Արմեն Սարգսյանը տրիվիալ մարդ չէ եւ կարող է կեսից հրաժարական տալ

Արմեն Սարգսյանը տրիվիալ մարդ չէ եւ կարող է կեսից հրաժարական տալ
Հայաստանում ընթանում է ադրբեջանացման կամ թուրքմենստանացման գործընթաց, ինչի արդյունքում վերջնականապես ձեւավորվելու է միակուսակցական համակարգ, որը ոչ մի կապ չունի կառավարման պառլամենտական մոդելի հետ: Այն, ինչ կատարվում է այժմ, իշխանության զավթում է մեկ ուժի՝ ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի կողմից: Որպես պառլամենտական կառավարմամբ պետություն՝ Հայաստանը միակն է լինելու իր տեսակի մեջ, քանի որ այսպիսի մոդելի երկրորդ օրինակ՝ վարչապետի ձեռքում իշխանության գերկենտրոնացմամբ, դեռեւս հայտնի չէ: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար **Ստեփան Գրիգորյանն** այս տպավորությունն է ստացել՝ ի մի բերելով ՀՀ-ում ծավալվող մի շարք գործընթացներ, մասնավորապես՝ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրության խախտմամբ ընտրությունը նախագահի պաշտոնում, ինչպես նաեւ իշխանության շատ լծակներ վարչապետի մենաշնորհը դարձնելուն միտված օրենսդրական փոփոխությունները:



«Այո, եթե դուք նախագահի ընտրություն եք անցկացնում միակ թեկնածուի պայմաններում՝ չունենալով այլընտրանք, եթե իշխող կուսակցությունը կարողանում է տարբեր հնարքներով քաղաքական դաշտում թելադրել ամենքին, դա այլ բան, քան մի խումբ մարդկանց կողմից իշխանության զավթում, անվանել չես կարող: Սա հղի է ՀՀ-ի համար լուրջ հետեւանքներով, ինչը բերելու է կոռուպցիայի մեծ աճի, հովանավորչության եւ այլ վտանգավոր երեւույթների»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ Ս. Սարգսյանի կողմից առաջադրված եւ պաշտոն ստացած որեւէ անձ, ով էլ նա լինի՝ թեկուզ աշխարհի ամենաինտելեկտուալ ու ձեռնահաս մարդը, միեւնույն է՝ չի կարողանալու փոխել ՀՀ կառավարման փիլիսոփայությունը, քանի որ նրա բոլոր գործողությունները թելադրվելու են մեկ կենտրոնից: Գրիգորյանը նշեց, որ թեեւ մոտիկից չի ճանաչում Արմեն Սարգսյանին, սակայն տարիներ առաջ առնչվել է նրա հետ, երբ վերջինս, որպես ՀՀ վարչապետ, առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել էր Մոսկվա: «Ես այդ ժամանակ փոխդեսպան էի եւ չեմ ուզում ձեզնից թաքցնել իմ դրական տպավորությունը նրանից՝ նա շատ ինտելիգենտ, պատրաստված մարդ է»,- ասաց Գրիգորյանը եւ տարակուսեց, թե ինչպես է նրա պես գործիչը համաձայնել Սերժ Սարգսյանի ձեռքի տակ ՀՀ նախագահ աշխատել:



«Երբ Ա. Սարգսյանին արվեց նախագահի պաշտոնն ստանձնելու առաջարկը, դեռեւս խոսք չկար, որ կրճատվելու են նրան տրված ֆունկցիաները: Համապատասխան օրենքները դեռեւս չեն էլ ընդունվել եւ նոր-նոր պետք է ընդունվեն: Այսքանն իմանալով եւ տեսնելով, թե ինչու Արմեն Սարգսյանն այնուհանդերձ որոշեց ընդունել առաջարկը, ինձ համար էլ է անհասկանալի, եւ դրա պատասխանը կարող է տալ միայն ինքը: Հենց թեկուզ այն, որ նա այլեւս անվտանգության խորհրդի կազմում չէ եւ չի էլ գլխավորում այդ մարմինը, արդեն իսկ մտահոգիչ է: Պառլամենտական կառավարմամբ շատ երկրներում անվտանգության խորհուրդը մնում է, այսպես ասած՝ նախագահի տակ, օրինակ՝ Էստոնիայում, Վրաստանում այդպես է»,- նկատեց Գրիգորյանը: Նա նաեւ նշեց, որ ե՛ւ բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով նախագահից վերցնում են մի շարք ֆունկցիաներ, ե՛ւ Սարգսյանի ոչ լեգիտիմ նախագահ լինելու հանգամանքն է՛լ ավելի են թուլացնելու նրա դիրքերն ու որոշ ժամանակ անց փաստի առաջ են կանգնեցնելու:



«Պատկերացրեք, եթե անգամ Մեծ Բրիտանիայի պատկան մարմինները տան համապատասխան տեղեկանք, որ Սարգսյանը 2011-ից այլեւս այդ երկրի քաղաքացի չէ, միեւնույն է՝ դրանից իրավիճակը չի փոխվի, քանի որ նա եկել է ոչինչ անել չկարողանալու համար: Որքան էլ դու ներկայացնում ես քո ծրագրերն ու նպատակները, որոնք պետք է իրագործես ի պաշտոնե, մեկ է՝ դու դրանք իրագործել չես կարողանալու՝ լծակներ չունենալու պատճառով: Ուրեմն՝ ի՞նչ կարիք կա սին պատրանքներ ստեղծել հանրության մոտ եւ հերթական անգամ խաբել ու հիասթափեցնել»:



Քաղաքագետը կիսում է այն կանխատեսումը, ըստ որի՝ ՀՀ չորրորդ նախագահը չի պաշտոնավարի մինչեւ իր լիազորությունների ավարտը, եւ չի բացառվում, որ կեսից հրաժարական տա: «Արմեն Սարգսյանը տրիվիալ մարդ չէ, եւ նա յոթ տարի չի ձգի՝ դիմանալով այս խայտառակություններին: Եվ նա ժամանակի ընթացքում, լինելով այստեղ, ավելի խորն ուսումնասիրելով ու հասկանալով, թե ինչ է կատարվում իր շուրջ, գուցե ստորագրի իր հրաժարականի տակ եւ հեռանա: Եվ դա շատ դրական կլինի, եւ այդպիսի ակցիան շատ մեծ ռեզոնանս կստանա ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ արտերկրում»,- նկատեց Գրիգորյանը:



Մեր զրուցակցին հարցրինք՝ իր համար պարզաբանվա՞ծ է այն գլուխկոտրուկը, թե ինչու իշխանություններն Ա. Սարգսյանին բերեցին հենց այժմ եւ հատկապես նախագահի պաշտոնում, այլ ոչ թե վարչապետի: «Նոր կառավարման մոդելի պարագայում վարչապետի պաշտոնը, բնականաբար, պահվում է Սերժ Սարգսյանի համար, եւ այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Դուք ի՞նչ եք ուզում՝ որ գործընթացների ամբողջ շղթան, որով ամեն ինչ արվում է վարչապետին գերբնական լիազորություններով օժտելու համար, այդ ամենն իշխանությունն աներ Արմեն Սարգսյանի՞ համար: Ո՛չ երբեք, նման բան կարող է արվել միմիայն Ս. Սարգսյանի համար»,- նկատեց Գրիգորյանը: Իսկ արդյո՞ք միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵՄ-ի, չպետք է արձագանքի ՀՀ-ում տեղի ունեցող այս հակադեմոկրատական պրոցեսներին, ԵՄ-ի հետ հարաբերություններ սկսող ՀՀ-ին մի՞թե կարելի է թույլ տալ, որ վերածվի տոտալիտար երկրի: Ըստ քաղաքագետի՝ միջազգային կառույցները ներկայումս շատ ավելի լուրջ ու գլոբալ խնդիրների վրա են ծանրացրել իրենց ուշադրությունը, մասնավորապես՝ ՌԴ-Արեւմուտք, սակայն այնպես չէ, որ աչքաթող են անելու ՀՀ-ն:



«Միջազգային հանրության համար ժամանակ է պետք՝ տեսնելու նեգատիվը: Այն փոփոխությունները, որոնք այսօր օրենքների մակարդակով արվում են, դրանց հետեւանքները կերեւան մեկ-երկու տարի հետո: Այնպես որ՝ ես չեմ մեղադրում միջազգային հանրությանը, քանի որ նրանք ինչ-որ ժամանակ հետո վատթարացումը կտեսնեն ու կարձագանքեն: Իսկ մեր իշխանությունների հույսն էլ այն է, որ մինչեւ միջազգային հանրությունը ջոկի, իրենք ահագին առաջ գնացած կլինեն: Այնպես որ՝ մենք հույսներս պետք է միայն մեր վրա դնենք եւ պայքարենք այս ամենի դեմ»,- նկատեց Գրիգորյանը: Ի դեպ՝ նրա ղեկավարած ՀԿ-ն, ի թիվս 9 այլ ՀԿ-ների, նախօրեին արձագանքել էր Ա. Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելու փաստին ու կասկածի տակ դրել նրա ընտրության սահմանադրականությունը։ Ա. Սարգսյանի կողմից որեւէ արձագանք այս հայտարարությանը չի հետեւել:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**