Այս պահին մենք չգիտենք, թե ինչ ենք՝ իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն

Այս պահին մենք չգիտենք, թե ինչ ենք՝ իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս ուշագրավ առաջարկով հանդես եկավ՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված․ «Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միասնական ցուցակի առաջարկ եմ արել, քանի որ հաղթանակը նաեւ մերն է, քանի որ ընդհանուր պայքարի մեջ եղել ենք երկար տարիներ, նաեւ՝ բոլորինը: Մենք կողմ ենք կուսակցական դրոշները վայր դնելուն, եթե դա ընդունվի, կողջունենք, եթե այդ առաջարկը չընդունվի, ամեն դեպքում մենք ակտիվ մասնակցություն կունենանք ընտրություններին, կորոշենք մասնակցության ձեւը»։ Կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ դեռեւս չեն ստացել Փաշինյանի պատասխանը, սակայն դա չի նշանակում, թե առաջարկի չընդունումից հետո իրենք միայնակ չեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Թեմայի շուրջ զրուցեցինք Ա․ Մարտիրոսյանի հետ։



**-Պարոն Մարտիրոսյան, սա Րաֆֆի Հովհաննիսյանի անձնակա՞ն մոտեցումն է, թե՞ կուսակցության, եւ դուք ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում միասնական ցուցակով գնալու առաջարկը**։



-Պարոն Հովհաննիսյանի առաջարկին, որպես վարչության նախագահ, շատ լավ եմ վերաբերվում, որովհետեւ քաղաքական տրամաբանություն կա այդ հայտարարության մեջ, սակայն դեռեւս արձագանք չի եղել մյուս կողմից։ Որպես քաղաքական հմուտ գործիչ, ընդդիմադիր պայքարում միշտ եղած հեղինակավոր լիդեր՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ բոլոր նախադրյալները՝ նման հայտարարություն անելու համար։ Տրամաբանությունը շատ հստակ է, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն՝ որպես վարչության նախագահ, ես ասում եմ նաեւ, որ «Ժառանգությունը» պատրաստ է ցանկացած ֆորմատով մասնակցելու եւ մասնակցելու է։



**-Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ դուք այնքան անհուսալի վիճակում եք, որ ցանկանում եք կցվել իշխանությանն ու գնալ ընտրության**։



-Ոչ, ամենեւին էլ դա չի նշանակում, եւ մենք ամենեւին էլ ծայրահեղ վատ վիճակում չենք, որ կցվենք մի երկրորդ ուժի, որպեսզի խորհրդարանում հայտնվենք։ Եթե մենք նման մտադրություն, կուսակցական նեղ ամբիցիաներ ունենայինք, մենք դեռեւս ՀՀԿ-ի իշխանության ժամանակահատվածում եւ իշխանության մեջ կլինեինք եւ ցանկացած պահի ցանկացած պաշտոն կստանայինք, այդ թվում՝ խորհրդարանական տեղեր։ Բայց մենք նման քաղաքական հետագիծ չենք ունեցել, ուստիեւ ասում եմ՝ կարող ենք միայնակ էլ մասնակցենք։ Ավելին՝ մենք ունենք դաշինք կազմելու հնարավորություն եւս, մենք որեւէ ձեւաչափով հաստատ կմասնակցենք։



**-Իսկ էլ ո՞ր ուժերի հետ դաշինք կազմելու հնարավորություն ունեք**։



-Ընդդիմադիր կուսակցությունների։ Միմիայն։ Բոլոր այն ուժերի, որոնք այս տարիների ընթացքում հստակ ընդդիմադիր դիրքերից են հանդես եկել եւ պայքարել են Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Եվ քանի որ պայքարը հաջողությամբ պսակվեց, Սերժ Սարգսյանն այլեւս ՀՀԿ-ի հետ իշխանություն չի լինելու, ուստի «Ժառանգությունը», եթե նաեւ դաշինքով գնանք, իր գործընկերների հետ առաջ է քաշելու Հայաստանի բացառապես զարգացման ծրագիր։



**-Այսինքն՝ դուք ընդդիմություն չեք լինելու Փաշինյանի իշխանությանը**։



-Մենք չգիտեմ, թե ինչ ենք լինելու, հիմա էլ չգիտենք, թե ինչ ենք, ընտրություններից հետո մի բան հստակ կլինենք՝ կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն։ Այս պահին չգիտենք ինչ ենք, որովհետեւ այն իշխանությունը, որ եկել է, նաեւ մեր բերած իշխանությունն է, մենք այդ իշխանությանը պաշտպանում ենք, մեր աջակցությունն ենք հայտնում, բայց գործադիրի մեջ չենք։ Ուստի մենք թե այս պահին որ կողմն ենք, դեռ չենք կարող լուծել։



**-Դուք իսկապես կարծում եք, որ այս իշխանությունը նաեւ ձե՞ր բերածն է։**



-Բա այս հեղափոխությունը միանգամից օդից չեկավ, չէ՞, էս հեղափոխության համար ո՛չ մարդիկ պայքարել էին, ո՛չ ծրագրեր առաջ քաշել, ո՛չ քաղաքացիական անհնազանդության տեսությունն էին առաջ քաշել, ո՛չ ոստիկանների հարվածներն էին իրենց վրա վերցրել, որպեսզի ոստիկանները հիմա չհարվածեն, ո՛չ էլ այս հեղափոխության սկզբում էր «Հանուն Հայաստան պետության» ճակատում «Ժառանգությունը» պայքարը սկսել մարտի 10-ից, կամ մարտի 13-ին համատեղ հանրահավաք արեցին եւ ապահովեցին նախնական «մարդկային կապիտալը» հեղափոխության համար։ Ընթացքում էլի նույն այդ ընդդիմադիր ուժերը չէի՞ն «Ժառանգության» հետ, որ երթեր, ցույցեր էին անցկացնում, փողոցներ փակում, ըտենց միանգամից օդից իջավ, էլի, այս հեղափոխությունը։ Իսկ որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ մենք մեր ավանդն ունենք հեղափոխության հաղթանակում։ Եթե կասկածում են, թող ընկնեն՝ փաստեր հանեն։



**-Ուրեմն եթե Փաշինյանի հետ միասնական ցուցակ չձեւավորվեց, «Ժառանգությանն» ինչո՞ւ պիտի ընտրողը ձայն տա։**



-Մենք միակ կուսակցությունն ենք, որը, լինելով խորհրդարանում, երբեք չի համագործակցել որեւէ իշխանության հետ, սկզբունքային պայքար է տարել այս տարիների ընթացքում, ունի հստակ գաղափարական ուղղվածություն, Հայաստանի ու ժողովրդի շահը մշտապես պաշտպանել է։ Դրան գումարած՝ միշտ զարգացման ծրագիր է ունեցել, լավ քաղաքական հետագիծ, քաղաքական անցած ճանապարհ, որը շատ մաքուր է եղել եւ հստակ։



**-Նաեւ՝ ձախողումներով լի։**



- Ձախողում խոշոր հաշվով չի ունեցել, եթե մեզ այնպես չեն աջակցել, ինչպես այս հեղափոխությանը, երբ ընդդիմադիր ամբողջ դաշտը մասնակցեց, ավելին՝ մեզ հարվածում էին հենց ընդդիմադիր դաշտից․ դա չի նշանակում ձախողել։ Եթե ընդդիմադիր դաշտը մի փոքր կոնսոլիդացվեր, 2013 թվականին այս ամենն արդեն տեղի էր ունենալու։



-**Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց աղոթելու, ընդդիմադիր դաշտն էլ ինչո՞ւ կոնսոլիդացվեր։**



-Դա ինֆորմացիոն եւ իշխանական աղբյուրներից գցած քարոզչական նյութ է՝ իբր գնաց աղոթելու։ Պարոն Հովհաննիսյանը երեք օր առաջ այդ մոմերն ունեցել է, որ եթե Բաղրամյան 26-ում լույսերն անջատեին, մենք այդ մոմերը վառեինք, իսկ եթե չկարողանայինք վերցնել, տեսնեինք, որ արյունահեղության է գնում, մենք գնայինք Ծիծեռնակաբերդ։ Դա երեք օր առաջ է պլանավորված եղել։ Իսկ փիառ կամպանիան, որ որոշ լրատվամիջոցներ, կուսակցություններ, մրցակցությունից ելնելով, իրականացրին, դա ճիշտ չէր։



**-Բայց բոլորը տեսան, չէ՞, «զորավար Վովա Գասպարյանի» հետ աղոթքն ու մոմավառությունը։**



-Վովա Գասպարյանի հետ աղոթք չի եղել, ինքը Ծիծեռնակաբերդ է գնացել ըստ նախապես որոշված պլանի, եթե Վովա Գասպարյանը կամ որեւէ մեկը միացել է, դա դեռ չի նշանակում, թե եսիմինչ է եղել։ Փաստն այն է, որ ինքն այնպիսի քայլ կատարեց, որ անիմաստ տեղը զոհեր չեղան։ Փաստը դա է, մյուսը՝ սեւ փիառ։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**