Նիկոլ Փաշինյանի արածն էլ է անցումային արդարադատություն

Նիկոլ Փաշինյանի արածն էլ է անցումային արդարադատություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց անցումային արդարադատություն ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը տարաբնույթ կարծիքների առիթ դարձավ։ Փորձագիտական շրջանակներում քննադատություններ հնչեցին, որ Եվրոպայի կոնվենցիային միացած եւ եռաստիճան դատական համակարգ ունեցող Հայաստանում անցումային արդարադատության ձեւավորումը կարող է լուրջ վնաս հասցնել Հայաստանի միջազգային վարկին։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում անցումային արդարադատությունը: Հայտնի է, որ ՀՀ Սահմանադրության հոդված 162-ի համաձայն, արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Անցումային արդարադատություն կիրառելու անհրաժեշտություն առաջանում է այն երկրներում, որտեղ ճնշումների եւ կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում մարդու իրավունքների բազմաթիվ եւ պարբերաբար կրկնվող խախտումներն այնքան լուրջ են եւ մեծաթիվ, որ արդարադատության սովորական համակարգն ի զորու չէ ապահովել համարժեք լուծումներ: Գոյություն ունեն անցումային արդարադատության մի շարք ձեւաչափեր՝ ճշմարտության հաստատման, փաստահավաք հանձնաժողովների ստեղծում, դատական գործերի վերաբացում, գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծում, վնասի հատուցում, պետաիրավական խորքային փոփոխություն, պաշտոնական ներողության հայտնում եւ այլն:



Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մի քանի օր առաջ ունեցած ասուլիսում հայտարարեց, որ այն, ինչ մտադիր է իշխանությունը ներդնել, չի հակասում ՀՀ Սահմանադրությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին: «Ասենք, որոշ գործերով, որտեղ եղել են թերացումներ, իրավունքի խախտման հարցը քննելու՝ արդյոք մարդու իրավունքը խախտվե՞լ է, թե ոչ, իրավունքի խախտման փաստը ճանաչելու կամ չճանաչելու, արդարացի հատուցում տրամադրելու: Տեսականորեն նաեւ հնարավոր է, որ կարող են լինել դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ։ Բայց հարցերը լուծելու են, եթե դատական կարգով պետք է լուծեն, լուծելու է Հայաստանի դատական գործող համակարգը, դատարաններն են գործելու»։ Փորձագիտական շրջանակները հիշեցին, որ 90-ականներին էլ, ըստ էության, գործել է անցումային արդարադատություն, իհարկե, այն նշված անվան տակ հանդես չի եկել, բայց բովանդակությունը նույնն է եղել։ 1995 թվականի Սահմանադրության ընդունումից հետո անցումային շրջանում դատավորների նշանակումն ու նրանց գործունեության կուրացիան իրականացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահելի Գագիկ Ջհանգիրյանը, որը 1990-1997թթ. ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետն էր, նախարարի առաջին տեղակալը։



Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն էլ փաստեց, որ սա բնավ նոր երեւույթ չէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, ուղղակի այդ ինստիտուտի անվանումը չի դրվել շրջանառության մեջ․ «Ինչ վերաբերում է մինչ այս պահն անցումային արդարադատության դրսեւորումներին, ապա հենց այդպիսին էր, օրինակ, 1990-ականների սկզբներին Գլխավոր դատախազությունում իմ ղեկավարությամբ ստեղծված Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու եւ փոխհատուցում տալու հայտերի քննարկման հանձնաժողովը: Մենք պահանջում էինք ՊԱԿ-ից, ՆԳՆ-ից եւ այլ մարմիններից (այդ թվում՝ միութենական) արխիվային գործերը եւ ուսումնասիրության արդյունքներով կազմում եզրակացություն, ինչն արդեն բավարար իրավական հիմք էր համարվում անձին արդարացված համարելու համար: Ամբողջ խնդիրն այն էր, որ կար բանավեճ, թե արդյոք, այսպես կոչված, «դվոյկաներն» ու «տրոյկաները» համարվո՞ւմ էին օրենքով ստեղծված դատարաններ, որպեսզի նրանց ակտերը եւս բեկանվեին դատական կարգով: Իմ մոտեցումն այդ ժամանակ այն էր, որ դրանք դատական ատյաններ չեն եղել, ուստի իրավաչափ հիմք չկար հազարավոր գործերի վերանայումը վերապահել դատարաններին եւ անհարկի ծանրաբեռնել: Եթե համարժեք ուսումնասիրեք դատական համակարգի պատմությունը, անշուշտ, կհայտնաբերեք անցումային արդարադատության, այդ թվում՝ դատավորների վերանշանակման նաեւ այլ դրսեւորումներ»:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանն էլ փաստում է, որ «անցումային արդարադատության վերաբերյալ միջազգային փորձը դրական արդյունքներ չի արձանագրել»։ Ավետիսյանի համար անհասկանալի է, թե անցումային արդարադատությունն ինչպես է զուգորդվելու ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի հետ։ «Պատկերացնենք, թեկուզ տեսական, ստեղծվող նախադեպից օգտվելով՝ ամեն մի նոր իշխանություն հանձնաժողով է ստեղծում եւ անցումային արդարադատություն է սկսում։ Այս պարագայում նույնիսկ կարող է պետության իրավական անվտանգության խնդիր առաջանալ»։ Ավետիսյանի խոսքով՝ պետք է հուսալ, որ իշխանությունն այնպիսի քայլերի չի գնա, որը խնդրահարույց լինի․ «Եվ քանի որ նախարարը չմանրամասնեց, թե ինչ նկատի ունի, հիմա դժվար է դատողություններ անել, թե նա ինչ նկատի ունի։ Գուցե դա բոլորովին այլ տարբերակով լինի, որն իսկապես չի վնասի միջազգային մեր պարտավորություններին։ Պարզապես արդարադատությունը շատ լայն հասկացողություն է, այդ անվան տակ մենք հաճախ հասկանում ենք միայն դատարանների կողմից իրականացված արդարադատություն, բայց դա լայն հասկացողություն է։ Գուցե դա ոչ միայն դատական արդարությունն ու արդարադատությունն է, այլեւ առհասարակ երկրում գոյություն ունեցող ընդհանուր արդարությունը՝ տնտեսական եւ այլն։ Գուցե անցումային արդարադատության անհրաժեշտության մասին խոսելով՝ իշխանությունը հենց այս ընդհանուր մոտեցումնե՞րը նկատի ունի, ոչ թե արդար դատաքննության։ Այն, ինչ այսօր վարչապետը հռչակել եւ անում է, դա էլ կարելի է անցումային արդարադատություն անվանել։ Եթե բոլորի համար հավասար աշխատանքի պայմաններ է ստեղծում, ինչո՞ւ ոչ, դա էլ կարելի է համարել»։



Ավետիսյանն ընդունում է, որ դատարանների նկատմամբ անվստահության խնդիր կա, որը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով, սակայն վստահությունը վերականգնելու համար այլ ճանապարհ է առաջարկում․ «Իհարկե, դրանցից առաջինը քաղաքական կամքի առկայությունն է, իշխանության մյուս թեւերը չպետք է միջամտեն արդարադատությանը։ Վարչապետն այս հարցում միանգամայն դրական մոտեցում ունի, գովելի է։ Հաջորդն անհրաժեշտ է, որ հասարակությունն անմիջական մասնակցություն ունենա արդարադատության բուն գործընթացին, դա կլինի երդվյալ ատենակալների, ասիզների, մագիստրների կամ այլ տեսքով։ Ամբողջ Եվրոպայում չեք գտնի մի երկիր, որտեղ ժողովուրդը չի մասնակցում բուն արդարադատության իրականացմանը։ Այս մոտեցման հետ չհամաձայնողները պնդում են, թե փոքր երկիր ենք, ժողովրդի ներկայացուցիչների հետ հեշտ է համաձայնության գալը։ Դժվար է համաձայնել՝ հարեւան Վրաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտը հաջողությամբ գործում է, իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ապա մենք ականատես եղանք, թե քաղաքացիական դիրքորոշում ունեցող ինչ ժողովուրդ ունենք։ Հաջորդը․ հաշվի առնելով իրավական զարգացած ավանդույթներ ունեցող երկրների փորձը, ինչո՞ւ չանցնել ժողովրդի կողմից դատավորներ ընտրելու համակարգին»։ Նա կարծում է, որ տարիներ շարունակ դատական բարեփոխումները կոսմետիկ բնույթ են կրել, եւ հիմա ժամանակն է անցնելու ռադիկալ եւ ապագային միտված փոփոխությունների, որոնք ցանկալի արդյունք կտան։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**