Անփութության հետևանքով արյունաբանականում մեծ քանակով արյուն է ոչնչացվել

Անփութության հետևանքով արյունաբանականում մեծ քանակով արյուն է ոչնչացվել
Օրերս արտակարգ դեպք է արձանագրվել արյունաբանական կենտրոնում։ Մեր տեղեկություններով, այստեղ ոչնչացրել են ավելի քան 200 փաթեթ արյուն, ինչը, մասնագետների գնահատամամբ, կազմում է շուրջ 2 միլիոն դրամ։ Արյունաբանականի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատակիցների անփութության պատճառով անջատված է եղել սառնարանը, ինչի հետեւանքով այնտեղ պահվող արյունը անպիտան է դարձել։ Մինդեռ արյան սակավությունը լուրջ խնդիր է մեր երկրում, եւ դրա հավաքագրման համար լուրջ գործընթացներ են ծավալվում։



Հայտնի է, որ բացի վճարովի դոնորությունից, միջոցառումներ են կազմակերպվում կամավոր սկզբունքով արյուն հավաքագրելու նպատակով։ Ստացվում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, թերեւս խիստ զբաղված լինելով նախորդ իշխանության մանր ու մեծ չարաշահումները, անփություններն ու պետությանը պատճառած վնասները հայտնաբերելու եւ ըստ այդմ մարդկանց աշխատանքից հեռացնելու գործառույթով, ժամանակ չի կարող տրամադրել հենց իր ղեկավարման օրոք առողջապահական որոշ հաստատություններում տիրող իրավիճակի ուսումնասիրություններին։ Մենք շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ աշխատակազմի ցանկությանը հակառակ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կենտրոնի ղեկավար է կարգել Սամվել Դանիելյանին, որը մտերիմ հարաբերություններ է ունեցել տիկին Ռիտա Սարգսյանի հետ, ինչպես Սմբատ Դաղբաշյանը՝ նախկին ղեկավարը։



Արսեն Թորոսյանը մտադիր է ավելի ուշ այս պաշտոնում նշանակել Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցի մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանին։ Եթե նախարարը պաշտոնավարի նաեւ ընտրություններից հետո, ապա Թամամյանը կնշանակվի։