ՀՅԴ-ում գաղափարական հակասություններ չկան

ՀՅԴ-ում գաղափարական հակասություններ չկան
Օրերս Դաշնակցությունը ժողով արեց ու ԳՄ նոր կազմ ընտրեց։ Արդյունքում բազմաթիվ հին ու հայտնի ԳՄ-ական դեմքեր դուրս մնացին Դաշնակցության ղեկավար կազմից։ ՀՅԴ Գերագույն մարմինը համալրվեց նոր ու երիտասարդ կադրերով։ ԳՄ կազմում չընդգրկված դաշնակցական նախարար **Դավիթ Լոքյանը** դա բացատրում է ավելի արդյունավետ կառավարմամբ։ Նրա խոսքով՝ նախարար, պատգամավոր ԳՄ-ականները շաբաթը մեկ անգամ ԳՄ գնալով՝ չէին կարողանում զբաղվել կուսակցական հարցերով, դրա համար անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք կկարողանան ժամանակ տրամադրել կուսակցության ներքին գործերին։ Այսինքն՝ արդյունավետ չէ՞ր նրանց աշխատանքը, Լոքյանն ասաց․ «Կարելի է եւ այդպես ասել»։



Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն էլ նախորդ ընտրություններում որոշեց ազատվել օդիոզ, իշխանության հետ սերտաճած դեմքերից, կարո՞ղ է ՀՅԴ-ում էլ են նույն սկզբունքով գնացել այդ ռեստարտին, Լոքյանը չհամաձայնեց՝ նշելով․ «Ես արդեն ասացի, թե որն էր փոփոխության պատճառը»։ Ի դեպ, ժողովին ներկա են եղել նաեւ Սփյուռքից հրավիրված դաշնակցականներ։ Նկատեցինք, որ պարբերաբար խոսվում է Սփյուռքի ու Հայաստանի ՀՅԴ-ականների միջեւ եղած գաղափարական հակասությունների կամ քաղաքական, ծրագրային մոտեցումներում եղած տարբերությունների մասին։ Լոքյանը կտրուկ նշեց, որ Դաշնակցության մեջ գաղափարական հակասություն չկա եւ չի կարող լինել։



«Հնարավոր է, երբ կուսակցությունը մի քանի տասնյակ հազար անդամ ունի, մեկը, երկուսը կամ մի փոքր խումբ ինչ-որ հարցերում անհանդուրժողականություն ցուցաբերեն։ Բայց որ այսօր որեւէ ճեղքվածք որեւէ կառույցում մենք չունենք, դա փաստ է։ Դաշնակցության կառույցն այնպիսի մեխանիզմների վրա է հիմնված, որ այդ կարգի բաները չեն կարող դրսեւորվել»,- ասաց նա։



**- Իրենց սրտո՞վ էր ԳՄ կազմի փոփոխությունը։**



Իրենց չենք էլ հարցրել, դա Հայաստանի պատգամավորների որոշելիք խնդիրն էր, որոնք ժողովին մասնակցում եւ քվեարկում էին։ Դա ուրիշ կառույցի, ուրիշ կենտրոնական կոմիտեի խնդիր չէ։



**- Իրենք կո՞ղմ են, որ շարունակեք կոալիցիոն համագործակցությունը ՀՀԿ-ի հետ։**



Մեր կուսակցությունը որոշումներն ընդունում է կոնցեսիումով (նկատի ունի թերեւս «կոնսենսուսը»)։ Մենք ունենք բյուրո, դա մեր գերագույն գործադիր մարմինն է, որն իր կազմի մեջ ընդգրկում է Սփյուռքի ներկայացուցիչներ ավելի մեծ թվով, քան հայաստանցիներ։ Եթե բյուրոն այդպիսի որոշում չի կայացնում, մենք չենք կարողանա նախարար աշխատել կամ կոալիցիա կազմել։ Եթե այսօր մենք կոալիցիայում ենք, նշանակում է՝ այդ որոշումը կայացված է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**