Կանայք, ընդամենը ապրեք ձեր կյանքը, ինչպես որ հարմար եք գտնում

Կանայք, ընդամենը ապրեք ձեր կյանքը, ինչպես որ հարմար եք գտնում

Լուսանկարում՝ 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփաներից Հաննա Արենդտը

Մարտի 8-ն առաջին հերթին կանանց իրավունքների պաշտպանության եւ հանուն այդ իրավունքների մղված պայքարի խորհրդանիշն է։ Պարզապես կապիտալիստական աշխարհը, ինչպես միշտ, վերցրել ու պայքարի խորհրդանիշներին բիզնեսի ու քաղքենի «տոնախմբության» կարգավիճակ է շնորհել։ Այն դեպքում, երբ շուրջ երկու հարյուրամյակ շարունակվող պայքարը դեռեւս չի հասել իր տրամաբանական հանգուցալուծմանը։ Աշխարհի տարբեր հատվածներում կանանց իրավունքները դեռեւս շարունակում են ոտնահարվել ու ստորադասվել։ Ասվածի համատեքստում պետք է մի կողմ շպրտել բոլոր կեղծ շնորհավորանքները, վերամբարձ բարեմաղթանքներն ու հասարակական քննարկման առարկա դարձնել Հայաստանում կանանանց իրավունքների ոտնահարման, խտրականության եւ բռնության արատավոր երեւույթները։ Պետք է արձանագրել, որ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության գաղափարի կյանքի կոչման ճանապարհին չափազանց մեծ խոչընդոտներ է առաջադրում հենց կանանց մի զգալի մասը։ Նրանցից շատերը չեն գիտակցում իրենց իրավունքների կարեւորությունն ու անբեկանելի անհրաժեշտությունը, հարմարվել են ստորադասված կարգավիճակի հետ՝ համոզված լինելով, որ անհավասարությունն այդ արդարացված է ու ճշմարիտ։ Մտքի աղճատումը հասել է նրան, որ աղջիկների մի զգալի մասին դուր է գալիս հանդես գալ թույլի եւ սահմանափակ իրավունքներ ունեցողի դիրքերից։ Բայց սրանից չի կարելի ենթադրել, որ հիմնախնդրի բուն պատճառը կանանցից շատերի իրավագիտակից չլինելն է։ Ո՛չ, խնդրի առաջնային պատճառայնությունը պետք է փնտրել պատրիարխալ հասարակարգի եւ տղամարդակենտրոն աշխարհի տիրույթներում։

Շարադրանքի ընթացքը կարելի է ընդմիջել մի շատ կարեւոր փաստի շեշտադրմամբ։ Հայաստանցիները շատ են սիրում հպարտանալ իրենց պատմությամբ ու հարուստ մշակույթով։ Շատ դեպքերում նաեւ անհեթեթ, արդիականություն չունեցող ու հետադիմական փաստերով են հպարտանում։ Բայց, չգիտես ինչու, չեն հիշում, որ 20-րդ դարի սկզբին նորաստեղծ Հայաստանի Առաջին Հանրապետությունում կանայք ընտրական ձայնի իրավունք ունեին, այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներ չէին էլ կարող երազել այդպիսի նվաճման մասին։ Իհարկե, հպարտանալն այդքան էլ դրական երեւույթ չէ, բայց եթե հպարտանալ, ապա՝ համանման նվաճումներով։ Դա վկայությունն է այն բանի, որ մեր պատմական միջավայրում նույնպես կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մշակույթ կա, որը պետք է տրամաբանական զարգացում ապրի՝ արդի Հայաստանում ներառելով նորանոր ոլորտներ։

Անցնենք առաջ։ Աշխարհի երեսին չկա մի բան, որը տղամարդը կարող է անել, իսկ կինը՝ ոչ, չկա մի իրավունք, որը տղամարդիկ կարող են իրացնել, իսկ կանայք՝ ոչ։ Արգելքների հիմքում ընկած բարոյական ու կենսաբանական իբրեւ թե «օբյեկտիվ» հորջորջվող հիմնավորումները հակագիտական են, կեղծ ու լղոզված։ Հաճախ կարող ենք տեսնել, թե ինչպես են դեմքի լուրջ արտահայտությամբ պնդում, թե տղամարդիկ ավելի խելացի են, քան կանայք։ Դրանից ելնելով՝ իբրեւ թե կինը չպետք է գիտությամբ կամ էլ փիլիսոփայությամբ զբաղվի։ Իսկապես, չկա մի գիտական փաստարկ, որի միջոցով հնարավոր լինի ընդգծել սեռերից մեկի կամ մյուսի ինտելեկտուալ առավելությունը։ Չգիտես ինչու՝ տղամարդկանցից շատերն էլ կոմպլեքսավորվում են, որ կինը կարող է իրենցից խելացի լինել, չեն հաշտվում այդ մտքի հետ։ Օրինակ՝ ես ամեն օր տեսնում եմ ինձնից խելացի աղջիկների, եւ դա ավելի քան տրամաբանական է ու օրինաչափ։ Հաննա Արենդտը 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփաներից մեկն է, որը չափազանց մեծ ներդրում ունի հասարակագիտական մտքի զարգացման գործում։ Մի՞թե ինչ-որ մի տղամարդ կարող է կարծել, թե նա Հաննայից առավել ինտելեկտուալ է։ Ի դեպ, ժամանակին Հաննայի նկատմամբ էլ խտրական վերաբերմունք կար, եւ գործընկերները նույնիսկ հեգնում էին՝ անվանարկելով «այդ կինը» սեքսիստական ձեւակերպմամբ։

Ինքնավստահ տոնայնությամբ պնդում են, թե կանայք թույլ եւ գեղեցիկ սեռ են եւ, դրանից ելնելով՝ չեն կարող աշխատել բազմաթիվ ոլորտներում։ Մի՞թե մկաններն են, որ պայմանավորում են անհատի ուժեղ կամ թույլ լինելը։ Այսինքն՝ այդ հիմնավորումներն էլ սին են ու լղոզված։ Կինը կարող է աշխատել ցանկացած ոլորտում՝ բանվորությունից մինչեւ քաղաքականություն։ Ի դեպ, ասվածի համատեքստում պետք է նկատել, որ աշխատանքը չի կարելի պայմանավորել անհատի սեռով։ Հաճախ կարող են նկատել, թե ինչպես են հայաստանցի քաղաքական գործիչները կանանց անվանարկում «սիրուն ջան», «աղջիկ ջան» ձեւակերպումներով, որոնք, իհարկե, անթույլատրելի են։ Աշխատանքը սեռ չի ճանաչում։

Առավել ողբերգական իրավիճակ է ստեղծվել «բարոյական» տիրույթում։ Արհեստականորեն սահմանվել եւ կյանքի են կոչվել չգրված կոդեքսների հավաքածուներ, որոնք սահմանափակում են կնոջ կյանքի եւ գործունեության բնականոն ընթացքը։ Կոդեքսներն այդ «Շարիաթի», իրավական համակարգի կարգավիճակ են ստացել, իսկ դրա ջատագովները մտայնություններն այդ հիմնավորելու համար հղում են անում պատմական անորոշ ու անդեմ փաստերին։

Ասվածի խտացված դրսեւորումը մենք տեսնում ենք «հայ կնոջը հարիր չէ», «հայ կինը պետք է այսպես կամ այնպես լինի», «հայ կնոջ դիմագիծ» տարտամ ու լղոզված ձեւակերպումներում։ Հայ կինը պետք է մինչեւ ամուսնանալը կույս լինի, պետք է պատշաճ հագնվի, չպետք է հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվի եւ այսպես շարունակ։ Ավելին՝ անհատի սեռական կյանքը դարձել է բարոյականության առաջնային չափորոշիչ։ Իրականում չկան այդպիսի սահմանափակումներ, բարոյականությունն ինքնին չափազանց անորոշ եւ աբստրակտ հասկացություն է եւ հնարավոր չէ այն գործարկել ու խաղարկել համընդհանուր սկզբունքով։ Այն, ինչ տղամարդկանց համար բարոյական է, ապա սկզբունքորեն պետք է բարոյական լինի նաեւ կանանց համար, այսինքն՝ եթե անկանոն սեռական հարաբերությունները տղամարդկանց տեսանկյունից տրամաբանական են, ապա նույն օրինաչափությունը պետք է գործի նաեւ կանանց պարագայում։ Խնդիրը պետք է դիտարկել անհատի ազատ ընտրության եւ նախընտրությունների տիրույթում։ Եթե կինն ուզում է սեքսով զբաղվել, ապա չպետք է սահմանափակվի ինչ-որ «բարոյական» կեղծ ավանդույթներով։ Իսկ եթե ուզում է կույս մնալ եւ այդպես էլ կույս մեռնել, ապա դա էլ է ինքնին ընտրություն։ Այսինքն՝ կինը սեքսով զբաղվելու իրավունք ունի, նույնիսկ սեքսի ժամանակ ձայներ հանելու իրավունք էլ ունի։ Որեւէ տեղ գրված չէ, որ կնոջ միակ առաքելությունը մայր դառնալն է կամ էլ՝ ընտանիք կազմելը։ Դա էլ է ընտրության հարց, եւ որեւէ կին պարտավոր չէ իր կամքից անկախ մասնակցել մոլորակի բնակչության բազմացման գործընթացին՝ «տունը մնացածի» պիտակից խուսափելու պատրվակով։

Սիրելի կանայք եւ աղջիկներ, ես չեմ ուզում շնորհավորել եւ ինչ-որ լպրծուն բարեմաղթանքներ ասել, իմաստ չկա մասնակցել այս քաղքենի խրախճանքին։ Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ տեր կանգնեք ձեր իրավունքներին, մի՛ երկնչեք չհիմնավորված «բարոյական» ադաթներից, ընդամենը ապրեք ձեր կյանքը, ինչպես որ հարմար եք գտնում։