ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիա՝ ընդդեմ Փաշինյանի

ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիա՝ ընդդեմ Փաշինյանի
Ազգային ժողովը լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ քննարկումներին զուգահեռ խորհրդարանական 3 ուժերը փորձում են վերացնել բոլոր օրենսդրական սողանցքները, որոնք կարող են նոր իշխանությանը հնարավորություն տալ լուծարել գործող խորհրդարանը եւ կազմակերպել արտահերթ ընտրություններ: Խոսքն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու նախագծի մասին է՝ հեղինակությամբ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի, սակայն վերջինս տեղեկացրեց, որ իրենց առաջարկը պաշտպանում են ԱԺ երեք խմբակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։



Առաջարկը վերաբերում է ԱԺ կանոնակարգ-օրենքի 50 եւ 51-րդ հոդվածներին, ըստ այդմ՝ ԱԺ նիստերը կհամարվեն ընդհատված, եթե դրանք չեն կայանում «պատգամավորների կամքից անկախ ի հայտ եկած խոչընդոտների պատճառով»: Նիստերը կշարունակվեն խոչընդոտները վերանալուց հետո: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, մտադիր է լուծարել այս խորհրդարանը եւ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ համարում է, որ դա ժողովրդի պահանջն է։ Նա օրերս հույս հայտնեց, որ քաղաքական ուժերը համաձայնության կհասնեն, եւ կարիք չի լինի ժողովրդական զանգվածներին ներգրավել։ Խորհրդարանի լուծարման այս պահին գործող միակ օրինական ճանապարհը վարչապետի հրաժարականն է, որից հետո խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանամ ընտրել նոր վարչապետ եւ այդ դեպքում օրենքի ուժով կհամարվի լուծարված: Բայց վարչապետի հրաժարականի դեպքում մեծ է վտանգը, որ ՀՀԿ-ն այլ թեկնածու կառաջադրի, ու որպեսզի խորհրդարանը չկարողանա նոր վարչապետ ընտրել, շենքը պետք է շրջափակվի ցուցարարների կողմից եւ թույլ չտրվի երկու շաբաթ անընդմեջ անցկացնել նիստեր: Եթե խորհրդարանը չկարողանա նիստ գումարել, բնականաբար, չի հաջողվի ընտրել վարչապետ, եւ այն օրենքի ուժով կհամարվի լուծարված:



Սակայն առաջարկվող փոփոխությամբ՝ եթե որեւէ հարցի քննարկման համար, արտակարգ իրավիճակներով պայմանավորված, չի ապահովվում կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ:



Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել առաջարկին։ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը երեկ նախագծի քննարկման ժամանակ հիմնավորեց, թե ինչու։ Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ դրության որոշումը միանձնյա թողնված է ԱԺ նախագահին: «Ի՞նչ է լինելու այն դեպքում, եթե հանկարծ խոչընդոտվի ԱԺ նախագահի գործունեությունը: Այս իրավիճակն ինչպե՞ս ենք կարգավորում: Իսկ եթե պատգամավորական կոնկրետ ուժին են խոչընդոտում, չեն մասնակցում, բայց նիստն իրավազոր է, այդ դեպքում ի՞նչ ենք անելու: Թողնում ենք, որ այդ նիստը լինի»,- դիտարկեց նա: Փոխնախարարն ասաց, որ իրենց գնահատականը բացասական է, կարգավորումները թերի են, եւ այստեղ բավականին հարցեր կան լուծելու:



«Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ նախագիծը քաղաքական իրավիճակով է պայմանավորված, սակայն ասաց, որ այն չի կարող խնդիրը լուծել․ «Այս նախագիծը ձեր առջեւ դրված խնդիրը չի լուծում, որովհետեւ սահմանադրական ժամկետները հստակ են: Սահմանադրությունն ասում է, որ 14-օրյա ժամկետում խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է: Չի ասում, թե ինչ պայմաններում չի ընտրում: Ուստի՝ Սահմանադրության մեջ մենք չենք կարող որեւէ բան ավելացնել ԱԺ կանոնակարգ-օրենքով»: Սակայն Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանվում է, որ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Նույն հոդվածի երկրորդ կետը սահմանում է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Այսինքն՝ այս փոփոխությունից հետո տեսականորեն խորհրդարանը կարող է վարչապետի հրաժարականից հետո 6 ամիս, մեկ տարի, երկու տարի 7-օրյա պարբերականությամբ նիստեր հրավիրել, սակայն համարել դրանք ընդհատված։ Երեկ Արփինե Հովհաննիսյանը մեր հարցին ի պատասխան չհերքեց առաջարկում քաղաքական բաղադրիչի առկայությունը․ «Գիտե՞ք, քաղաքական ենթատեքստ կարելի է դիտարկել, ես չեմ բացառում նաեւ էդպիսի մեկնաբանության առկայությունը, բայց ես համարում եմ, որ որեւէ մեկը, անկախ նրանից, թե ինչպիսի ենթատեքստ կտրվի, չի կարող բացառել այն հանգամանքը, որ նման իրավիճակներ կարող են լինել։ Եվ երկրորդ․ սա զուտ իրավական կարգավորում է»։ Նա չհամաձայնեց, որ սա հակաքայլ է ընդդեմ փողոցային պայքարի․ «Ես համարում եմ սա ընդամենը ԱԺ բնականոն գործունեության ապահովման հիմք, որ կարող է լինել իրավիճակ, երբ մենք հայտնվենք իրականում սահմանադրական ճգնաժամի առջեւ»։ Իսկ ինչո՞ւ են հիմա նախաձեռնում այս փոփոխությունը։ «Մեր կանոնակարգ-օրենքում բաց էր թողնված այս կարգավորումը, եւ անհրաժեշտություն կար այն կարգավորելու»։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ բացը նկատեցին հատկապես հեղափոխությունից հետո եւ հեղափոխության արդյունքում, երբ բազմիցս փորձ է արվել խոչընդոտել պատգամավորների ազատ տեղաշարժը, շրջափակել նրանց եւ այլն։ «Դուք կարող եք համարել, որ ոչ թե այդ միտքը ծագեց, կամ օրենքի բացը նկատվեց, այլ հստակություն մտցնելու անհրաժեշտությունն առաջացավ, կամ ես դրա անհրաժեշտությունը տեսա այդ ժամանակ»,- ասաց նա։



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հորդորեց չզարմանալ, թե ինչու են հիմա որոշել նման փոփոխությամբ հանդես գալ․ «Օրենսդրությունը միշտ էլ ենթակա է փոփոխման, միայն Աստվածաշունչը չի փոխվում»։ Իսկ նման մտահղացումը, պատգամավորի խոսքով, ծնվել է, որպեսզի կարողանան զսպել ԱԺ գործունեության խոչընդոտումը։ Նա ասաց, որ եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ փոփոխությունը կապված է հավանական դեպքերի հետ, փոխանակ իրավաբանները խոսեն հակասահմանադրական կարգով ԱԺ գործունեությունը տապալելու մասին, խոսում են դրան աջակցելու մասին. «Ի՞նչ է նշանակում՝ գալ-կանգնել այստեղ ու փոխանակ իրավաբանությունը զարգացնել, զարգացնեն ֆանտազիան եւ զբաղվեն գուշակությամբ»:



ՀԳ․ Նախագիծը հերթական նիստում քվեարկության չդրվեց: Օրվա երկրորդ կեսից հետո պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վահրամ Բաղդասարյանի ու Արա Բաբլոյանի հետ՝ հորդորելով, որ եթե չհրաժարվեն քվեարկությունից, ժողովրդին փողոց կհանի: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արա Բաբլոյանի հետ, սակայն դրանից հետո ՀՀԿ-ն հապշտապ արտահերթ նիստ հրավիրեց, չնայած «Ելք»-ի պատգամավորները հավաքել էին ոմանց գրանցման քարտերը, որ նիստն ու քվեարկությունը չկայանան, սակայն դա չխանգարեց, որ ձեռքով քվեարկություն իրականացվի: Լարված մթնոլորտում, ԱԺ մատույցներում Փաշինյանի կողմնակիցների բողոքի ակցիաների ուղեկցությամբ, երեք ուժերը՝ 67 կողմ ձայնով ընդունեցին նախագիծը:



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**