Արամ Սարգսյանը կապահովի ԵԿՄ-իշխանություն կապը

Արամ Սարգսյանը կապահովի ԵԿՄ-իշխանություն կապը
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անփառունակ տապալումից հետո ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում։ Տարբեր ժամանակներում հեռացած հրամանատարները կարծում էին, որ ԵԿՄ-ն այլեւս նախագահ չպետք է ունենա, եւ պետք է կառավարման կոլեկտիվ խորհուրդ ընտրել։ Նրանք հայտարարեցին կրկին ԵԿՄ վերադառնալու, կառույցը նորոգելու մտադրության մասին, 2 շաբաթ առաջ նրանք եւ ԵԿՄ վարչության 3 փոխնախագահները նիստ արեցին, կազմկոմիտե ձեւավորեցին, որը պետք է զբաղվեր ապագա համագումարի հարցերով, սակայն այս առաջարկը ԵԿՄ ակտիվը չընդունեց։ Նախօրեին կայացած նիստին, որին մասնակցել են վարչության անդամներ, տարածքայինների ներկայացուցիչներ, ձեւավորվել է նոր աշխատանքային խումբ՝ համագումարին նախապատրաստվելու նպատակով, եւ ԵԿՄ նախագահի թեկնածու են առաջադրել Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին։ ԵԿՄ-ից հեռացածները չեն մասնակցել այդ նիստին, տեղյակ էլ չեն եղել, եթե անգամ լինեին էլ, իրավունք չունեն մասնակցելու, քանի որ ակտիվի անդամ չեն։ Արամ Զավենիչի առաջադրումը նոր կրքեր է շիկացրել ազատամարտիկների շրջանում։ ԵԿՄ-ից հեռացածներն այլեւս չեն մտածում վերադառնալու մասին՝ փոշմանել են։



Ազատամարտիկների դաշինքի հրամանատարները, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր **Ռուստամ Գասպարյանը** եւ այլք նիստից հետո այլեւս չեն պատրաստվում վերադառնալ ԵԿՄ՝ մեզ հետ զրույցում ասաց Գասպարյանը։ «Չիմացանք, թե ով առաջադրեց Արամ Սարգսյանին, ինչի առաջադրեց, ինչ քաղաքական խնդիր են լուծում: Մենք ցանկանում էինք` իրոք էդ մուրը, էդ ամոթը, էդ բուֆետչիկներն ու նալոգ մուծողները մաքրվեին ԵԿՄ-ից, իսկ դրանք էնքան շատ են, որ իրենց ձեռք չէր տալու մեր էնտեղ վերադառնալը»,- ասաց Գասպարյանը։ «Մենք ուզում էինք ԵԿՄ-ն վերականգներ իր իսկական դեմքը` կռվող տղաներով համալրված, բայց, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԵԿՄ վարչությունը նախընտրեց նույն կարգավիճակով շարունակել իր գործունեությունը»։ Գասպարյանի կարծիքով, Արամ Սարգսյանը չպետք է համաձայներ այդ պաշտոնին։ «Եթե ուզում էր եղբոր ստեղծած կառույցը պահպանել, կարող էր մնալ մեր առաջարկած խորհրդի անդամ, իր առաջարկներով ի նպաստ բերեր, ոչ թե՝ կուսակցական ղեկավար լինելով հանդերձ… էս պարագայում պարզ չէ՞, որ իր ուժին է աջակցելու ԵԿՄ-ն։ Իսկ եթե լիներ խորհուրդ եւ խորհրդում՝ տարբեր կուսակցական անդամներ, քաղաքական նպատակների չէր ծառայի, որովհետեւ հնարավոր չէր լինի խորհրդի բոլոր անդամներին ուղղորդել, իսկ մեկ նախագահին ուղղորդելը հեշտ է»,- ասաց Գասպարյանը։



Մինչ ԵԿՄ-ից հեռացածներն Արամ Սարգսյանի առաջադրման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում, տեղեկություններ կան, որ գեներալ Մանվելի անկումից հետո նրանց կայծակնային հայտնությունը ԵԿՄ-ում եւս պատահական չէ։ Որոշ տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն է նրանց գործուղել «Երկրապահ», որ նրանց միջոցով ազդեցություն ունենա ԵԿՄ-ի վրա, ինչը թերեւս հնարավոր կլիներ կոլեգիալ կառավարման ժամանակ։ Մյուս կողմից՝ պահը բաց չեն թողել նաեւ գործող իշխանությունները։ ԵԿՄ-ում խոսում են, որ Արամ Սարգսյանը նեղ շրջապատում հայտարարել է, թե վարչապետին համոզել է չլուծարել ԵԿՄ-ն, եւ եթե ինքը դառնա նախագահ, ապա ԵԿՄ-ն չի լուծարվի։ Հիշեցնենք, որ Սարգսյանն ու Փաշինյանը ներկայումս նույն դաշինքի անդամ են, եւ չի բացառվում, որ առաջիկա արտահերթ ընտրություններին եւս միասին հանդես գան։ Հետեւաբար, Սարգսյանը նման պայմաններում իշխանությունների կողմից ներկայացված կոմպրոմիսային թեկնածուն կարող է լինել ԵԿՄ-ում։ Արամ Սարգսյանի աջակիցներից ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, սակայն, հիշեցրեց, որ ոչ թե Արամ Սարգսյանն է իրենց դիմել, որ դառնա ԵԿՄ նախագահ, այլ իրենք են դիմել։



«Սկզբում՝ մի խումբ, հետո շատացել են, դարձել գրեթե մի ամբողջ ակտիվ»,- ասաց Կետիկյանը՝ հրաժարվելով պատասխանել, թե կոնկրետ ով է առաջինն Արամ Սարգսյանի թեկնածությունն առաջարկել։ Գեներալի աջ ձեռքը համարվող Կետիկյանն ասաց, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ․ «Մանվել Գրիգորյանն էլ չէր ուղղորդում, նա կոչ էր անում, լինում էին մարդիկ, որ ընդունում էին, լինում էին, որ չէին ընդունում։ ԵԿՄ-ն վերքաղաքական կառույց է եւ մնալու է այդպիսին, այո, այնտեղ եղել են քաղաքական տարբեր կուսակցությունների անդամ ազատամարտիկներ»։ ԵԿՄ փոխնախագահի տեղեկացմամբ՝ Արամ Սարգսյանն անձամբ է «նախապայման» դրել, որ կառույցը չի քաղաքականացվելու։ Կշարունակի՞ արդյոք նա մնալ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, թե ոչ, Կետիկյանը դժվարացավ Արամ Սարգսյանի փոխարեն պատասխանել։



Տեղեկացրեց միայն, որ «Երկրապահի» կանոնադրությունը թույլ է տալիս համատեղել թե՛ կուսակցության, թե՛ «Երկրապահի» նախագահի կարգավիճակները։ Թե ինչու են ԵԿՄ-ում կանգ առել Արամ Սարգսյանի թեկնածության վրա, Կետիկյանը բացատրեց․ «Սարգսյանը ԵԿՄ-ի ստեղծման օրից կառույցում է, շատ արարատցիների պես ինքը մասնակցել է մարտական գործողություններին Երասխում, սահմանապահ ծառայությանը, բազմաթիվ անգամ հատուկ հանձնարարությունով Արցախ է մեկնել, միշտ մեր կողքին է եղել թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես ընդդիմադիր առաջնորդ։ Ինքն ունի խարիզմա, սկզբունքայնություն, առաջնորդի այն հատկությունները, որոնք անհրաժեշտ են ոչ միայն ԵԿՄ-ն ղեկավարելու, այլեւ միասնականությունը ցույց տալու համար»։ ԵԿՄ մեկ այլ փոխնախագահ՝ **Համլետ Հայրապետյանը**, ավելի անկեղծ գտնվեց, թեկնածուի ընտրության հարցում այս բոլոր հատկանիշներին գումարելով նաեւ Արամ Սարգսյանի՝ իշխանության հետ կապը․ «Մենք ենք խնդրել, որ ինքը գա, սպարապետի օջախը վառ պահելու համար։ Ինչու չէ՝ նաեւ… որ իշխանությունները լավ չնայեն, որեւիցե ՀԿ մենք կունենա՞նք։



Վերջիվերջո պիտի մի քիչ սթափ մտածենք»։ Նրա կարծիքով՝ ԵԿՄ-ի 99 տոկոսը կողմ է Վազգենի եղբոր թեկնածությանը․ «Ակտիվի նիստում բոլորը ծափերով են ընդունել իր թեկնածությունը»։ Մեր հարցին՝ եթե Արամ Սարգսյանին չառաջադրեին, ԵԿՄ-ն կլուծարվե՞ր, Հայրապետյանը դրական պատասխան տվեց․ «Էդ ո՞վ պիտի գար, եթե ոչ ինքը։ Էդ մեկը, որ ուզում էր գար, հլը թող նստի հայելու առաջ՝ ինքն իրան նայի։ Նայի իր կենսագիրը, արածն ու չարածը էս երկրի համար։ Էնպես չէ, որ անունը դնում ենք կռված տղա ու վերջ, հա, հետո՞ ինչ, սաղս էլ կռված տղա ենք»։ Բայց դա հնարավորություն է տալիս, որ մարդը ԵԿՄ նախագա՞հ դառնա։ «Այո, ինքն իր ելույթում ասաց, որ քաղաքական նպատակներով ԵԿՄ-ն չի օգտագործվի, բայցեւ պետականամետ կառույց է լինելու»։ Հայրապետյանը դեմ է կոլեգիալ կառավարմանը, քանի որ չգիտի, թե ովքեր են լինելու համանախագահները․ «Իսկ Սարգսյանի դեպքում գիտենք, որ մաքրամաքուր տղա ա, թողենք գա՝ կառավարի։



Պարզ, մաքուր, շիտակ եւ, ինչու չէ՝ իշխանությանը մոտ կանգնած անձնավորություն է, որը մեզ անհրաժեշտ է»։ Ի պատասխան ԵԿՄ-ն մաքրելու ոմանց հայտարարություններին, Հայրապետյանը նման մարդկանց խորհուրդ տվեց նախ սեփական ինքնամաքրմամբ զբաղվել․ «Թող իրանք իրանց մաքրեն, այո, ԵԿՄ-ն նորոգման կարիք ունի, բայց մի ներկայացրեք նենց, թե մենք թունդիրն ենք ընկել, դուք էլ եկել եք հանեք»։ ԵԿՄ-ից հեռացածներին էլ խորհուրդ տվեց․ «Կարող են՝ թող դառնան ԵԿՄ պատվիրակներ, իրենց թեկնածուն առաջադրելն կամ դեմ քվեարկելն։ 20 տարի է՝ հեռացել եք ԵԿՄ-ից, էդ խի՞ նորից հիշեցիք։ Եկեք, ով գալիս է, բարով գա, դարձեք մեր շարքային անդամներն ու օրինական ձեր խոսքն ասեք»։ ԵԿՄ համագումարը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերի վերջին, 5 օր առաջ վարչության նիստ կհրավիրվի։ Համագումարը նոր վարչություն կընտրի։ 180 հոգանոց վարչությունը զգալիորեն կկրճատվի։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**