Նախկին մարզպետի հետևից դեռ սև պոչեր են ձգվում

Նախկին մարզպետի հետևից դեռ սև պոչեր են ձգվում
Օգոստոսի 23-ին ոստիկանությունը հաղորդել էր, որ չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցված` Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում ջրագիծ կառուցելու վերաբերյալ։ Արագածոտնի մարզպետն այն ժամանակ Սարգիս Սահակյանն էր, որը մարզպետարանի եւ «Գրէդշին» ՍՊԸ-ի միջեւ կնքել էր մոտ 29 մլն դրամի աշխատանքների պայմանագիր։ Ոստիկանությունը նախնական տվյալներ էր ձեռք բերել, որ պատրաստվել է շինարարական աշխատանքներն ավարտվելու վերաբերյալ կեղծ ակտ։ Նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը կասկածվում է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու մեջ։ Նա ոչ միայն մարզպետարանի աշխատողներին հորդորել է ստորագրել ակտի տակ, այլեւ ինքն է ստորագրել հանձնաժողովի նախագահի եւ որոշ անդամների փոխարեն՝ փաստորեն, կեղծիք կատարելով: «Արդյունքում ընկերությունը յուրացրել է 10 մլն 660 հազար դրամ»,- հայտնում է ոստիկանությունը: «Գրէդշին» ՍՊԸ-ն այն ընկերություններից էր, որոնք պատկանում էին մարզպետի մերձավոր շրջանակին եւ նրանից հաճախ յուղոտ պատվերներ ստանում։ Դրանց թվում էին նաեւ «Ես եւ նա» ընկերությունը, որի սեփականատերը նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանն էր։ Ինքը՝ մարզպետը, ժխտում էր, որ, չարաշահելով պաշտոնական դիրքը, օգնել է եղբորը՝ մրցույթներ շահելու: «Ես եւ նա» կազմակերպության գործունեության վերաբերյալ նույնիսկ քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, դատարան չհասավ։ «Գրէդշին»-ի տերը եւս նախկին մարզպետին մոտ անձնավորություն է, Փարպի գյուղի բնակիչ Գրիգոր Կարապետյանը։ Այս ընկերությունը լուծարվել է, իսկ ժամանակին նրա հետ մարզպետարանը խոշոր գումարների պայմանագրեր էր կնքում։ ԴԱՀԿ-ն 2015 թվականին այս ընկերության դեմ վարույթ էր հարուցել՝ մոտ մեկուկես միլիոն դրամ բռնագանձելու պահանջով:



«Գրէդշին»-ը մարզպետարանից 26 մլն դրամի պատվեր էր ստացել՝ Ձորագլուխ գյուղի դպրոցը վերանորոգելու՝ նաեւ 9 մլն՝ Ոսկեթաս համայնքի հանդիսությունների տան նորոգման աշխատանքների համար։ Սարգիս Սահակյանը «Հրապարակի» հետ հեռախոսազրույցում պարտիզանական տակտիկա վարեց։ «Ես ծանոթ չեմ, չգիտեմ, թե ինչ գործի մասին եք խոսում»,- ասաց նա։ Դուք Ներքին Բազմաբերդ գյուղի ջրագծի վերաբերյալ բացատրություն չե՞ք տվել, Ձեզ հարցաքննության չե՞ն կանչել։ «Ոչ, ինձ չեն կանչել»։ Այդ ջրագծի՞ց էլ տեղյակ չեք, որի վերաբերյալ գործ կա հարուցված։ «Ոչ, տեղյակ չեմ»։ Նախաքննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը։ Պաշտոնական տեղեկություններ, բացի այն, որ նախաքննություն է ընթանում, ՀՔԾ-ն չի հաղորդում։ Մեր տեղեկություններով, Սարգիս Սահակյանին մեղադրանք առաջադրված չէ։ Նա չի հարցաքննվել։ Խոսքն առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստին է վերաբերում։



«Սա բարդ, բազմադրվագ տնտեսական գործ է, որում բազմաթիվ անձինք եւ կազմակերպություններ են ներգրավված»,- հայտնում է մեր աղբյուրը։ Տեղեկացանք նաեւ, որ վերջերս գյուղացիներից մեկը նոր հաղորդում է ներկայացրել Սարգիս Սահակյանի դեմ, հայտնել, որ վերջինս իրենից կաշառք է ուզել։ ՀՔԾ-ն հաղորդման շուրջ քննություն է իրականացրել։ ՀՔԾ-ից պատասխանեցին, որ նման վարույթ եղել է, սակայն կարճվել է։ Սարգիս Սահակյանն օդիոզ մարզպետներից էր համարվում, որի դեմ 2014-2016 թվականներին այնքան բողոքներ էին ստանում իրավապահ մարմիններն ու մամուլը, որ անգամ ՀՀԿ-ն չկարողացավ նրան երկար պահել մարզպետի աթոռին։ Նրան տարբեր խախտումներ էին վերագրում՝ դպրոցական դրամահավաքներին, շինարարական տենդերներին միջամտելու փորձեր, իր եւ եղբայրների հետ այլեւայլ առնչություններ ունեցող կանանց գործի տեղավորելու բազմաթիվ դեպքեր, անհամեստ ելույթներ։ Աշտարակի բնակիչները հիշում են, որ անգամ բաժակաճառերի ժամանակ Սարգիս Սահակյանը սիրում էր կրկնել․ «Եկել եմ նախագահի հետ, նախագահի հետ էլ գնալու եմ»: Իր գործունեության սեւ պոչերի վերաբերյալ, որոնք իրավապահների ուշադրության կենտրոնում նախկինում էլ եղել են, ո՛չ մարզպետ եղած ժամանակ, ո՛չ էլ այսօր Սահակյանը մեկնաբանություններ չի տալիս։ Բայց մենք որոշեցինք խոսեցնել Ներքին Բազմաբերդի բնակիչներին, ինչպես նաեւ «Գրէդշին» ՍՊԸ ներկայացուցիչներին։ Զրուցեցինք Ներքին Բազմաբերդի գյուղապետ Խաչատուր Նորեյանի հետ։ Նա հաստատեց տեղեկությունը, որ քննություն է ընթանում իրենց ջրագծի շուրջ։ «Այո, գալիս են, ուսումնասիրություններ են անում, ստուգում են։ Անորակ ջրագիծ է եղել։ Գետնի տակից, 7 մետր խորությունից ուզում էինք ջուր հանել, եթե դուրս գար, գյուղի ջուրը կավելանար»։ Հարցին, թե ինչ աշխատանքներ են կատարվել, Խաչատուր Նորեյանը պատասխանեց․ «Մեծ կատլավան էր քանդվում՝ գյուղից մոտ 15 կմ վերեւ։ Դա սարերում էր։ Մենք ջուր ունեինք, ուղղակի հույս կար, որ ջուրը կավելանա։ Բայց նորմալ չէին սարքել»։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**