Ի՞նչ արտոնություն կունենա Սերժ Սարգսյանը՝ թողնելով նախագահի, ստանձնելով վարչապետի պաշտոնը

Ի՞նչ արտոնություն կունենա Սերժ Սարգսյանը՝ թողնելով նախագահի, ստանձնելով վարչապետի պաշտոնը
Սերժ Սարգսյանը նախագահի իր լիազորություններն ավարտելուց եւ պոստը հաջորդին հանձնելուց հետո անխուսափելիորեն ստանձնելու է պաշտոնաթող նախագահի կարգավիճակը: Տխուր է հնչում՝ պաշտոնաթող, իսկ որ էլ ավելի տխուր է՝ նախկին, էքսնախագահ: Սակայն պետք է հաշտվել ամենակարող ժամանակի թելադրանքի հետ՝ այս անցավոր աշխարհում ամեն բան է անցավոր՝ անգամ պաշտոնը, նույնիսկ՝ նախագահի: Կառավարությունը երեկ արդեն իսկ տվեց Սարգսյանի պաշտոնաթողության մոտալուտ կարգավիճակի մեկնարկը՝ նրան անհատույց բնակարան տրամադրելով: Ըստ կառավարության որոշման՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը եւ շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, հետ են վերցվելու եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվելու են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։ Որոշման մեջ ասվում է նաեւ, որ հանձնարարվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ ԱԱԾ տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։



Այդ «մնացյալ երաշխիքները» սահմանվում են «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով (1996թ.): Ըստ այդմ՝ պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է: Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը: ՀՀ կառավարությունը պաշտոնաթող նախագահին ապահովում է բնակարանով, պետական ամառանոցով, ավտոտրանuպորտով, ինչպեu նաեւ պաշտոնաթող նախագահի ցանկությամբ` կահավորված գրաuենյակով:



ՀՀ պաշտոնաթող նախագահի՝ այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախuերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ) հատուցում է ՀՀ կառավարությունը: ՀՀ պաշտոնաթող նախագահի համար ապահովվում է ցմահ անձնական պահպանություն: Բացի կենսաթոշակից, մյուս երաշխիքների մասով օրենքը, կարծես, սահմանափակում չի նախատեսում այն դեպքի համար, երբ պաշտոնաթող նախագահն ստանձնում է ընտրովի կամ նշանակովի որեւէ պաշտոն: Եվ, ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը, ստանձնելով պաշտոնաթող նախագահի կարգավիճակը, որոշի դառնալ ՀՀ վարչապետ, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվելու. նա, փաստորեն, օգտվելով պաշտոնաթող նախագահի կարգավիճակից բխող՝ օրենքով սահմանված երաշխիքներից, կզրկվի, թերեւս, միայն կենսաթոշակից: Մյուս բոլոր՝ պաշտոնաթող նախագահի մասով նախատեսված վերոնշյալ արտոնություններից, փաստորեն, օգտվելու է (եթե, իհարկե, դիմում ներկայացնի): Համենայնդեպս, այսպիսի եզրահանգման կարելի է գալ՝ առաջնորդվելով գործող օրենքի պահանջով: Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում՝ վերջերս կատարված փոփոխություններով, որի արդյունքում փոխվել է նաեւ օրենքի անվանումը՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին», սահմանված են նաեւ վարչապետի սոցիալական երաշխիքներն ու սպասարկումը:



Ըստ օրենքի 7.6 հոդվածի՝ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են նստավայր Երեւանում (հասցեն՝ Բաղրամյան 26), ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 6-րդ մասնաշենք), պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց, թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք), հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: Օրենքը, սակայն, սահմանում է, որ վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 2-րդ մասով նախատեսված սպասարկումից, այսինքն՝ ծառայողական առանձնատնից եւ պետական ամառանոցից, ինչպես նաեւ անձնական բժշկից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ բնակարան ունի, որի հասցեն, ի դեպ, հատուկ չի նշվում կառավարության նախագծում, ենթադրում ենք, որ նա վեհանձնորեն կհրաժարվի վերը հիշատակված սպասարկումից: Մանավանդ, որ նրան ահռելի տարածք է հատկացվել, որտեղ, անհրաժեշտության դեպքում, տասնյակ բնակարաններ կարելի է կառուցել անտուն քաղաքացիների համար:



**Որտե՞ղ են հանգրվանել նախկին երկու նախագահները**



Նշենք, որ 2008 թ. ապրիլի 4-ին, կառավարության որոշմամբ, նույն՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը եւ օժանդակ շինությունները ետ վերցվեցին եւ անհատույց սեփականության իրավունքով հանձնվեցին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին` որպես բնակարան (բացառությամբ պահակատան)։ Որոշվել էր նաեւ պահակատունն ամրացնել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով։ Հենց այստեղ էլ իր անվրդով-անխռով կյանքն է ապրում երիտասարդ թոշակառու Քոչարյանը: Իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը, հիշեցնենք, գտնվում է Հրազդանի կիրճում՝ Երեւան, Կենտրոն, Ծիծեռնակաբերդի փողոց, 10 հասցեում: Սեւ տուֆից կառուցված, երկհարկանի առանձնատունը նախկինում պատկանել է Խորհրդային Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին: Շենքը շրջապատված է ընդարձակ այգով եւ այլ նշանակության տարածքներով, որոնք առանձնացված են բարձր քարե պարսպով: Տեր-Պետրոսյանին տրված է նաեւ պետական պահպանությունից օգտվելու իրավունք, իսկ նրան սպասարկող «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի 1882 թ․ արտադրության զրահապատ ծառայողական մեքենան վերջերս աճուրդի էր հանվել եւ վերջապես վաճառվեց:



**ՀԳ.** _«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով, որը ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու նոր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը, պաշտոնաթող նախագահին այլեւս բնակարան եւ ամառանոց չի տրամադրվելու: 1996 թ․ օրենքն ուժը կորցրած կճանաչվի, իսկ նորով ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պաշտոնը թողնելուց հետո պետության կողմից հատկացվելիք բնակարան չպետք է ակնկալի:_



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**