությունն այդ դեպքում քաղաքական պայմանավորվածությունների ու երկխոսության հարթակում համեմատաբար ավելի մեծ վստահություն կներշնչի: Թեեւ ՀՀԿ-ի համար քաղաքական գործունեության թթվածինը սպառվելու եզրին է:



**Շշուկով ասված խոսք**



Երբ մենք՝ հանրապետականներս, խոսում ենք հեղափոխության ճամբարի սխալների մասին, մեզնից անկախ, նրանում դնում ենք մեղադրական ինչ-որ շեշտ, ասես նրանք են մեղավոր մեր քաղաքական ձախողումների համար: Այո՛, նրանք երիտասարդ են, ունեն փորձի պակաս: Բայց դա բոլորովին էլ նրանց մեղքը չէ: Ե՞րբ է որդին վաղաժամ ստանձնում ընտանիքի կարիքները հոգալու պատասխանատվությունը. ա՛յն դեպքում, երբ հայրը զոհվել կամ պատերազմից վերադարձել է հաշմանդամ։ Մեկ էլ՝ երբ հայրը խմող է, խաղամոլ, այլ կերպ ասած, որպես ընտանիքի հայր՝ ապաշնորհ: Այս վերջին բառը, ընդհանուր առմամբ, հարմար է գալիս ՀՀԿ կառավարման տարիներին: Հասարակությանն առնչվող գրեթե բոլոր ոլորտներում օրենքի խախտումը դարձել էր սովորական երեւույթ: Ընդ որում, այդ «հերոսները» հաճախ մեր ընկերներն ու մտերիմներն էին: Բոլորս հաշտվել ու հարմարվել էինք դրան: Բայց ամենազարմանալին այն էր, որ ստեղծված իրավիճակից դժգոհում էինք բոլորս: Ասես ուզում էինք, բայց չէինք կարողանում դուրս գալ այդ վիճակից: Եվ այսօր ինքս ինձ ու իմ հանրապետական ընկերներին ուզում եմ անկեղծաբար ասել, որ հեղափոխությունը, եթե այլեւս ոչ մի բան չտա, գոնե շնորհակալ պիտի լինենք, որ ազատեց մեզ՝ մեզնից:



**Հեղափոխության դեմքը**



Բոլոր պատերազմները մի օր ավարտվում են հաշտությամբ: Անպայման լինում են նաեւ հաղթող ու պարտվող կողմեր: Հաղթողների երկարակեցությունը կախված է նրանից, թե որքանով նրանք կկարողանան նվազագույնի հասցնել պարտվողների մեջ անխուսափելիորեն բույն դրած վրեժխնդրության զգացումը: Իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ հարգանք դրսեւորել պարտված թշնամու նկատմամբ, հաշվի առնել նրա գոյատեւելու իրավունքը: Հայաստանի քաղաքական դաշտում ձեւավորվել է երկիշխանություն, որի թույլ օղակը ժողովրդի աջակցությունը չվայելող ՀՀԿ-ն է: Այսպես, թե այնպես, առաջիկայում նա հանձնվելու է: Բայց ապագա հաշտության հիմքերը պետք է դրվեն այսօր, ու տրամաբանական է, որ առաջին քայլը հաղթողն անի: Պետք է սկսել մանրուքներից: Հեղափոխության առաջնորդներն ունեն հմուտ դիրիժորի ազդեցություն: Որպես սկիզբ, օրինակ, կարելի է մեկ կոչով դադարեցնել համացանցում հայհոյանքների տարափը: Դա հեղափոխության ցեխաջուրն է, եւ որքան էլ գայթակղիչ է այդ բանակի ծառայություններից օգտվելը, միեւնույն է, այն նսեմացնում է հեղափոխության սիրո եւ համերաշխության բնույթը: Դա հարիր չէ հնամյա քաղաքակրթությամբ հպարտացող ժողովրդին: Դա հարիր չէ հայկական հեղափոխությունը միջազգային հարթակներից լուսավոր ներկայացնելու գաղափարախոսությանը: Անվայելուչ խոսքը թեեւ հուժկու խոցում է «թշնամուն», բայցեւ աննկատ մաշում ու տարրալուծում է հեղափոխության մարդկային դեմքը: Հեղափոխությունն ինքը մասսաների մտածելակերպի փոփոխություն է: Հեղափոխության ճշմարիտ մեկ օրը կարող է ավելի մեծ դեր խաղալ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում, քան կեղծիքով պարուրված մի ամբողջ տասնամյակ: Ամեն Աստծո օր հեղափոխությունը պետք է հանրությանը ներկայանա մաքուր ու անխաթար դեմքով, փորձի նոր արժեքներով դաստիարակել մարդկանց, հետեւի իր շարքերից հնչած բոլոր կոչերի ու խոստումների հիմնավորվածությանն ու անգամ շեշտադրությանը: Որովհետեւ անխուսափելիորեն գալու է առերեսման օրը: Հեղափոխությունները հակված են ժամանակի հետ թուլացնելու զգոնությունը, իսկ ժողովուրդը՝ սրելու հիշողությունը: Հեղափոխության ուժն անկեղծությունն է: Ժողովուրդն էլ, սիրող կնոջ պես, մեծահոգաբար, կարող է միառժամանակ չնկատելու տալ իրեն խաբելու, անգամ դավաճանելու դեպքերը: Բայց այդպես ավելի արագ ի հայտ կգա այն ասույթի ճշմարտությունը, որ ամեն հաղթանակ մի օր ավարտվում է պարտությամբ:



**Ճշմարտությունը կուսակցական չի լինում**



Ոչ մի երկրում հինգ ամսում տնտեսության վիճակ չի բարելավվում, թռիչքաձեւ ներդրումներ չեն լինում, ժողովրդի կյանքն ավելի բարեկեցիկ չի դառնում: Նոր կառավարությանն այս հարցում քննադատելը, մեղմ ասած, տեղին չէ, որքան էլ որ հնչել են որոշ խոստումներ: Ու եթե հանրապետականներս չենք դիմանում գայթակղությանն ու փորձում ենք այսօրը համեմատել մեր ժամանակների հետ՝ շեշտելով վերջինի առավելությունները, գոնե անկեղծանանք ու նշենք նաեւ, թե որքան է ավելացել մեր երկրի արտաքին պարտքն այդ տարիներին: Ճշմարտությունը, որը կուսակցական չի լինում, հուշում է, որ եթե հեղափոխական ուժերին հաջողվի կասեցնել Հայաստանի արտաքին պարտքի աճը կամ գոնե նվազեցնել այդ աճի տեմպերը, ու դրա հետ մեկտեղ՝ ոչ թե հինգ ամսում, այլ թեկուզ հինգ տարում իրականացվեն էական ներդրումներ, ապա միանշանակ է, որ երկիրը գնում է վերելքի ճանապարհով: Հեղափոխությունը չի կարող բոլորին շուտափույթ բարեկեցություն բերել: Դա տարիների տքնաջան աշխատանք է պահանջում: Այդ մասին հեղափոխական ուժերը պետք է անկեղծորեն ասեն ժողովրդին ու նրան կոչեն համբերության:



Ոչ մի մարդ կամ քաղաքական ուժ, այդ թվում՝ հեղափոխության ճամբարը, անսխալական չէ: Ամեն անգամ, երբ վերջինս Ազգային ժողովի լուծարման անհրաժեշտությունը հիմնավորում է քաղաքական ուժերի հարաբերակցության կամ իրավիճակի փոփոխությամբ, իրեն անուղղակիորեն գլորում է ծուղակի մեջ: Փոխադարձ մեղադրանքների մեջ դժվար է ընկալել, առավել եւս՝ ընդունել ուրիշի թեկուզեւ օգտակար խորհուրդը: Հեղափոխության համակիրները կարող են ատել ՀՀԿ-ին, անվերջ քարկոծել նրա խոսնակին, բայց ընդհանրապես արհամարհել այն մտահոգությունը, որ վերը նշված պատճառաբանությամբ խորհրդարան ցրելը վտանգավոր է, չի բխում հենց հեղափոխության շահերից: Այդպիսի նախադեպը դանդաղ գործողության ռումբ է, որը վաղը կարող է պայթել այսօրվա հեղափոխական ուժերի թիկունքում: Որովհետեւ խորհրդարանի հնգամյա գործունեության ընթացքում միշտ էլ կլինեն իրավիճակներ, երբ ժողովուրդն իր կարծիքը կփոխի այս կամ այն հարցի վերաբերյալ՝ ազդարարելով նոր իրավիճակի առաջացման մասին: Ու ամեն անգամ ժողովրդին տանել Ազգային ժողովի վրա, նման ձեւով փորձել խնդիրներ լուծել, երկիրը կարող է ներքաշել պերմանենտ հեղափոխության մեջ: Դա անչափ մեծ շռայլություն է փուխր անկախություն ունեցող երկրի համար: Բայց այս խորհրդարանը պետք է ցրվի մեկ այլ շատ հիմնավոր պատճառով. այս խորհրդարանը կեղծընտիր խորհրդարան է, ձեւավորվել է համատարած ընտրակաշառքով: Նրա լուծարումն անհրաժեշտ է, որպեսզի դաս լինի բոլոր այն քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք, հույսը դնելով փողի վրա, իշխանությունը գողանալու թաքուն ծրագրեր կարող են հյուսել երբեւէ:



**Եթե**



Պատմությունը «եթե»-ներ չի սիրում: Բայց… եթե ՀՀԿ-ն իշխանությունը հանձներ մայիսի 1-ին, կասկած չհարուցեր անկեղծ երկխոսության հարցում, արտահերթ ընտրությունների ժամկետի եւ օրենսդրական փոփոխությունների խնդրում հնարավոր կլիներ հասնել բոլոր կողմերին բավարարող ազգային համաձայնության: Կոնսենսուսի ձեռքբերումն անհնարին դարձավ ոչ միայն հեղափոխական ճամբարի անհամբերության, այլեւ ՀՀԿ վիրավորված կեցվածքի ու սադրանքների տանող քայլերի պատճառով: Հետեւաբար, ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի, թե ոչ, միեւնույն է, պատասխանատվություն է կրում ստեղծվող նախադեպերի եւ քաղաքական դաշտում ընդդիմադիր ճամբարի փոշիացման համար: Ու դեռ տեւական ժամանակ նրա ուղեկիցն է լինելու ձախողված երկխոսության ստվերը:



**Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ**



_ՀՀԿ խորհրդի անդամ_