Ինչպես է միջազգային հանրությունն արձագանքում Արցախի պաշարմանը 

Ինչպես է միջազգային հանրությունն արձագանքում Արցախի պաշարմանը 

Միջազգային հանրությունը սկսել է արձագանքել Արցախն Հայաստանի հետ կապող ճանապարհի փակման ադրբեջանական «էկոակտիվիստական-հանքամոնթրինգային» գործողությանը՝ հիմնականում դատապարտելով Բաքվի կեցվածքը։ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել առանց նախապայմանների բացել Լաչինչ միջանցքի երթեւեկությունը պահպանելով արցախահայության իրավունքները։ Փարիզից հիշեցրել են, որ համաձայն 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտի եւ բեռների տեղաշարժի անվտանգությունը»։ 

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն էլ հայտարարել է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմի ԼՂ խաղաղ բնակչության թիրախավորումը։ «Էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի ցանկացած կասեցում, իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի կասեցման մասին հաղորդագրությունները, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամիսներին: Եթե դա միտումնավոր է, ապա Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է»,- թվիթերյան իր էջում գրել է Փրայսը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, եւ համարում է, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են։

Միացյալ Նահանգներից մի խումբ կոնգրեսականներ, մասնավորապես՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն եւ Ադամ Շիֆը հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված է եւ նպատակ ունի փակելու Արցախի կենսական նշանակության ապրանքների մատակարարման միակ ուղին եւ սահմանափակելու Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը: «Դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները: Շատ մտահոգիչ է, որ ադրբեջանցիներին թույլ է տրվում ազատ կերպով բողոքի ակցիա անելու միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին»,- նշված է ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունում: 

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները դատապարտել են նաեւ ադրբեջանական կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը: Կոնգրեսականները հավելել են, որ կենսական նշանակության գծերի փակումը կամ փակման սպառնալիքը եւս մեկ անգամ նրանց ձեռքում զենք են դարձնում կարեւոր ենթակառուցվածքները եւ հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: «Սրան նախորդել է ոտնձգությունների շարքը հայ ժողովրդի դեմ, որը քաջալերվում է Ալիեւի վարչակարգի ճոռոմ հռետորաբանությամբ: Այդ ոտնձգությունները փաստագրված են»,- շեշտել են ամերիկացի կոնգրեսականները: Նրանք նաեւ ԱՄՆ կառավարությանն ու նրա եվրոպական գործընկերներին կոչ են արել օգտագործելու իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները Ադրբեջանի ստեղծած այս ճգնաժամը դադարեցնելու համար:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները կոչ են արել նաեւ՝ Ալիեւին բերել բանակցությունների սեղանի շուրջը եւ ապահովել Արցախի ժողովրդի ներգրավվածությունն այդ քննարկումներում: 

Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ՊՆ-ն հայտնելով, որ ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացվի։