Վլադիվոստոկում ձերբակալել են Նավալնու 13 կողմնակիցների

Վլադիվոստոկում ձերբակալել են Նավալնու 13 կողմնակիցների
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում ձերբակալել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու 13 կողմնակիցների: Այս մասին հայտնում է TVRAIN.ru-ն, վկայակոչելով Вконтакте սոցիալական ցանցում Նավալնու կողմնակիցների խմբում զետեղված հայտարարությունը:



Նշվում է, որ ձերբակալվածների մեջ է նաեւ տեղի շտաբի իրավաբանը եւ ձերբակալվածներին սպառնում են իրավական պատասխանատվության ենթարկել ցույցերի անցկացման կարգի մասին օրենսդրության խախտման համար:



Сибирь.Реалии-ի հետ զրույցում Նավալնու Վլադիվոստոկյան ակտիվիստներից կամավոր Դմիտրի Գուլյաեւը հայտարարել է, որ ոստիկանությունը սկսել է այցեր կատարել Նավալնու կողմնակից ակտիվիստների տները եւ բերման ենթարկել նրանց: Նման եղանակով բերման է ենթարկվել ինը ակտիվիստ: Բերման ենթարկելու ժամանակ բռնություն է գործադրվել ակտիվիստ Տատյանա Խարդինայի նկատմամբ:



Հիշեցնենք, որ հունվարի 28-ին տեղի ունեցած համառուսաստանյան ցույցերից հետո իրավապահները ամեն կերպ փորձում են ճնշել Նավալնու կողմնակիցներին, իսկ ցույցերի ըթնացքում բերման են ենթարկել եւ ձերբակալել 350 ցուցարարի, որոնք հետո ազատ են արձակվել: