Հանրությունը շտապեց ուրախանալ

Հանրությունը շտապեց ուրախանալ
Նախօրեին, կառավարության նիստից հետո, հանրությունը մի պահ ցնծության մեջ ընկավ՝ «դեղատոմսերով դեղ գնելու որոշումը կասեցվել է»։ Թվում էր, թե առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը տեղի է տվել հասարակության ճնշումներին ու «զադնի դրել»։ Բայց՝ ոչ, սա ընդամենը դեզինֆորմացիա էր՝ սխալ վերնագրերի տեսքով։ Ալթունյանը «զադնի դնելու» միտք չունի, նա այդ ճնշումներն ու աղմուկը վաղուց էր կանխատեսել եւ պատրաստ է մինչեւ վերջ գնալ։ Երեկ նախկինում հրապարակված 2 հազար 700 անուն դեղերի ցանկը կրճատվել-դարձել է 623, որոնք մարտի 1-ից կվաճառվեն միայն դեղատոմսով։ Դրանցից 523-ը հակավարակային դեղերն են, որոնք ներառում են նաեւ հակաբիոտիկները, իսկ 97-ը՝ հսկվող դեղերը, օրինակ՝ հոգեմետ։ Դեղերի մյուս խմբաքանակը դեղատոմսով վաճառքի որոշման տակ կընկնի փուլ առ փուլ․ վերջնական փուլը կլինի հոկտեմբերին։ Այնպես որ, հանրությունը շտապեց ուրախանալու եւ առողջապահության նախարարի նկատմամբ իր վիրտուալ հաղթանակը գրանցելու հարցում։ Նախարարությունն ընդամենը որոշեց փուլ առ փուլ գործարկել այս որոշումը։ Այն, իբրեւ թե տեխնիկական պատճառներով, չէր մտցվել կառավարության նիստի նախորդ շաբաթվա օրակարգ, երեկվա նիստով դա են հստակեցրել։



Առողջապահության նախարարությունից պնդում են, որ այս որոշումն արվում է հասարակության առողջության համար, որ հանկարծ ինքնաբուժությամբ կամ հարեւանի ցուցումով չգնան հակացուցված դեղեր գնեն ու իրենց առողջությունը վտանգեն։ Բայց հանրությունը, միեւնույն է, ընդդիմանում է այս որոշմանը, սրա մեջ ռիսկեր է տեսնում։ Դրա համար էլ մարդիկ փետրվարի վերջին օրերին ուղղակի գրոհել էին դեղատներն ու «կիլոներով» դեղ էին գնում՝ մտածելով, որ մարտի 1-ից դեղատոմսով դառնալուց հետո չեն կարողանալու ձեռք բերել իրենց ուզած դեղը, կամ էլ դեղատոմս ստանալն է դժվարանալու։



Վարչապետ Կարեն Կարապետյանն, ի դեպ, երեկվա նիստում հայտարարեց, թե ինքն ինֆորմացիա ունի, որ «արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում-տալիս են, եւ դրա համար լրացուցիչ վճար կա»։ Դրա համար նա առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին հանձնարարեց․ «Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»։ Այդ բուտաֆորիայի մասին երեկ մեկնաբանություն տվեց նաեւ առողջապահության նախարարի մեկ այլ տեղակալ՝ Սերգեյ Խաչատրյանը։ «Ես տեղեկացել եմ այն մասին, որ նման երեւույթ է տեղի ունենում: Դա ինձ համար շատ ցավալի է: Մենք առավոտից հանձնարարություն ենք տվել՝ վեր հանելու այդ դեպքերը: Ուզում ենք հասկանալ, թե որտեղ են տեղի ունենում դրանք, եւ ովքեր են հեղինակները»,- ասաց նա։ Փոխնախարարը նաեւ վստահեցրեց, որ հայտնաբերելու դեպքում համապատասխան ընթացք կտան հարցին, բայց նման դեպքերի վերաբերյալ ահազանգեր այս պահի դրությամբ նախարարությունը չի ստացել:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**