Ինչ տողատակեր կան Փաշինյանի «ահազանգող» հայտարարությունների տակ 

Ինչ տողատակեր կան Փաշինյանի «ահազանգող» հայտարարությունների տակ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ 

«Այն, որ Լեռնային Ղարաբաղում գործում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, հանրահայտ փաստ է: Այդ բանակի գոյությունն ու գործունեությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավել, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էներագամատակարարումը դադարեցված է, Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներն ու գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից: Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է»,-ասել է Փաշինյանը: 

Սա բավականին լուրջ ահազանգ պարունակող հայտարարություն է, ոչ միայն իր ուղիղ իմաստով պայմանավորված, այլ նաեւ՝ տողատակերում եղած «մեսիջների» առումով։ Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները փորձում են աստիճանաբար հայաստանյան հասարակությանն «ընտելացնել» արցախահայության գլխին կախված հնարավոր ցեղասպանության վտանգի իրողությանը։ Դա իհարկե չի նշանակում, թե եթե նման բան ռեալ իրականության մեջ ձեռնարկվի, Երեւանը ձեռքերը ծալած նստելու է՝ դիտորդի դերում մնալով։ Դա նշանակում է, որ Հայաստանը առաջնահերթ կերպով զբաղվելու է գոնե արցախահայության տարհանումով ու Հայաստան տեղափոխելով, որպեսզի ապահովի 120 հազար մարդու կյանքի իրավունքը եւ վերջիններս չենթարկվեն ցեղասպանության։ Իսկ սա արդեն նշանակում է, որ ԼՂ-ն ամբողջապես հայաթափվում է, որով ադրբեջանական կողմը հնարավորություն է ստանում անարգել մտնել այնտեղ, իսկ ռուսական խաղաղապահներն էլ, քանի որ չկա հայ բնակչություն, ինքնաբերաբար դուրս են գալու այդ տարածքից եւ առհասարակ՝ Հարավային Կովկասից։ 

Զարմանալիորեն, այս սցենարը, որի «նախերգանքը» արդեն քանիերորդ անգամ հնչում է Հայաստանի ղեկավարի կողմից, ընդամենը օրեր առաջ հնչեցվեց նաեւ «Հանրայինի» եթերով հեռարձակվող «Հարցազրույց» հաղորդաշարում՝ Պետրոս Ղազարյանի հյուր Թաթուլ Հակոբյանի կողմից։ Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի իշխանություններն իրոք նախապատրաստում են հայաստանյան հանրությանը արցախահայությանը զանգվածային տարհանմանը եւ Հայաստան տեղափոխելուն։ Տպավորությունն այնպիսին է, որ պարզապես սպասվելիք գործընթացների հետ հաշտեցնում են հայ հասարակությանը՝ դոզայավորված մատուցելով դրա մասին տեղեկատվություն»։ Պարզ է մի բան, որ ինչ որ բան կատարվում է ու դա հաստատապես ոչ Հայաստանի, ոչ էլ ԼՂ շահերից չի բխում։