Երկու կին եւ մի «ատամնատեխնիկ»

Երկու կին եւ մի «ատամնատեխնիկ»
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն հայտնվել է լիակատար քաոսի մեջ, ո՛չ հոդաբաշխ բացատրություններ են տալիս հրաժարականի պատճառների մասին, ո՛չ հայտնում իրենց ապագա պլանների, մասնավորապես՝ թեկնածու առաջադրելու վերաբերյալ։ Ավագանու ՀՀԿ խմբակցությունն արդեն մի քանի օր է՝ ընդհատակ է անցել, չնայած վաղը քաղաքապետարանում ավագանու արտահերթ նիստ է հրավիրված, որը կորոշի քաղաքապետի ընտրության օրը, ապա երկշաբաթյա ժամկետում բոլոր խմբակցություններն իրավունք ունեն քաղաքապետի թեկնածու առաջադրել։ Սակայն ՀՀԿ-ում երեկ տեղյակ չէին՝ թեկնածու առաջադրելո՞ւ են խմբակցությունից, թե՞ ոչ։ Ինչպես խորհրդարանում, Երեւանի քաղաքապետարանում նույնպես ՀՀԿ-ն ամենամեծ խմբակցությունն է, ավագանին 65 անդամ ունի, ՀՀԿ խմբակցությունը 46 անդամից է բաղկացած, 14-ը «Ելքն» է, 3-ը՝ «Երկիր ծիրանին» եւ վերջինիցս պոկված երկու անկախ ավագանիները։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանը** երեկ մեզ ասաց, որ ինքը չի կարող ասել՝ թեկնածու կունենա՞ն, թե՞ ոչ, քանի որ չեն քննարկել այդ հարցը։



Իրենց կուսակից քաղաքապետի հրաժարականի պատճառներից էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղյակ չէ, ասաց, որ դա Տարոն Մարգարյանի անձնական որոշումն է, որի մասին նա կուսակցությանն ընդամենը տեղյակ է պահել։ Հարցրինք՝ իսկ կուսակցությունից չե՞ն հետաքրքրվել, թե ինչու է Մարգարյանը նման որոշում կայացրել։ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե ինքը չի ցանկանում նման հարցերի պատասխանել․ «Տարոն Մարգարյանին հարցրեք»։ Դիտարկմանը, որ իրավապահ մարմինների կողմից օղակը սեղմվում է Տարոն Մարգարյանի շուրջ, եւ քննության տակ էր վերցվել նաեւ նրա ունեցվածքի օրինականության հարցը, եւ հարցին, թե արդյոք ա՞յդ պատճառով է Մարգարյանը հրաժարական ներկայացրել, Բաղդասարյանը պատասխանեց․ «Եթե կան քրեական գործեր, թող իրավապահ մարմինները դրանով զբաղվեն»։ Գուցե իրավապահների կամ իշխանությունների ճնշման ներքո՞ է հրաժարականի դիմումը ներկայացրել։ «Փորձում եք հարցեր տալ, որոնց պատասխանը չեք ստանա, դա քաղաքական որոշում չէր, եթե լիներ, ես կիմանայի, անձնական որոշում է, ուրեմն հարցերն իրեն ուղղեք»։ Իսկ Տարոն Մարգարյա՞նն է որոշելու՝ ՀՀԿ ավագանին քաղաքապետի թեկնածու առաջադրելու է, թե ոչ։ «Ես չգիտեմ, հարցը դեռ չի քննարկվել»։ Արդարադատության նախկին նախարար **Դավիթ Հարությունյանը** Մարգարյանի հրաժարականի պատճառների մասին ասաց․ «Եթե անգամ մեզ մոտ քննարկված էլ լինի, ես չէի ասի», եւ հորդորեց Մարգարյանից պարզել հրաժարականի պատճառները։ «Դեռեւս ոչինչ պարզ չէ, բնականաբար, կլինի քննարկում, հետո միայն կխոսենք»,- ասաց նա ի պատասխան թեկնածու առաջադրելու հարցին։



Ուշագրավ է, որ «Երկիր ծիրանի» խմբակցությունը նույնպես չունի որոշում, ավագանու անդամ **Սոնա Աղեկյանը** մեզ հայտնեց, որ առաջիկայում խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կհայտնի իրենց որոշման մասին։ Տեղեկություններ կան, որ «ԵԾ»-ում հակված են ավագանու արտահերթ ընտրությունների։ Եթե նման որոշման հանգեն, ապա առաջիկայում թեկնածու չեն առաջադրի՝ հասկանալով, որ ընտրվելու շանս չկա։ Իսկ եթե որեւէ խմբակցություն թեկնածու առաջադրի, ապա Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն էլ «ԵԾ»-ն կառաջադրի։ Սակայն հետհեղափոխական մթնոլորտով պայմանավորված՝ ամենահավանական տարբերակն ավագանու նոր՝ արտահերթ ընտրությունների գնալն է, որոնք տեղի կունենան մոտավորապես սեպտեմբերի վերջին։ Հիշեցնենք, որ Երեւանի 2800-ամյակի արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 29-30-ը, այսինքն՝ ընտրությունն առնվազն դրանից առաջ պետք է լինի։



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր **Նաիրա Զոհրաբյանը** երեկ մեզ հայտնեց, որ ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն անպայման մասնակցելու է, իսկ թե ով կգլխավորի ցուցակը, դեռ չեն քննարկել։ Սակայն ԲՀԿ-ականները չեն բացառում հենց Զոհրաբյանի թեկնածությունը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**