«Էլեկտրիկ երեվանցիները»՝ «Մերժիր Սերժին»-ի մասին

«Էլեկտրիկ երեվանցիները»՝ «Մերժիր Սերժին»-ի մասին
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Սերժին մերժող «Իմ քայլը» շարժումն ու ցույցերը մարդիկ համեմատում են «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի հետ` իրենց մարդաշատությամբ, Բաղրամյանը փակելով, երիտասարդության ակտիվ մասնակցությամբ ու ոստիկաների կիրառած տեխնոլոգիաների մասով։ Բայց, ի տարբերություն «Էլեկտրիկ Երեւանի», այստեղ գլխավոր դերում Նիկոլն է, ով առաջնորդում է շարժումը, եւ այն քաղաքական հստակ պահանջներ ունի։ «Էլեկտրիկկ Երեւանը» սոցիալական բնույթի բունտ էր՝ ընդդեմ հոսանքի թանկացման, որտեղ արգելվել էր քաղաքական ուժերի միջամտությունը։ «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ «առաջնագծում» էին մի քանի ակտիվ երիտասարդներ, որոնք էլ հիմնականում առաջնորդում էին շարժումը։ Այդ երիտասարդներն էին Նարեկ Այվազյանը, Վաղինակ Շուշանյանը, Արմեն Մկրտչյանը, Մաքսիմ Սարգսյանը։ Նրանցից միայն Նարեկն է, որ այսօր կրկին փողոցում է ու մասնակցում է Փաշինյանի նախաձեռնած ցույցերին, մյուսների ձայնը չի լսվում ո՛չ փողոցում, ո՛չ սոցցանցերում։ Վաղինակ Շուշանյանի ու Մաքսիմ Սարգսյանի դեպքում պատճառը հայտնի է՝ նրանք արտագաղթել են, Վաղինակը մեկ շաբաթ է, ինչ ԱՄՆ-ում է, իսկ Մաքսիմը վաղուց մեկնել է ՌԴ, թեեւ այդ մասին ժամանակին մեր հոդվածից նա եւ իր ընկերները խիստ զայրացել էին եւ հերքում էին։



Արմեն Մկրտչյանն էլ, որը «Հայազն» կուսակցության անդամ է, վերջերս է միացել Նարեկ Գալստյանի ՍԴՀԿ-ին, ժամանակին թունդ ընդդիմադիրի դիրքերից էր հանդես գալիս, այժմ, դատելով նրա ֆեյսբուքյան գրառումներից, ավելի պրոիշխանական կեցվածք է որդեգրել։ Արմենն այս թեմայով գրառում այս օրերին չի արել եւ որեւէ կարծիք չի հայտնել, հրապարակներում էլ գոնե մենք նրան չենք տեսել։ Երեկ, երբ փորձեցինք զրուցել Արմեն Մկրտչյանի հետ, նա խնդրեց մի փոքր ուշ զանգել իրեն ու այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։ Շուշանյանը, ում Ֆեյսբուքով դիմեցինք, չցանկացավ հարցազրույց տալ, թեպետ ասաց, որ հետեւում է հայաստանյան իրադարձություններին։ Փոխարենը զրուցեցինք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանի եւ Հայաստանից արտագաղթած Մաքսիմ Սարգսյանի՝ Մաքսի հետ։



**Նարեկ Այվազյանն** ասաց, որ իրենց կուսակցությունը միացել է ցույցերին, ինքն էլ մասնակցել է թե՛ երթերին, թե՛ Հանրապետության հրապարակի մեծ հանրահավաքին՝ որպես ըմբոստ քաղաքացի, եւ ողջունում է այն ամենը, ինչ այսօր կատարվում է Երեւանում։ «Ոնց որ «Էլեկտրիկ երեւանում» էր քաղաքացիական անհնազանդություն ու հիմնված էր քաղաքացիների պայքարի վրա, ու բուն կազմակերպողները բոլորն էլ շեշտադրում են, որ սա քաղաքացիական անհնազանդություն է, ու հասնելու են հաջողության հենց այդ հիմունքներով»,- ասաց Նարեկը՝ համեմատելով «Իմ քայլը» շարժումն «Էլեկտրիկ Երեւանի» հետ։



Իսկ կհասնե՞ն արդյունքի։ Նարեկն ասաց, որ եթե հաջողությունն այս սահմանած նպատակն է, որ կոնկրետ մարդը վարչապետ չդառնա կամ հեռանա վարչապետի պաշտոնից, դեռեւս վաղ է գնահատական տալ, բայց շատ այլ հաջողություններ արդեն կան։ Օրինակ՝ ուսանողությունը, որ միշտ թերագնահատված էր, ցույց տվեց իր իրական դեմքն ու արժեքը: Նա առայժմ ճիշտ է համարում գնահատականներ տալու փոխարեն հետեւել գործընթացին ու ինչով հնարավոր է՝ փորձել օգտակար լինել շարժմանը, որը շատ հնարավոր է՝ կհասնի դրական արդյունքի։



Նկատեցինք, որ ակցիաները կարծես թե կամաց-կամաց մարում են, քանզի փակ փողոցներ այլեւս չկան, եւ ոստիկանությունն էլ թերեւս փորձում է «Էլեկտրիկ Երեւանի» մեթոդներով թողնել, որ շարժումն ինքն իրեն մարի․ Նարեկ Այվազյանն ասաց․ «Դե, բնականաբար, այդ բոլոր հնարավոր միջոցները ոստիկանությունը փորձելու է կիրառել, իսկ բռնի ուժն էլ կիրառելու է սադրիչների միջոցով, որը միջոցառման մասնակիցներին վանում է»։



Արտերկրից երեւանյան իրադարձություններին ակտիվորեն հետեւող **Մաքսիմ Սարգսյանն** էլ ցույցերը բնութագրեց մեկ բառով՝ ֆանտաստիկ։ «Ֆանտաստիկ են բոլոր առումներով՝ սկսած ինքնակազմակերպման գերազանց դրսեւորումներից, վերջացրած մարդկանց քանակով ու որակով։ «Էլեկտրիկ Երեւանին» չեմ նմանեցնում, բայց կարծում եմ՝ «Էլեկտրիկ Երեւանն» էլ քիչ թե շատ նպաստեց մարդկանց քաղաքացիական, քաղաքական դիրքորոշումն արտահայտելուն»,- ասաց Մաքսը։



Նրա խոսքով՝ որեւէ ռեժիմ երբեք էլ հեշտ չի հանձնել իր աթոռը, ու Սերժ Սարգսյանն էլ բացառություն չէ։ Իսկ թե ինչ պետք է անել այսուհետ, Մաքսը կարծում է, որ փողոց դուրս եկած մարդիկ շատ լավ հասկանում, տեսնում ու անթերի անում են։ «Կարեւորը՝ չհուսալքվել, թափ հավաքել ու շարունակել ցանցային պայքարը։ Շարժումը, ինչպեսեւ կյանքում որեւէ բան, հավերժ չի կարող լինել»,- կարծում է նա։ Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ ոստիկանությունը կիրառում է բոլոր նույն մեթոդներն ու միջոցները, ինչ Բաղրամյանում, Խորենացիում եւ մնացյալ այլ դեպքերում։ «Փողոցները բաց են միայն ժամանակ առ ժամանակ, մնացյալն էլ՝ ժամանակը ցույց կտա։ Կարեւորն այն է, որ հրապարակում իրավագիտակից, սթափ ու կրթված երիտասարդությունն է»,- ասաց «էլեկտրիկ երեւանցի» Մաքսը։