Մեռելածին հանձնաժողով, որը տզրուկի է նմանվել

Մեռելածին հանձնաժողով, որը տզրուկի է նմանվել
Կոռուպցիայի դեմ պայքարելու պարտավորությունների շրջանակներում Հայաստանը վերջին տարիներին բազմաթիվ կառույցներ է ստեղծել, քայլեր ձեռնարկել։ Սակայն դրանք բոլորը եվրոպացիների աչքին թոզ չփելուն ուղղված քայլեր են եղել եւ մեռելածին կառույցներ։ Դրանից ամենաարդյունավետը պետք է լիներ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը ստեղծվել է 2012 թվականի հունվարի 9-ին՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ այս պահին ունի 5 անդամ:



Այս հանձնաժողովի կայքէջում գրված է․ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է և արդար կառավարման համակարգի ներդրումը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը»:



Իրականում Հանձնաժողովն՝ իր գործունեության 6 տարիների ընթացքում դարձել է բարձրաստիճան անձանց եկամուտները հմտորեն թաքցնող, ձեւական մի մարմին, որն իր անիմաստ գոյությանը զուգահեռ նաեւ պետբյուջեից հսկայական գումար է ստանում։ Հիշեցնենք միայն այն, որ այս հանձնաժողովի անդամների աշխատավարձերը տատանվում են 1 միլիոն դրամի սահմաններում։



Բայց եթե Հանձնաժողովը գոնե կարողանար ապահովել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների իրական հայտարարագրումն՝ առանց թաքցնելու եւ առանց կեղծիքների, կարելի կլիներ ասել, որ դրա ստեղծումն արդարացված է։ Երբ ծանոթանում ես բարձրաստիճանների եկամուտների հայտարարագրերին, համոզվում ես, որ սա պարզ խաբեություն է՝ գրեթե ոչինչ հայտարարագրված չէ, իսկ Անձնական տվյալների պաշտպանության օրենքի ընդունումից հետո, իբր անձնական տվյալների «պաշտպանության» նպատակով եղած ինֆորմացիան էլ փակեցին։



Իսկ օրերս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ավելի զավեշտալի մի դեպք պատմեց՝ երբ փորձել է հայտարարագրել իր օրինական եկամուտն ու մասնավոր ծախսը, հանձնաժողովում համոզել են՝ ինչի՞դ ա պետք, ինչու ես հայտարարագրում, ոչ ոք չի անում նման բան, դու էլ մի արա։ Միայն այն հայտարարագրիր՝ ինչը հնարավոր չէ չհայտարարագրել՝ օրինական եկամուտներն ու քո անվամբ գույք-ունեցվածքը։ Սերժ Սարգսյանը եզակի շնորհք ունի՝ մեռելածին կառույցներ ստեղծելու, ձեւական մարմիններում ձեւական նշանակումներ անելու, որտեղ խցկվածներն ուղղակի բյուջեից ահռելի ու ոչնչով չպատճառաբանված աշխատավարձեր են ստանում։ Այս հանձնաժողովը հենց դրանցից է՝ պարապ, անիմաստ ու մեր հարկատուներիս վզին նստած։