Ալթունյանը հույս ունի, որ երկրորդ էտապում մարդիկ իրենից գոհ կլինեն

Ալթունյանը հույս ունի, որ երկրորդ էտապում մարդիկ իրենից գոհ կլինեն
Այսօրվանից ուժի մեջ է մտնում առողջապահության նախարարության աղմկահարույց որոշումը՝ դեղերը ձեռք բերել միայն բժշկի դեղատոմսով։



Առայժմ 2500 անուն դեղ է դեղատոմսով լինելու։ Դեղատոմսով են վաճառվելու, մասնավորապես, հակավարակային միջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը։ Հաջորդ փուլով արդեն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը կավելանա։ Առողջապահության նախարարի այս որոշումը, ինչպես և նրա նախորդ այլ որոշումները, մեծ դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում։



Երեւանի դեղատներում մեծ հերթեր էին գոյացել, մարդիկ խուճապահար մեծ քանակությամբ դեղ էին պահեստավորում։ Ալթունյանն այս ամենին շատ հանգիստ է վերաբերվում։ **Hraparak.am**-ը նկատեց, որ երևի իր բախտը չի բերել, բայց ինչ նորամուծություն մտածում է, դա առաջացնում է հանրության դժգոհությունը։



Ալթունյանն այս ամենը մեկնաբանեց իրեն հատուկ հանդարտությամբ և մասնագիտական մեթոդիկայի դիրքերից․ «Ես ասեմ, ցանկացած արդեն իսկ կարգավորված կյանքի փոփոխության ընթացքը առաջացնում է համապատասխան դիսկոմֆորտ։ Ցանկացած դիսկոմֆորտ՝ ֆիզիոլոգիական, առաջացնում է առաջին հերթին դժգոհություն, իսկ հետո, երբ մարդ տեսնում է, որ դրանից հետո գալիս են դրական փոփոխություններ՝ գոհունակություն։ Մենք այսօր գործ ունենք փոփոխությունների առաջին էտապի հակազդեցության հետ, ես համոզված եմ, որ կլինի երկրորդ՝ ավելի դրական էտապը»,-ասաց պարոն Ալթունյանը։



Այսինքն՝ նա հուսով է, որ մի որոշ ժամանակ անց հանրությունն իր գոհունակությունը կհայտնի իր արածների համար։ Իսկ քանի դեռ հանրությունը Ալթունյանի քայլերի դրական էֆեկտը չի տեսել, մարդիկ շարունակում են բողոքել ու ընդդիմանալ նրա որոշումներին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**