Փղաբզեզների մասին` վերջում

Փղաբզեզների մասին` վերջում
2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների 10-րդ տարելիցին պատրաստվում են գրեթե բոլորը` թե՛ այդ իրադարձությունների զոհերի հարազատները, թե՛ ՀԱԿ-ը, որ այդ օրերի «շարժման» առանցքային ուժն էր, թե՛ իշխանությունները, որ արդեն 10 տարի չեն կարողանում թոթափել 2008 թվականի նախագահական ընտրությունների հետընտրական անկարգությունները ճնշելու համար իրենց ուղղված միակողմանի մեղադրանքները: 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին պատրաստվում է նաեւ «Ելքը», որն այդ իրադարձությունների հետ կապված է այնքանով, որքանով իր շարքերում ունի Նիկոլ Փաշինյան եւ, գուցե, մարտի 1-ի գործով անցած մի քանի ակտիվիստ: Մեր կարծիքով` այդքանն էլ բավարար է, որ «Ելքը» մարտի 1-ի վերմակը մի քիչ իր վրա քաշի եւ ծանրակշիռ ներկայություն ունենա Ազատության հրապարակում, որտեղ այդ օրերին մարդիկ են հավաքվելու ՀԱԿ-ի հրավերով: Հավանաբար, կլինեն ելույթներ, ակտիվիստները հուշեր կպատմեն, ֆիլմեր կցուցադրվեն՝ եթե եղանակը ների, նաեւ լուսանկարների ցուցահանդես կբացվի: Հուսանք` Նիկոլ Փաշինյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ օրերին կտեսնենք կողք կողքի եւ կըմբոշխնենք նրանց ողջագուրման հուզիչ տեսարանը:



«Ելքն» այդ իրադարձությանը դատարկ ձեռքերով չի գնա: Ահավասիկ, ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մի նախագիծ, որ ոչ ուտես, ոչ խմես` միայն հիանաս այդ ստեղծագործությամբ:



Կարդում եմ, ու աչքիս առաջ Նիկոլ Փաշինյանն է` ԱԺ ամբիոնի մոտ. բարձրախոսն է ուղղում, կոստյումը հետ գցած՝ շրջվում ՀՀԿ խմբակցության կողմը, ձեռքերի ու դեմքի ժեստիկուլյացիայով բաներ ասում, որ քիչ է մնում ՀՀԿ-ականներին պայթացնի: Ասում է` դուք պետք է ընդունեք մի հայտարարություն, որտեղ ասվում է. «ԱԺ-ն հայտարարում է, որ խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ 2008 թվականի մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»: Եվ մինչ Նիկոլ Փաշինյանն այս թուղթը թափահարելով խոսում է ամբիոնից, ես ինձ հարց եմ տալիս` տեսնես Նիկոլը հույսն ինչի՞ վրա է դրել, չէ՞ որ այսօր ԱԺ դահլիճում այն նույն մարդիկ են նստած, որոնք 2008 թվականի նախագահական ընտրություններում ղեկավարել են իշխանական շտաբը, նույն մարդիկ, որոնց ժամանակին մեղադրել են խաղաղ ցուցարարների դեմ թիկնապահների զինված խմբեր հանելու մեջ, այն նույն մարդիկ, որոնք այդ օրերին մեռան ասելով, որ պետության հետ չի կարելի չար կատակ անել:



Ելքն» իր նախագծով ԱԺ-ից պահանջում է ընդունել եւ հայտարարել, որ 2008-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, արդյունքները խեղաթյուրվել: Դարձյալ նույն հարցն է տանջում ինձ` ո՞ւմ վրա է հույս դրել Նիկոլ Փաշինյանը, երբ դահլիճում հանրահայտ ընտրակեղծարարներ կան նստած, իսկ խոսքն էլ նրանց ընտրած նախագահի մասին է, որի համար կյանքներն էլ չեն խնայի:



Շրջանառության մեջ դրված նախագծի ամենահուզիչ դրվագը, սակայն, «Ելքի» հավաքական հավկուրությունը չէ: «Փաստաթղթի» հիմնավորումներում կա մի կետ, որով այն օրերի գլխավոր գործող անձերից մեկը` Նիկոլ Փաշինյանը, հաստատել է, որ «խաղաղ ցույցը» շարունակելու համար Մյասնիկյանի հրապարակն ընտրելը պայմանավորված է եղել հարեւանությամբ օտար պետությունների դեսպանատների առկայությամբ: Ահա այդ հիմնավորումը. «Երբ 2008թ․ մարտի 1-ի լուսաբացին ոստիկանության ուժերը ցրեցին Ազատության հրապարակի ցույցը, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները խաղաղ հավաքը շարունակեցին Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում՝ հույս ունենալով, որ այդ տարածքում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների հարեւանությամբ ոստիկանությունն ուժ չի գործադրի խաղաղ հավաքի նկատմամբ»: Եթե մենք Հյուսիսային Կորեան լինեինք, կարելի էր «Ելքի» այս հայտարարությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այդ օրերի նրա կողմնակիցների հարցն էլ, Մարտի 1-ի զոհերի հարցն էլ լուծված համարել: Բայց Հայաստանը, պարզվում է, այնքան ժողովրդավարական երկիր է, որ արդեն 10 տարի քաշում է Մարտի 1-ի բեռն ու այդ օրերի «քաջերին» հարց չի տալիս, թե ինչու էիք հավաքվել Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատների մոտ: Մի քիչ էլ անհավանական է թվում, որ Ազատության հրապարակից «էվակուացված» ՀՀ առաջին նախագահն այնքան պետական մտածողություն չէր ունենա, որ հրահանգեր հավաքվել հենց օտարերկրյա ներկայացուցչությունների քթի տակ եւ այդկերպ վախեցնել ՀՀ իրավապահներին: Այդ նույն իրավապահները չէի՞ն, որ մարտի 1-ի լուսաբացին ցրեցին Ազատության հրապարակի խաղաղ ցույցը` առանց տհաճ միջադեպերի: Հետեւաբար, ի՞նչ պատահեց իրավապահներին, որ, չնայած օտարերկրյա դեսպանների ներկայությանը, դիմեցին ուժի կիրառման: Փաստորեն, ճապաղ բան է ստացվել:



«Ելքը» պահանջում է, որ մարտի 1-2-ի դեպքերից 10 տարի անց ԱԺ-ն քաղաքական գնահատական տա այն օրերի իրադարձություններին: Այդ գնահատականը, մեր կարծիքով, տրվել է: Ես կասեի` գնահատականը դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին է տրվել, երբ իրեն Մարտի 1-ի զոհերի եւ տուժածների իրավահաջորդ հռչակած ՀԱԿ-ը վերցրեց իր 7 մանդատն ու մտավ խորհրդարան: Երեւի ավելորդ չի լինի հիշեցնելը, որ այդ մանդատներից մեկը բաժին էր հասել Նիկոլ Փաշինյանին, որն այնուհետեւ, մեկ տարի չանցած, լքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ճամբարը: Ընդունենք, որ շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի ֆոնին Փաշինյանի անցած քաղաքական ուղին բավականին հետաքրքիր նրբերանգներ է ստանում: Ընդհուպ ստիպում է մտածել, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից առանձնացել է, ով գիտի, ԲՀԿ-ի հետ համագործակցության պատճառով: Բայց այդ դեպքում էլ զավեշտ է, երբ «Ելքը» դիմում է «Ծառուկյան դաշինքին»` ՀՀ նախագահի իր թեկնածուին պաշտպանելու կամ թանկացումների դեմ իր հետ փողոց դուրս գալու խնդրանք-առաջարկով:



Իսկ գուցե իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձում է շոյել Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնասիրությո՞ւնը: Ահա, հայտարարության նախագծում քանիցս հիշատակել է առաջին նախագահի եւ նրա կողմնակիցների անունը: Պատահականությո՞ւն է: Հազիվ թե: «Ելք»-ին խորհրդարանից դուրս դաշնակիցներ են պետք, հասկանալի է, բայց այդ դեպքում ի՞նչ կապ ունեն Մարտի 1-ի զոհերը, որոնց հիշատակը վառ պահողների պակաս մինչեւ «Ելքի» արարումն էլ չկար:



**ՀԳ.** _Ինձ հաճախ են հարցնում` ինչո՞ւ պատգամավոր չես դառնում, չես զբաղվում քաղաքականությամբ: Տեսնել, թե ովքեր են պատգամավոր եւ ասել` բախտ չունեմ, նշանակում է` ոչինչ չասել: Մյուս կողմից էլ` քաղաքականությունից ավելի հետաքրքիր զբաղմունք շատ կա: Օրինակ` քաղաքական գործիչներով զբաղվելը: Վերջերս ամերիկացի մի խոշոր գիտնականի հարցրել էին, թե ինչու է զբաղվում հատկապես այն բզեզների ուսումնասիրությամբ, որոնց սննդի եւ բնակության հարցերում փղի արտաթորանքն անփոխարինելի է: Գիտնականը պատասխանել էր, որ այդ բզեզների կենսակերպը չափազանց հետաքրքիր է, իսկ քաղաքական առումով` նույնիսկ խորհրդանշական: Համընդհանուր քրքջոցի պատճառով գիտնականը չէր կարողացել իր միտքն ավարտել: Ափսոս…_



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**