Հրշեջ Գրիշը գումար է տալիս ու տիրանում գույքին. նախարարի հայրը՝ վաշխառո՞ւ

Հրշեջ Գրիշը գումար է տալիս ու տիրանում գույքին. նախարարի հայրը՝ վաշխառո՞ւ
«Հրապարակ»-ին են դիմել Հրազդան քաղաքի բնակիչներ՝ նշելով, որ ներկայիս էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հայրը՝ Գրիշա Գրիգորյանը, երկար տարիներ մարդկանց տոկոսով գումար է տալիս, որի դիմաց հետո տիրանում է բնակարաններին: 28-ամյա Ներսեհ Դադիմյանի ընտանիքը տեւական ժամանակ ապրում է Ռուսաստանում: Ներսեհը Հայաստան է վերադարձել մի նպատակով՝ ամեն գնով հետ բերել հայրական տունը, որին, ըստ նրա, Գրիշա Գրիգորյանը տիրացել է խաբեությամբ եւ շանտաժով։ «Հայրս 2001թ. Գրիգորյանից 2 հազար 500 դոլար տոկոսով գումար վերցրեց՝ բիզնես բացելու նպատակով: 1 տարի շարունակ մենք տոկոս ենք վճարել: Հորս գործերը վատացան, մենք խնդրեցինք Գրիշային, որ դադարեցնի տոկոսը, այն պայմանով, որ որոշ ժամանակ հետո իր գումարն ամբողջությամբ վերադարձնենք: Բայց Գրիշան ոչ միայն տոկոսը չդադարեցրեց, այլեւ մի գեղեցիկ օր եկավ ասաց, որ իրեն պարտք ենք 5 հազար դոլար: Նա անգամ հորս սպառնաց, թե՝ մի մոռացի, որ երեխաներ ունես: Հայրս մեզ պաշտպանելու համար ստիպված տունն ու շենքի դիմացի շինությունը տվեց Գրիշային: Գրիշային նաեւ տվեց 1 տարվա վարձ, որ մենք այդ տան մեջ ապրենք, մինչեւ հայրս գնա Ռուսաստան աշխատի, որ մեզ համար տուն գնենք: Հորս գնալուց հետո Գրիշան մեզ այդ տնից դուրս հանեց, եւ մենք ստիպված վարձով նույն շենքի առաջին հարկում ապրեցինք: Ամիսներ առաջ մոտեցել եմ Գրիշային, ասել՝ տալիս եմ քո 5 հազար դոլարը, մեր տունն ու շինությունը ետ վերադարձրու։ Նա էլ ասաց, որ ուզում է, բայց չի կարող, քանի որ այն նվիրել է նախարար որդուն՝ Արթուրին: Ես նաեւ խոսեցի Արթուր Գրիգորյանի հետ, ինքն էլ ասաց՝ արդար լուծում ես ուզում, դիմի դատարան»,- պատմում է Ներսեհն ու հավելում, որ պատրաստ է ոչ միայն դատարան դիմել, այլեւ խնդիրը բարձրաձայնել, քանի որ Գրիշա Գրիգորյանը շատ մարդկանց է խաբել:



69-ամյա Մելիտա Հովհաննիսյանը եւս ասում է, որ Գրիգորյանի զոհն է դարձել: Նա լացակումած պատմեց, որ 5 տարի առաջ Գրիշան իր եղբորը 25 հազար դոլար գումար է տվել եւ հիմա տիրացել է նրա տանը․ «Ի սկզբանե խաբեություն էր, այդ մարդը ոտքից գլուխ խաբեբա է: Ինքը վաշխառու է, մենք հետո իմացանք: Եղբորս 25 հազար դոլար փող էր տվել: Եղբայրս իմ տանն էր ապրում: Ահ էր տալիս եղբորս ու երեխաներին, թե իմ փողը տուր: Բայց ես ասացի՝ որպեսզի այս պատմությունից եղբայրս ազատվի, տունը վաճառենք, իր գումարը տանք: Գրիշն ասաց, որ տունն ինքը կգնի 60 հազար դոլարով, 35 հազար դոլար էլ մեզ կվերադարձնի: Էնքան արեց, որ խեղճ եղբայրս մահացավ: Տան բանալիներն էլ ուզեց՝ տվեցինք: Տան ողջ գույքը վաճառել է, բայց մինչ օրս մեր 35 հազար դոլարը չի տվել: Ամեն օր խաբում է, ասում է՝ տունն առնող չկա, ես էլ տունն առնող եմ տանում, բանալիները չի տալիս, որ մարդիկ տունը տեսնեն»:



Հաջորդ «քաշվածը» Հրազդան քաղաքի բնակչուհի Ծովինար Մաթեւոսյանն է, ում Գրիշան 25 հազար դոլար գումար է տվել, նրանից 42 հազար դոլար տոկոս ստացել, հիմա էլ նրա գույքի վրա դատարանի միջոցով կալանք է դրել եւ պահանջում է իր 25 հազար դոլարը: Հրազդանում մեզ պատմեցին, որ Գրիշան եւս մեկ ընտանիք է քանդել: Տոկոսով գումար է տվել, ընտանիքը չի կարողացել հետ վերադարձնել գումարը, եւ բնակարանը Գրիշան իրենով է արել: Տիկնոջը՝ Սուսաննային մենք չկարողացանք գտնել, քանի որ նա բնակարանը կորցնելուն հետո Հայաստանից հեռացել էր:



Հրազդանում Գրիշային գիտեն Հրշեջ Գրիշ անունով, քանի որ նա ՍՊԸ է բացել «Հրշեջ Գրիշա» անունով: Նրա ՍՊԸ-ին մենք հետո կանդրադառնանք, քանի որ ահազանգեր ունենք հրազդանցիներից, որ Գրիգորյանի ընկերությունը չմատուցած ծառայությունների դիմաց գումարներ է գանձում: Տուժածներին լսելուց հետո զրուցեցինք Գրիշա Գրիգորյանի հետ, անուն առ անուն ներկայացրինք մեզ դիմող բնակիչների պատմությունը, սակայն Գրիշան հերքեց, թե մարդկանց տոկոսով գումար է տվել. «Էդ ո՞վ ա ասում, որ ես տոկոսով փող եմ տվել, կարող ա շատ բաներ ասեն, ուրեմն ամեն ասած լսե՞նք, դատարան կա, բան կա: Մելիտայի տունը ո՛չ առել եմ, ո՛չ իմ անունն էդտեղ կա, ո՛չ էլ ես տուն եմ ծախել: Էդ տունն արդեն 4 անգամ ծախվել ա: Ըտե իմ անունը վաբշե չկա, իսկ տան բանալիները կա՛մ իրենց մոտ ա, կա՛մ էլ չգիտեմ ում մոտ ա: Իսկ էդ 108 շենքի տանտերը մի հատ լավ տղա էր, 18 տարի առաջ իրեն փող տվեցի, որ նկարը տաներ Ռուսաստան՝ ծախեր: Գնաց Ռուսաստան, եկավ ասավ՝ փողը չեմ կարում տամ, կլինի՞ տունը տամ։ Տոշնի եմ ասում, մի հատ սուտ բան չկա, ես էլ ասեցի՝ որտե՞ղ կմնաս, ասաց՝ առաջին հարկում աներոջս տունն ա, էդտեղ կմնամ: Իսկ Ծովիկի հետ կապված՝ ես դատարան եմ տվել, որ փողս վերցնեմ»:



Հրազդանում պատմում են, որ Հրշեջ Գրիշի դեմ խաղ չկա, քանի որ նրա որդին՝ Արթուր Գրիգորյանը, տարիներ շարունակ բարձր պաշտոն է զբաղեցրել, եղել է դատական տեսուչ, ապա` գրասենյակի պետ, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանման պետ, ՀՀ վերահսկիչ պալատի իրավական վարչության բաժնի պետ, Վերահսկիչ պալատի 8-րդ վարչության պետ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, «Մուլտի գրուպ» կոնցեռնի ներքին վերահսկողության ծառայության պետ, այժմ էլ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար։ Էլ ո՞վ կհամարձակվի Գրիշի «էշին չոշ ասել»:



**Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ**