«Բարեգործը» քաղաքացուց խոշոր գումար է հափշտակել և չի վերադարձնում

«Բարեգործը» քաղաքացուց խոշոր գումար է հափշտակել և չի վերադարձնում
Ապրիլ ամսից Էջմիածն դատարանում քննվում է մի քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրված Նարինե Ավետիսյան անունով մի քաղաքացու։ Վերջինս մեղադրվում է որպես «Զինվորի մայր» ՀԿ փոխնախագահ ներկայանալու և երկու քաղաքացուց 24 350 եվրո գումար հափշտակելու մեջ: Մինչդեռ, իրականում նա Արմավիրի «ԱՍ» ՀԿ նախագահն է։ Ավետիսյանը 2017 թվականին Չարենցավանի բնակիչ Արթուր Խաչատրյանի վստահությունը շահելով՝ նրանից 11 հազար 350 եվրևո գումար է վերցել՝ խոստանալով, որ նրա անչափահաս որդուն, ով տառապում է «աուտիզմ» հիվանդությամբ, կուղարկի Գերմանիա և կկազմակերպի նրա բուժումն այնտեղ։ Բայց խարդախությամբ ձեռք բերված գումարը օգտագործել է ոչ թե Խաչատրյանի որդու բուժումը կազմակերպելու նպատակով, այլ սեփական կարիքների համար:



Այսքանով, սակայն, Ավետիսյանը չի բավարարվել։ Նա նորից գումար հափշտակելու նպատակով ծանոթացել է նաև շաքարային դիաբետ հիվանդությամբ տառապող Կ. Շախպազյանի և նրա եղբոր հետ, կրկին ներկայացել է «Զինվորի մայր» ՀԿ փոխնախագահ՝ այս անգամ էլ հափշտակելով 13 000 եվրո՝ դարձյալ այն օգտագործելով անձնական կարիքների համար։ Նարինե Ավետիսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.եական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նարինե Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Գործը քննվում է Էջմիածնի դատարանում, և հոկեմբերի 10-ին ակնկալվում է, որ պետք է դատարանը վճիռ կայացնի։



Ուշագրավ է, որ Ավետիսյանն ու Խաչատրյանը բարեկամական կապ ունեն իրար հետ․ Ավետիսյանը Խաչատրյանի մորաքրոջ ամուսնու քույրն է։ Բայց դա չի խանգարել Նարինե Ավետիսյանին՝ շորթել կարիքի մեջ ընկած իր բարեկամին, ով իր ունեցվածքը վաճառել կամ գրավ է դրել, որ կարողանա հայթայթել իր երեխայի բուժման համար պահանջված գումարը։



Արթուր Խաչատրյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում Ավետիսյանը անընդհատ խոստացել է, որ կվերադարձնի գումարը, և վերադարձրել է՝ բայց մասնակի։ Մոտ 500 եվրո դեռ մնացել է տալու։ Բայց Խաչատրյանին ավելի շատ զայրացրել է այն հանգամանքը, երբ երկու օր առաջ հեռուստատեսությամբ տեսել է, թե ինչպես են Նարինե Ավետիսյանին ներկայացնում որպես բարեգործ այն դեպքում, երբ հարց է առաջանում՝ իրենից հափշտակած գումարներո՞վ է բարեգործություն անում, եթե բարեգործության փող ունի, թող նախ իրենից վերցրած գումարները հետ տա։



«Ինքը՝ քրեական հանցագործ, մի վեց հոգու գործ կա իր վրա, ինքը պայմանականի տակ, բայց հանկարծ բարեգործ ա դարձել, հեռուստացույցով ցույց են տալիս՝ ես բարեգործ եմ, էս եմ անում, էն եմ անում»,-ասաց տուժող Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ Ավետիսյանը ամեն օր խոստանում է, որ գումարը կվերադարձնի, նույնիսկ դատավորին ու քննիչին է դա խոստանում, բայց չի վերադարձնում։ «Արդեն երկու տարի ա՝ ամեն օր էսօր-էգուց ա անում»,-ասաց Արթուր Խաչատրյանը։



Զրուցեցինք նաև Նարինե Ավետիսյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում էլ նույնը խոստացավ, որ վերադարձնելու է գումարը։ «Չէ, վճարել եմ, իրանք ինձ հարազատ են, ուղղակի ես դժվարին պայմաններում հայտնվեցի, մի փոքր անձնական խնդիրներ ունեի, բայց ժամկետ եմ պայմանավորվել, վերադարձնում եմ»,-ասաց նա։







**-Ե՞րբ եք վերադարձնելու։**



-Մինչև տարեվերջ։



**-Այդ դեպքում ինչո՞ւ են Ձեզ դատի տվել, եթե վերադարձնելու էիք։**



-Դե, սկզբից մտածել են՝ չեմ վերադարձնի, էդպես են մտածել՝ չգիտեմ ինչի, ու էդպես։



**-Բայց Դուք բարեգործություններ եք անում, երկու օր առաջ հեռուստատեսությամբ Ձեր բարեգերծությունների մասին էին խոսում։ Եթե գումար ուենք բարեգործություն անելու, այդ պարտքերը տալու գումար ինչո՞ւ չունեք։**



-Բարեգործությունը նվիրատվություն է դրսից, ես դրա բարոյական իրավունքը չունեմ անձնականի վրա ծախսելու։



**-Իսկ քաղաքացուց գումար վերցնելու և չվերադարձնելու բարոյական իրավունքը ունեի՞ք։**



-Չէ, իրավունքը չունեի, այդ իսկ պատճառով ես բան եմ անում, էլի․․․



**-Իսկ որտե՞ղ եք ծախսել այդ գումարը, որ Ձեզ տվել էին երեխայի բուժման նպատակով։**



-Չէ, վերադարձրել եմ իրենց մի մասը, մի մասն էլ կվերադարձնեմ։



**-Իմ հարցն այլ է, երբ Դուք վերցրել եք այդ 11 հազար 500 եվրոն, որ երեխային տանեք Գերմանիա բուժման, բայց չեք կատարել Ձեր խոստումը, հետո որտե՞ղ եք ծախսել այդ գումարը։**



-Չէ, տենց առանձնակի ոչ մի բանի վրա էլ չենք ծախսել, իրենց ենք վերադարձրել․․․ Ձեզ կարո՞ղ եմ տեսնել ես։ Դուք որտե՞ղ եք, պայմանավորվենք, հանդիպենք։



**-Հեռախոսով զրուցում ենք, բավարար է։ Ինձ կասե՞ք՝ որտեղ եք ծախսել այդ գումարը։**



-Չէ, չէ, մենք ոչ մի բանի վրա էլ չենք ծախսել։ Ես, անկեղծ ասած, էդ գումարի մի մասը կորցրել եմ։ Իրենք գիտեին, որ ես կորցրել էի էդ պահին։ Եվ ես իրենց մի մասը տվել եմ, վերցրել եմ իմ վրա, որ ես․․․ հիմա մենք էլ տուն ունենք վաճառքի, պիտի վաճառենք, որ վերադարձնենք։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**