Մարտի 1-ի քրեական գործում ներգրավված են 100-ավոր տուժողներ

Մարտի 1-ի քրեական գործում ներգրավված են 100-ավոր տուժողներ
Ապրիլյան հեղափոխությունից հետո 2008թ․ մարտի 1-ին սպանված տասը քաղաքացիների հարազատները, տուժածները սկսեցին որոշակի հույսեր փայփայել, որ Մարտի 1-ի գործով կիրականացվի անաչառ քննություն, կհայտնաբերվեն եւ կպատժվեն մեղավորները։



Հենց տուժածները, վկաներն էլ անցած ամիսների ընթացքում գնացել են Հատուկ քննչական ծառայություն, ցուցմունքներ տվել, որոնք լույս են սփռում տասնամյա վաղեմություն ունեցող Մարտի 1-ի գործի վրա։ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպումներից մեկի ժամանակ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործն ընդհանուր առմամբ բացահայտված է համարում․ մնում է ապահովել պայմաններ, որ այդ բացահայտումը հասնի իր բոլոր մանրամասներին եւ վերաբերի բոլոր դետալներին՝ այդ թվում նաեւ կոնկրետ սպանություններ իրականացնողներին եւ կոնկրետ հանգամանքներին։ Ի՞նչ ընթացքի մեջ է Մարտի 1-ի բացահայտումը, քանի՞ տուժող եւ վկա է հարցաքննվել։



Այս հարցերը հղեցինք Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ից մեզ, իհարկե, չեն տրամադրել հարցաքննված անձանց որոշակի թիվ, սակայն ուղարկել են հետեւյալ պատասխանը․ «2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ամեն օր ձեռք են բերվում նոր ապացույցներ, որոնց մասին նախաքննության այս փուլում մանրամասներ չենք կարող հայտնել` ելնելով նախաքննության շահերից: Քրեական գործի նախաքննությանն ակտիվորեն աջակցում են նաև քաղաքացիները, ինչը շատ ողջունելի է: Քրեական գործում ներգրավված են հարյուրավոր տուժողներ: Նրանց թիվը նախաքննության ներկա փուլում ավելացել է:



Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն»: