Կարեւորը տղամարդու խոսքն է, ոչ թե փաստաթուղթ ստորագրելը

Կարեւորը տղամարդու խոսքն է, ոչ թե փաստաթուղթ ստորագրելը
_Հարցազրույց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության եզդիական համայնքի անկուսակցական ներկայացուցիչ __**Ռուստամ Մախմուդյանի**__ հետ։_



**-Պարոն Մախմուդյան, խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ազգային փոքրամասնության մյուս ներկայացուցիչները իրենց աջակցությունը հայտնեցին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի մտադրությանը։ Դուք կարծես թե լռում եք, ինչո՞ւ, ո՞ր կողմի տեսակետն եք պաշտպանում։**



-Անկեղծ ասած՝ ես լուռ եմ, որովհետեւ արդեն մի քանի օր է Հայաստանում չեմ, գործուղման մեջ եմ եւ գտնվում եմ Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նստաշրջանին։ Բայցեւայնպես, ես հետեւել եմ բոլոր իրադարձություններին եւ իմ լռությունը այլ պատճառ չունի եւ չի կարող լինել մեծամասնության կամ առավելապես մի գաղափարի կողքին կանգնածների կարծիքին հակառակ։ Գիտեք, միգուցե առիթ կլինի ավելի երկար ու խորքային խոսել այս հարցերի մասին, բայց ես իմ ընտրվելու առաջին օրվանից մշտապես կարմիր թելի պես անցկացրել եմ, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ինչպես ամբողջ աշխարհի, մշտապես կանգնած են եղել իշխանության կողքին, երեկ իմ գործընկեր Կնյազ Հասանովն էլ արդարացիորեն նշեց այդ մասին։ Նախ մենք շնորհակալ ենք եւ Հանրապետական կուսակցությանը մեզ նման հնարավորություն ընձեռելու համար, շնորհակալ ենք նաեւ հայ ժողովրդին սահմանադրական փոփոխությունների համար, որով եղավ պահանջ, ըստ որի՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները պարտադիր պետք է ներկայացված լինեն խորհրդարանում։



**-Այսինքն՝ կո՞ղմ եք դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցին։**



-Կարծում եմ, որ այլեւս հակառակ կարծիքներ, քան որ դեկտեմբերին պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները, արդարացված չեն։ Քանի որ զարգացումներին հետեւելով տեսնում ենք, որ եւ քաղաքական ուժերը, եւ անհատ պատգամավորներ իրենց պատրաստակամությունն են հայտնել։



**-ՀՀԿ-ի հայտարարությունը ինչպե՞ս կգնահատեք։**



-Շատ կարեւոր էր ՀՀԿ-ի հայտարարությունը, որով վերջ դրվեց թիմում «լավերի» ու «վատերի» բաժանմանը, սա ողջունելի է եւ գնահատում եմ որպես խոհեմության եւ ողջախոհության արդյունք, եւ, այո, մենք ունենք քաղաքական ուժերի մակարդակով հայտարարություններ, որտեղ հայտարարում են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ Ես ոչ միայն կիսում եմ այդ կարծիքը, այլեւ ունեմ իմ անձնական մոտեցումը, որը հետեւյալն է՝ դեկտեմբերին ընտրություններ անելն այլեւս անխուսափելի է։ Երբեք էլ վարչապետի թեկնածու առաջադրելը ինքնանպատակ չպետք է լինի, հաշվի առնելով այս հանգամանքը, որ օրակարգում չկա վարչապետի թեկնածու առաջադրելու որեւէ քաղաքական ուժի մտադրություն, հետեւաբար մնացած բոլոր քննարկումներն ու դատողությունները ժամանակավրեպ են։ Ավելին, կարծում եմ, որ այդ ժամկետում արտահերթ ընտրություններին աջակցությունը կարող է այս կամ այն փաստաթղթին ստորագրությունով չլինի, որովհետեւ ինձ համար ամենակարեւորը խոսքի արժեքն է, առավել եւս՝ տղամարդու խոսքի։ Ես չեմ կարող պատկերացնել, որ խոսքը, որ ես կարող եմ այսօր արտաբերել, շատ ավելի ստորադասվում է, քան ցանկացած այլ փաստաթուղթ, որը իրավաբանական ուժ չունի, եթե մարդը չունի բարոյական կերպար։ Եթե մարդը բարոյական նկարագիր չունի անկախ նրանից, թե քանի այդպիսի փաստաթուղթ է ստորագրում, որեւէ արդյունք կամ հետեւանք չի կարող ունենալ։ Ես պաշտպանում եմ նախ ՀՀԿ -ի հայտարարությունը որպես այդ խմբակցության անդամի, եւ ինչու ոչ որպես ժողովրդի ընտրյալ անձնապես պատրաստակամություն եմ հայտնում աջակցելու եւ մասնակցություն ունենալու դեկտեմբերյան ընտրություններին, քանի որ իմ համայնքը նույնպես այդպես է ցանկանում։Եվ այս համատեքստում, փառք Աստծո, եւ այսօրվա իշխանությունները, եւ երեկվա իշխանությունը ազգային փոքրամասնություններին չեն ներքաշում քաղաքական դիմակայությունների մեջ։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**