Ալեքսանյանն Արթիկում ակտիվ աշխատանքներ է տանում իր բիզնեսի գծով

Ալեքսանյանն Արթիկում ակտիվ աշխատանքներ է տանում իր բիզնեսի գծով
Տեքստիլի արտադրության բնագավառում արմատներ ձգող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին, ինչպես հայտնի է, անցյալ տարեվերջին կառավարությունը 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնեց Արթիկի թիվ 7 դպրոցի շենքը:



Մեր աղբյուրին հարցրինք՝ ի՞նչ է այժմ կատարվում դպրոցում, շինարարական աշխատանքներ ընթանո՞ւմ են: «Նախագծողները պարբերաբար այցելում են, անցյալ շաբաթ-կիրակի օրն էլ ամբողջ կազմով եկել էին: Նախագծա-նախահաշվային փաստաթղթեր են կազմում, հիմա էլ քանդման աշխատանքներ են իրականացվում: Նաեւ գույքն են դուրս բերում, քանի որ դպրոցի գույքն ամբողջությամբ դուրսբերված չէր: Հավանաբար, մի 5-6 ամիս կտեւի, մինչեւ օբյեկտը լիարժեք շահագործման հանձնվի»,- ասաց մեր աղբյուրը:



Նշենք, որ հայ-չեխական այս ընկերությունը խոստացել է 500 աշխատատեղ ստեղծել եւ երեք տարում 1 մլն դոլարին համարժեք ներդրում կատարել: Դեռ մեկ տարի առաջ այս օրերին խոսվում էր, որ հիշյալ դպրոցն օպտիմալացումից հետո պետք է հանձնվի Արթիկում տեքստիլի արտադրություն հիմնելու մտադրություն ունեցող «Սաստեքս»-ին, սակայն ընկերության հույսերն ի դերեւ ելան: Ալեքսանյանը, ինչպես միշտ, քնից շուտ արթնացավ ու տիրացավ դպրոցին:



Նշենք, որ անցյալ տարի նա գնեց նաեւ Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, որը մի քանի ամիս է, ինչ գործարկվել է: Ա. Ալեքսանյանի չեխ գործընկերը «Գալիա սթայլ»-ն է, որը հայտնի է առավելապես իր կանացի նրբագեղ, մասնավորապես՝ հարսանեկան զգեստների արտադրությամբ: