ԱԺ կանոնակարգ-օրենքից դեռեւս միայն իշխանությունն է օգտվում

ԱԺ կանոնակարգ-օրենքից դեռեւս միայն իշխանությունն է օգտվում
2016 թվականի վերջին Ազգային ժողովը Հովհաննես Սահակյանի զեկուցմամբ եւ Հրայր Թովմասյանի «քավորությամբ» ընդունեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների նախագիծը, որի որոշ դրույթներ, այսօր արդեն պարզվում է, հատուկ մտցվել են Հանրապետականի գործը հեշտացնելու համար։ Խոսքն այս դեպքում ԱԺ կանոնակարգ-օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասին է վերաբերում, որով Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել ԱԺ նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով ԱԺ աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչեւ գործուղման մեկնելը: Այս դրույթի, ինչպես նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխության նախագծի հիմնական հեղինակը սահմանադրագետ Հրայր Թովմասյանն է, ով այդ ժամանակ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ էր։



Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանն այս տարիներին կարողացել են այնպիսի սողանցքներով ու մանիպուլյացիաներով Սահմանադրություն եւ այլ կարեւոր օրենքներ հնարել, որ դրանց տողերի արանքում թաքնված ռումբերը չեն կարողացել վնասազերծել անգամ շատ համալսարանավարտ իրավաբաններ։ Դա արվել է միայն մեկ «երդվյալ» նպատակի՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի իշխանատենչ ցանկությունները սահմանադրորեն բավարարելու համար։ Եվ այն հավաստիացումները, թե այլեւս առանց ընդդիմության մասնակցության իշխանության համար հեշտ չի լինի իր ուզած օրենքներն անցկացնել, ուղղակի միֆ է՝ քողարկված դեմոկրատիայի մասին հեքիաթներով։



Թովմասյանի ու մի քիչ էլ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի ձեռամբ մշակված ԱԺ կանոնակարգ նոր օրենքը 2016-ի նոյեմբերին՝ առաջին ընթերցմամբ, իսկ դեկտեմբերին՝ երկրորդ ընթերցմամբ, առանց դիմադրության, ընդունվեց խորհրդարանի կողմից։ Առաջին ընթերցման ժամանակ դեմ էին միայն Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Զուրաբյանը։ Փաշինյանը երկրորդ ընթերցման ժամանակ արդեն չի քվեարկել։ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ի կորիզը կողմ էին, ԲՀԿ-ից հեռացածները՝ ձեռնպահ։ Մի քանի կիսաընդդիմադիր էլ սկզբում կողմ էին, հետո՝ ձեռնպահ։ Ձեռնպահ էին ՕԵԿ-ականները։ Զարուհի Փոստանջյանն էլ բացակա է եղել։



Ի սկզբանե դեմ արտահայտվողն ու դրույթի հեռահար դավադիր նպատակները կռահողը միայն Հրանտ Բագրատյանն էր, ով հարցրեց․ «Ինչի՞ ա նման գաղափար ընդհանրապես առաջացել։ Ես, օրինակ, տպավորություն ունեմ, որ մեծամասնությունն ուզում է իր համար երաշխիքներ ստեղծի»։ Սակայն Բագրատյանն էլ երկու քվեարկությունների ժամանակ բացակա է եղել։



ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն առաջին ընթերցման ժամանակ իրեն հատուկ ոճով մուննաթ է եկել նախագծի բովանդակության, բայց ո՛չ հեղինակների վրա, ու վերջում ընդունել այս դրույթի «օգտակարությունը», որ կարող է գործուղման մեջ գտնվող պատգամավորն իր դիրքորոշումը փակ ծրարով հայտնել քարտուղարությանը միայն մի վերապահումով․ «Իհարկե, ոչ էն դեպքերում, երբ որ ինքը վետերոկում է կամ սաունայում՝ սուզված ջրի տակ»։



Հիմա ԱԺ կանոնակարգ-օրենքի այս դրույթը ՀՀԿ-ն լայնորեն կիրառում է եւ կարեւոր քվեարկությունների ժամանակ, երբ պատգամավորների թվի 3/5-ի ձայնն է պետք, ապահովում է առանց մեծ ճիգերի։ Այսինքն՝ խորհրդարանի կեսն էլ, որ այդ օրը գործուղման լինի, կարող է հեռակա քվեարկել ու ցանկալի օրենքն անցկացնել։ Ու այս խորամանկ դրույթին ընդդիմությունից ոչ ոք փաստացի դեմ չի եղել։



Երեկ հերթական նմանատիպ քվեարկությունը տեղի ունեցավ, երբ մի շարք նախագծերին կողմ քվեարկողների թիվը դահլիճում 60 էր, ինչը բավարար չէր որոշումն ընդունելու համար, բայց գործուղմամբ ԱՄՆ-ում գտնվող պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանի, Աղվան Վարդանյանի նամակներն ապահովեցին նախագծերի ընդունումը։ Սրա դեմ մի անգամ փորձեց «Ելք»-ը պայքարել, բայց օրենքն այդ հնարավորությունը տվել է, եւ ՀՀԿ-ականներն արդեն օրենքով օգտվում են այդ հնարավորությունից՝ ե՛ւ գործուղումներից «հաճույք ստանում», ե՛ւ իշխանական օրենքների «կուսությունն ապահովում»։



Ուշագրավ է, որ այս օրենքից օգտվում են հիմնականում հանրապետականները։ Թեպետ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից **Իվետա Տոնոյանն** ասաց, որ իրենք ամենակարեւոր հարցերի հետ կապված իրենց դիրքորոշումը թողել են, երբ գտնվել են գործուղման մեջ։ Սակայն դժվարացավ ասել՝ հեռվից ուղարկված իրենց ձայներն ինչ ազդեցություն են թողել քվեարկության արդյունքի վրա։ Իվետա Տոնոյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այս դրույթի գոյությանը։ «Ես՝ կոնկրետ, իմ անձնական դիրքորոշումը հայտնեմ իմ պատգամավորական գործունեության հետ կապված, որ իսկապես լինում են օրինագծեր, որոնց հետ կապված սկզբունքային դիրքորոշման արտահայտումը շատ կարեւոր է լինում։ Այս առումով դրական եմ գնահատում այս մեխանիզմը։ Ինչ վերաբերում է թաքնված մեխանիզմներին, ես այս պահին նման գնահատական տալ չեմ կարող, որովհետեւ, այսպես թե այնպես, ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, եւ հիմնականում նրանք կարողանում են իրենց միջոցներով նախագծերն անցկացնել։ Կողմ ձայների քանակը միշտ բավարար է լինում»։



Իհարկե, ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ միասին կարող է իր ուզած նախագիծն անցկացնել անգամ 3/5-ով, բայց եթե բացակա պատգամավորների քվեարկության դրույթը չլիներ, որոշ նախագծեր կտապալվեին։ Մենք զրուցեցինք նաեւ այն ժամանակվա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ, ով նախագծի հիմնական զեկուցողն էր։ Մեր դիտարկմանը, թե սա արվել է ՀՀԿ-ի համար, որ «գետնի տակից» էլ ձայն ապահովեն, Սահակյանը ոչ միայն չհամաձայնեց, այլեւ ասաց․ «Չէ, տեսեք, էստեղ ավելի շատ պատգամավորի իրավունքն իրացնելու հարցն է, ոչ թե քվորում կամ օրենք անցկացնել՝ էդպես չձեւակերպենք։ Պատկերացրեք, պատգամավորը մասնակցում է նախագծի քննարկմանը, ինքն իր բոլոր առաջարկները, մոտեցումներն առաջ է քաշում, ինքը կողմ է լինում հանձնաժողովում եւ ինքը պետք է իր ձայնը կարողանա արտահայտել եւ ասել, որ կողմ է։ Նույնը վերաբերում է նաեւ ընդդիմությանը, որի թվաքանակն էսօր քիչ է։ Եթե իրենցից որոշ պատգամավորներ լինեն գործուղման մեջ, եւ մեկ ձայնը որոշիչ լինի, որ էդ օրենքը չանցնի, եւ նաեւ էդ խնդիրն ենք լուծել մենք»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**