Ամենաշատ բողոքները եղել են ոստիկանությունից

Ամենաշատ բողոքները եղել են ոստիկանությունից
Քաղաքացիների իրավագիտակցության, սեփական իրավունքներից տեղյակ լինելու մասին լավագույն պատկերացումը տալիս է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը կամ հաղորդումը։ Այսօր ՄԻՊ-ը 2017թ․ ընթացքում ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումն է ներկայացրել ԱԺ, որում կա բավականին հետաքրքիր վիճակագրություն։



2017թ․ ընթացքում Պաշտպանը ստացել է ընդհանուր թվով 6417 դիմում-բողոքներ, որոնցից գրավոր դիմում-բողոքները եւ սեփական նախաձեռնությամբ քննարկումները կազմել են 2145-ը, իսկ բանավոր դիմում-բողոքները՝ 4272։ 744 դիմում-բողոք եղել է ոստիկանությունից, 669-ը՝ քրեակատարողական ծառայությունից, ԴԱՀԿ ծառայությունից՝ 208, արդարադատության նախարարության կենտրոնական եւ այլ ստորաբաժանումներից՝ 79, դատական իշխանության մարմիններից՝ 453, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 450, պաշտպանության նախարարությունից՝ 353, Երեւանի քաղաքապետարանից՝ 323, հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպություններից՝ 266, քննչական կոմիտեից՝ 256, առողջապահության նախարարությունից՝ 250, համայնքապետարաններից՝ 139, դատախազությունից՝ 65, պետական եկամուտների կոմիտեից՝ 60, մարզպետարաններից՝ 50, կրթության եւ գիտության նախարարությունից՝ 49, այլ մարմիններից եւ կազմակերպություններից՝ 2003։ Հետաքրքիր պատկեր է ուրվագծում նաեւ գրավոր եւ բանավոր դիմում-բողոքների քանակը՝ ըստ վարչատարածքային միավորների։



Բնականաբար՝ ամենամեծ թիվը կազմում են Երեւանից ստացված դիմում-բողոքները։ Նրան հաջորդում է Գեղարքունիքի մարզը՝ իր 455 դիմում-բողոքներով, հետո՝ Արմավիրը (370), Շիրակի մարզը (360), Կոտայքի մարզը (335), Լոռու մարզը (213), Արարատի մարզը (170), Սյունիքի մարզը (159), Արագածոտնի մարզը (83), Տավուշի մարզը (81)։ Իսկ հասցե չպարունակող բողոքները եղել են 1039։