«Հայաստան» հիմնադրամի տնօրենի 40 թեկնածուներից ամենաանցողիկը վարչապետի խորհրդականն է

«Հայաստան» հիմնադրամի տնօրենի 40 թեկնածուներից ամենաանցողիկը վարչապետի խորհրդականն է
Առաջիկայում «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն կունենա։ Կանխատեսումների համաձայն, տնօրենի մրցույթին մասնակցած ավելի քան 4 տասնյակ թեկնածուներից, որոնց թվում ամենատարբեր մասնագետներ եւ սոցիալական խավերի ներկայացուցիչներ կան, ընտրվելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային հարցերով խորհրդական, նախկին ակտիվիստ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչ, քաղաքացիական շարժումների մեծ փորձ ունեցող Հայկակ Արշամյանը։ Մրցույթն «անթափանց» է, անցկացվում է դանդաղ, հրապարակայնության եւ թափանցիկության սկզբունքների խախտումով։ Սերժի ու Քոչարյանի ժամանակներից այստեղ ոչինչ չի փոխվել։



Հուլիսի 10-ին Հայաստանի նախագահը, որն ի պաշտոնե նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, նամակով դիմել էր խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականը, եւ հայտարարել բաց մրցույթ՝ հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Հիշեցնենք, որ Արա Վարդանյանը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն հայտնաբերել էր, որ ինքը հիմնադրամի վարկային գծով բանկային քարտի գումարներով առցանց խաղադրույքներ է կատարել։ Հիմնադրամին նա նյութական վնաս չէր պատճառել, սակայն ներողություն խնդրեց իր արարքի համար եւ հրաժարական տվեց։ Նախագահի նամակի հիման վրա ստեղծվեց մրցութային հանձնաժողով՝ 5 անձից, Պետրոս Թերզյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմում են նաեւ նախագահի, վարչապետի, Արցախի նախագահի ներկայացուցիչներն ու հոգաբարձուների խորհրդի անդամ, շվեյցարացի բարերար Ալբերտ Պողոսյանը: Վերջինս ներկայացնում է «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամը, որը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է Հայաստանում իրականացնում, այդ թվում՝ տարիներ շարունակ ֆինանսավորում է ՀՀ նախագահի կողմից հանձնվող մրցանակները։ Հայտերն ընդունվել են օգոստոսի 1-31-ը։ Արդեն սեպտեմբերի 18-ն է, սակայն մրցույթի արդյունքների վերաբերյալ ձայն չկա։



«Հայաստան» համահայկականից հետաքրքրվեցինք, թե ինչ նորություն ունեն թեմայի շուրջ։ «Հանձնաժողովը մոտ 40 հայտ էր ստացել, ընտրեցին 12 հայտ։ Որեւէ այլ տեղեկություն չենք կարող հայտնել։ Դիմեք նախագահական, քանի որ նախագահն է իր հայեցողությամբ թեկնածուներից մեկին ընտրելու»,- պատասխանեցին մեզ «համահայկականի» մամուլի հետ կապերի բաժնից՝ հրաժարվելով անուններ նշել։ Արա Վարդանյանի հետ կապված սկանդալից հետո այստեղ, հավանաբար, վախեցած են եւ ընտրել են «շառից-մամուլից հեռու» սկզբունքը։



Նախագահ Արմեն Սարգսյանի հանրային կապերը համակարգող **Հասմիկ Պետրոսյանը** շատ զարմացավ, որ նախագահ Սարգսյանն «իր հայեցողությամբ» պետք է ներկայացված թեկնածուներից ընտրի հիմնադրամի նախագահին։ Նա տեղյակ չէր ո՛չ ընթացակարգից, ո՛չ մրցույթի փուլերը հաղթահարած թեկնածուներից։ «Ինչպե՞ս կարող է նախագահն իր հայեցողությամբ ընտրի տնօրենի թեկնածուին։ Ընտրությունը կատարվում է մրցութային կարգով։ Որքան գիտեմ, դա բազմափուլ, երկարատեւ մրցույթ է։ Նախագահականը դրանով չի զբաղվում»,- ասաց նա։



Մասնակիցների անունները չգիտեր նաեւ հիմնադրամի նախկին տնօրեն **Արա Վարդանյանը**։ «Եթե իմանայի էլ, չէի ասի, որովհետեւ հիմնադրամն ինձ համար շատ կարեւոր է, ուղղակի բարդ պրոցեդուրա է, հոգաբարձուների խորհրդի հետ են համաձայնեցնում։ Իմ ժամանակ, երբ ես առաջին անգամ էի ընտրվում տնօրեն, ավելի արագ ամեն ինչ տեղի ունեցավ։ Այն ժամանակ մոտ 20 դիմող կար։ Հիմա դիմողները կրկնակի շատ են։ Հավանաբար, հոգաբարձուների խորհրդի հետ կհամաձայնեցնեն ու կհայտնեն»։ Ի դեպ, Արա Վարդանյանը հայտնեց, որ հրաժարականից հետո ոչ մի տեղ չի աշխատում։



Մեր տեղեկություններով, 12 թեկնածուներից արդեն ընտրվել են 3-ը, որոնք առավելապես համապատասխանում են հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար առաջադրված չափանիշներին։ Որպես «անցողիկ» թեկնածու՝ շրջանառվում է վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանի անունը։ Համարվում է, որ հենց նա է նոր իշխանության ֆավորիտը եւ նա էլ նշանակվելու է տնօրեն։ **Հայկակ Արշամյանը** մեզ հետ զրույցում հաստատեց, որ մասնակցում է մրցույթին։ «Արդեն երկու փուլ եղել է։ Ես մասնակցել եմ ընդհանուր հիմունքներով, ինչպես մյուսները։ Կարծում եմ՝ առաջիկա մեկ շաբաթում արդյունքները կհայտնեն»։ Ի՞նչ է ինքը փոխելու «Հայաստան» հիմնադրամի աշխատանքներում, եթե հաղթի։ Հայկակ Արշամյանը չցանկացավ այս հարցին պատասխանել։ «Թող մրցույթը լինի, եթե ամեն ինչ ստացվի, ապա հաճույքով կպատասխանեմ բոլոր հարցերին», - ասաց նա։ Թե ովքեր են իրենից բացի հաղթահարել մրցութային փուլերը, նա չգիտի, բայց գտնում է, որ անունները թաքցնելը սխալ է։ Այսպիսով, «Հայաստան» համահայկականը հերթական ոչ թափանցիկ մրցույթն է անցկացնում, առանց հասկանալու, ինչպես Փաշինյանը կասեր՝ «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացի առանցքային իմաստը»։ Մյուս թեկնածուն՝ Գրիգոր Կուրղինյանը, մեզ պատասխանեց, որ դուրս է մնացել մրցույթից։ «Այնպես որ, խնդրեմ դիմեք հիմնադրամին՝ իրենք կասեն, թե ով է թեկնածուն»,- ասաց նա։



Հավելենք, որ, փաստորեն, այս պաշտոնի հարցում եւս Արմեն Սարգսյանի կարծիքը որոշիչ չէ, չնայած օրենքով հենց ինքն է խորհրդի նախագահը եւ ինքն է նշանակելու տնօրենին։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**